ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վտանգավոր զարգացումներ՝ Արցախում․ ինչպես է Մայիլյանը քողարկում իր պարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հինգ օր անց պարզ դարձավ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը կմնա միայնակ։ Ուշագրավ է, որ միայն հինգ օր անց երկրորդ փուլ անցած թեկնածու Մայիլյանը գնահատական հնչեցրեց, որն ուշագրավ շեշտադրումներ ունի։

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը», – հայտարարել է Մայիլյանը։ Ստացվում է, որ Մայիլյանն, ըստ էության, չի ճանաչում ընտրությունների առաջին փուլի արդյունքները եւ իր հիասթափությունն է հայտնում, որ ընտրությունները «նոր Արցախին» չէին սազում։ Նկատենք, որ Մայիլյանի հայտարարությունը հակասում է Արցախի ԱԳՆ հայտարարությանը։ Այս գերատեսչությունը հենց ընտրությունների հաջորդ օրը ժողովրդավարության հաղթանակ բնորոշեց Արցախում կայացած ընտրությունների արդյունքները։ Եվ այս հայտարարությունների ֆոնին ուշագրավ էին նաեւ Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաները եւ դրանց Մայիլյանի աջակիցների, «Նոր Արցախ» դաշինքի ցուցակի տարբեր համարների ներկայությունը։ Ստացվում է, որ Արցախի արտգործնախարարն անձամբ չի ընդունում ընտրությունների արդյունքները, իր մի քանի կողմնակիցների ուղարկում է բողոքի գործողություններ անելու, բայց արտգործնախարարությունը ողջունում է ընտրությունների արդյունքները:

Մայիլյանի հայտարարությունը ուշագրավ է նաեւ մեկ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ նրա ստացած 19360 ձայները իրականում մեծապես իր ձայները չէին, այլ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանինն էին, քանի որ Մայիլյանի գլխավորած ,Նոր Արցախե Դաշինքը չմտավ խորհրդարան, իսկ Բաբայանի գլխավորած ուժը երկրորդ տեղում է ԱԺ-ում։ Իսկ հիմա արդեն Բաբայանը կարիք չունի Մայիլյանի կողքին լինելու, քանի որ արդեն ապահովել է իր ուժի ներկայությունը խորհրդարանում, իսկ միայնակ էլ անիմաստ է պայքար տանել 49 տոկոսից ավել ձայն ստացած թեկնածուի` Արայիկ Հարությունյանի հետ։

Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը չի էլ աջակցելու Արայիկ Հարությունյանին, եւ նա ու երրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը կլինեն խորհրդարանի ընդդիմադիր ուժերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը Մայիլյանը Երեւանում է եղել եւ միայն դրանից հետո՝ հաջորդ օրն է նա նման հայտարարություն արել։ Իսկ ի՞նչ է սպասվում երկրորդ փուլում՝ զուտ իրավական տեսանկյունից։ Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-ն, դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը, սակայն, միայն հայտարարել է իր բոյկոտի մասին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացված չէ։ Սա նշանակում է, որ, չնայած կոչերին, նրա անունն այնուամենայնիվ կլինի քվեաթերթիկում:

Ըստ Արցախի Սահմանադրության՝ երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Այսպիսով, ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, եւ ընտրված կհամարվի թեկուզ մեկ ձայն ավել ստացած թեկնածուն: Եվ ուշագրավ է, որ իր անունով 3305 հավաքած Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին խոսում է ընտրությունների երկրորդ փուլում եւ, որպես պատճառաբանություն, ներկայացնում կորոնավիրուսի համաճարակը, այնինչ առաջին փուլում միայն կոչ էր արել հետաձգել ընտրությունները։ Այսինքն՝ Մայիլյանը հետ կանգնեց պայքարից միայն ընտրությունների արդյունքները տեսնելուց հետո եւ անիմաստ համարելով պայքարն ու կրկին պարտությունը։ Եվ հիմա նրա միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:

Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլ է գնում միայնակ՝ իր դաշինքով, առանց որեւէ այլ ուժի հետ համագործակցության եւ առանց քարոզարշավի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս