«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել Հանրային խորհրդի համար ՀՀ վարչապետի աշխատակազմում առանձին ստորաբաժանում։ Այս առաջարկը նախարարությունը քննարկման է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային e-draft.am հարթակում։ Ըստ այդմ՝ փոփոխություններ կկատարվեն «ՀՀ հանրային խորհրդի մասին» օրենքում։ Մեզ հայտնի դարձավ, որ նորաստեղծ ստորաբաժանումը կիրականացնի ՀԽ քարտուղարության գործառույթները։
Ըստ ԱՆ-ի՝ Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Իսկ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Այսինքն, «գրասենյակ» բառը կվերածվի «կառուցվածքային ստորաբաժանում» արտահայտության, քանի որ ՀԽ քարտուղարությունն իրականում գրասենյակի կարգավիճակ չունի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։