Առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները. Սամվել Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի´ արցախցիներ,

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ թե կուլիսային բանակցությունների կամ ստվերային պայմանավորվածությունների, այլ ընտրական արդյունքի վերլուծության հետ:

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների քվեարկության տվյալների համաձայն՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացաված է լինելու ինը պատգամավորական մանդատով:

Նախևառաջ անհատապես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ ինձ և իմ քաղաքական թիմին վստահելու, աննախադեպ ճնշումների պայմաններում սուղ ռեսուրսներով արդյունքներ արձանագրելու համար: Ես և իմ քաղաքական թիմը պատասխանատվություն ենք կրում վստահված և չվստահված յուրաքանչյուր քվերի համար և հավաստիացնում, որ անելու ենք հնարավորը՝ իրագործելու մեր կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը:

Այն, որ ընտրությունները անց են կացվել մրցակցային անհավասար պայմաններում՝ ակնհայտ ընտրախախտումներով, փաստում են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Իրավական այդ փաստաթղթերում արձանագրված ընտրական հանցագործությունների մասին վկայող ստվար մի թղթապանակ մեր կողմից ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այսինքն՝ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները: Սակայն, գիտակցելով պահի վտանգավորությունը՝ բարձր ինտենսիվության համաճարակը, Արցախի պետականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները և խուսափելով արհեստական ցնցումներից, մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները: Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ընտրական գործընթացի խախտումները ոչ թե անհատական մոտեցման արդյունք են, այլ օրենսդրական լրջագույն բացերի հետևանք: Այս իմաստով մենք վերահաստատում ենք սահմանադրական, հետևապես՝ օրենսդրական բարեփոխումների անխուսափելիությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրապայքարը պիտի ընթանար Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի միջև: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես Մասիս Մայիլյանի փաստացի հրաժարվելը ընտրությունների մասնակցությունից՝ կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին կայանալիք ընտրությանը իրենց մասնակցության ձևաչափի վերաբերյալ:




Լրահոս