Վիտամին C-ն մարդու օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է: Մեծահասակ մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ է 40 մգ վիտամին C, որը ստանալու համար սովորաբար մարդիկ ցիտրուսային մրգեր են օգտագործում, սակայն իրականում կան մրգեր ու բանջարեղենի տեսակներ, որոնց մեջ այս վիտամինի պարունակությունը շատ ավելի բարձր է, քան ցիտրուսային մրգերում:
Բրիտանացի սննդաբան Նիկոլա Շուբրուքը ներկայացրել է այս տարրի լավագույն աղբյուրները, որոնք հարկավոր է ներառել ամենօրյա սննդակարգում:
Գուավա
Այս արևադարձային մրգի 100 գրամում պարունակվում է 230 մգ վիտամին C: Այս միրգը կիրառվում է հյութերի, մրգային աղցանների կամ մուրաբաների պատրաստման համար: Մեկ հատ գուավան պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 140%-ը: Բացի այդ, այն հարուստ է մանրաթելերով, վիտամին A-ով, ֆոլաթթվով ու կալիումով:
Սև հաղարջ
Այս հատապտուղը նույնպես հարուստ է վիտամին C-ով: Դրա 100 գրամում պարունակվում է 200 մգ վիտամին C: Ընդամենը մեկ բաժին սև հաղարջը (80գրամ) պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 200%-ը, ինչպես նաև վիտամին A, կալցիում և երկաթ:
Կարմիր պղպեղ
Այս յուրահատուկ բանջարեղենը կարող է կիրառվել ամենատարբեր ուտեստների պատրաստման համար: 100 գրամ կարմիր պղպեղը պարունակում է 126 մգ վիտամին C: Սա նշանակում է, որ մի խոշոր պղպեղի կեսն օգտագործելու դեպքում մարդը կստանա վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը և անգամ ավելի:
Կանաչ պղպեղ
Կանաչ պղպեղը նույնպես հարուստ է այս վիտամինով: Դրա 100 գրամում պարունակվում է 120 մգ վիտամին C: Մի խոշոր պղպեղի կեսը կապահովի օրգանիզմը վիտամին C-ի անհրաժեշտ քանակությամբ, ինչպես նաև A, B6, K վիտամիններով ու մանրաթելերով:
Կիվի
Այս արևադարձային միրգն օգտագործվում է հում վիճակում և ավելացվում է աղցաններին, յոգուրտին կամ սմուզիներին: Դրա 100 գրամում պարունակվում է59 մգ վիտամին C, ինչը նշանակում է, որ մեկ հատ կիվի օգտագործելու դեպքում մարդը կստանա վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի ավելի քան կեսը: Բացի այդ, այս միրգը հարուստ է ոչ պակաս կարևոր վիտամին K-ով և մանրաթելերով: