ՀՀ իշխանությունների կողմից շարունակվում է տարբեր քրեակատարողական հիմնարկներում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Սակայն ուսումնասիրելով իրավապահների բացահատումները՝ արձանագրում ենք, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց արտոնություն տալիս են բանտերի պաշտոնատար անձինք: Ասել է թե՝ ձուկը գլխից է հոտած:
Իսկ հիմա խոսենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի ապրիլի 3-ին իրավապահները բացահայտում են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով:
Մասնավորապես, մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու համար 9 տարվա ազտազրկման դատապարտված «Վանաձոր» քկհ դատապարտյալ Դավիթ Հակոբյանը, խուլիգանության համար կալանավորված Զորայր Շահվերդյանը, ավազակության համար մեղադրվող Մարտուն Ալեւորյանը եւ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու մեջ մաղադրվող «Վանաձոր» քկհ դատապարտյալ Սամվել Դավթյանը բանտում ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: Եվ, ահա, ստացվում է, որ նրանց արտոնյալ գործողություններին աջակից են եղել բանտի պաշտոնատար անձինք:
Ի՞նչ է եղել ապրիլի 3-ին: ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Գառնիկ Թաթոյանը, որը համակարգում է 2005 թվականից, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապրիլի 2-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, կարգադրել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հովսեփ Դեմիրճյանին բացել բանտի թիվ 23 խցի դուռը եւ կալանավորված անձ Զորայր Շահվերդյանին ուղեկցել թիվ 21 խուց, որտեղ գտնվել է դատապարտյալ Դավիթ Հակոբյանը:
Այնուհետեւ բանտի պաշտոնատար անձ Գառնիկ Թաթոյանի կարգադրությամբ՝ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ՝ Վարդան Հովսեփյանը բացել է բուժմասի թիվ 2 խցի դուռը եւ կալանավորված անձ Մարտուն Ալեւորյանին եւս ուղարկել է թիվ 21 խուց, որտեղ էլ դատապարտյալ Դավիթ Հակոբյանի, Զորայր Շահվերդյանի, Մատուն Ալեւորյանի եւ թիվ 21 խցում տեղաբաշխված դատապարտյալ Սամվել Դավթյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս տվել են անհասցե հայհոյանքներ ու բղավել են միմյանց վրա:
Ստացվում է, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք ստեղծել են պայմաններ, որ «Վանաձոր» ՔԿՀ արտոնյալ կալանավորները հանդիպեն եւ միմյանց հետ հաշիվներ մաքրեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու մասով հարուցվել է քրեական գործ:
Քնար Մանուկյան