Ընտրություններից հետո Մայիլյանի հետ փորձել եմ հանդիպել, զրուցել, բայց չի ստացվել․ Սամվել Բաբայանը փակագծեր է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտարարություն է տարածել Արցախի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Միասնական հայրենիք» կուսակցությունը եւ իր աջակիցներին կոչ արել ինքնուրույն որոշում կայացնել՝ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությանը իրենց մասնակցության ձևաչափի վերաբերյալ: Կուսակցության հայտարարության, երկրորդ փուլ անցած թեկնածուներ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի հետ հարաբերությունների ու այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, այսօր տարածած հաղորդագրության մեջ ձեր աջակիցներին կոչ եք արել ինքնուրույն որոշում կայացնել, այնինչ Մասիս Մայիլյանը, ում աջակցում էիք առաջին փուլում, կոչ է արել առհասարակ չմասնակցել քվեարկությանը: Ինչու են տարբերվում Ձեր տեսակետները։

-Խնդիրը նա է, որ ես չեմ գտնում ճիշտ, որ պետք է բոյկոտել քվեարկությունը։ Դրա համար ես թողել եմ ինքնուրույն։  Եթե Մասիս Մայիլյանը չի մասնակցում երկրորդ փուլին, դրա համար մենք մեր թիմակիցներին ասում ենք՝ ինքնուրույն որոշում կայացրեք, ճիշտը դա է։

-Այժմ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Մասիս Մայիլյանի հետ և ճի՞շտ եք համարում նրա դիրքորոշումը՝ առաջին փուլից հետո։

-Հարաբերություններում ոչինչ չի փոխվել, որեւիցէ բարդ բան չկա մեր հարաբերությունների մեջ։ Ես անկեղծ ասեմ, Մայիլյանի հետ չեմ զրուցել, անգամ այդ հայտարարությունը որ արվել է նրա կողմից, ես տեղյակ չեմ եղել։ Ես Ձեր նման հետո եմ տեղեկացել, դրա համար ես այդ որոշումն եմ ընդունել եւ հայտարարել եմ դրա մասին։ Ես տեղյակ չեմ՝ ինչից ելնելով եւ ինչպես նա նման որոշում կայացրեց։

-Եթե չեք զրուցել նրա հետ, ստացվում է՝ ամեն դեպքում ինչ-որ բան է տեղի ունեցել Ձեր միջեւ։

-Ես անկեղծ եմ Ձեզ ասում՝ ոչինչ չի եղել,  թե դուք ինչպես եք որոշում,  որ բան է եղել, ես չգիտեմ, բայց ասում եմ, որ ապրիլի 1-ից ես ցանկացել եմ, փորձել եմ նրա հետ հանդիպել, հասկանալ հետագա քայլերը, բայց այդպես էլ չի ստացվել այդ հանդիպումը։

-Այսինքն, պարոն Մայիլյանի կողմից Ձեզ հետ հանդիպելու որեւէ քայլ չի՞ եղել։

-Կարելի է ասել՝ այո։ Ամեն դեպքում ապրիլի 1-ից հետո չի հաջողվել նրա հետ զրուցել։

-Պարո՛ն Բաբայան, իսկ ինչպիսի հարաբերություններ ունեք երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի հետ։

-Ես միշտ ասել եմ՝ իմ հարաբերությունները բոլորի հետ նորմալ են։

-Չնայած Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ ուշ հայտարարություն տարածելը կապված չէր բանակցությունների հետ, ամեն դեպքում համագործակցություն կարո՞ղ ենք սպասել Արայիկ Հարությունյանի հետ, թե մնալու եք որպես ընդդիմադիր ուժ։

-Ընտրությունները կավարտվի, կիմանանք՝ ով է հաղթել, ինչ է եղել եւ միայն դրանից հետո կորոշենք։ Հիմա ինչ համագործակցության մասին խոսենք, եթե չգիտենք, թե ով է լինելու նախագահը։

-Բայց հաշվի առնելով, որ Մասիս Մայիլյանն ըստ էության պայքարից դուրս է եկել, արդեն պարզ չե՞ն սպասվելիք արդյունքները։

-Խնդիրը նա է, որ Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ երկիմաստություն կա։ Մի կողմից նա կոչ է անում իր կողմնակիցներին չմասնակցել ընտրությունների քվեարկությանը, մյուս կողմից նա միևնույն է՝ մնում է որպես թեկնածու եւ անհասկանալի է՝ ինչ կարող է լինել։ Պետք է մի փոքր զգույշ լինենք։

-Սակայն նկատենք, որ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի համապետական ընտրությունների մասին, Ձեզ եւ Վիտալի Բալասանյանին դիտարկեց որպես ընդդիմադիր ուժ։  Ստացվում է՝ չե՞ք որոշել ընդդիմադիր եք մնալու, թե՞ ոչ։

-Ընդդիմադիր, կամ դիմադիր որակումները չգիտեմ ինչպես են տալիս, ինչից ելնելով։ Ես ասել եմ, ասում եմ եւ նորից կրկնում եմ`մենք իրականացնելու ենք մեր ծրագիրը եւ, եթե առաջարկ ստանանք համատեղել մեր ծրագիրը, որպեսզի այն իրականացնենք, ապա մենք պատրաստ ենք լինելու քննարկելու այդ հարցերը։ Իսկ եթե ոչ, մենք որևիցէ այլ քայլ չենք անելու։ Այսինքն, ամեն ինչ կախված է լինելու ծրագրից, ոչ թե ձևական արտահայտությունով, այլ իրական։ Եթե որևէ քաղաքական թիմ մեզ առաջարկում է իր հետ համագործակցություն եւ ծրագիրը  համատեղել, որպեսզի Արցախում ամեն ինչ լավ լինի, ապա մենք դեմ չենք լինելու։

-Եթե հաշվի առնենք, որ անձամբ Դուք խորհրդարանում չեք լինելու, ապա պատրա՞ստ եք նաև Ձեզ համար պաշտոնի առաջարկ դիտարկել։

-Եթե դրանով որևէ խնդիր լուծվի, համատեղվի և մեծամասամբ ընդունվի այդ ծրագրի գլխավոր կետերը, իհարկե չի բացառվում։

-Ձեր հայտարարության  մեջ նաև նշել էիք, որ կան փաստեր՝ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները, սակայն չեք անում։ Ամեն դեպքում այլ ուժերի կողմից նման առաջարկ ստացե՞լ եք։

-Թող մեծամտություն չհնչի, բայց որևիցէ  մեկը, որևէ քաղաքական ուժի չունի այն փաստաթղթերը, որը մեր ձեռքի տակ են։  Մենք մեծ կազմակերպչական աշխատանք էինք արել մինչև այդ եւ կարող ենք ասել, որ մեր ձեռքի տակ շատ մեծ փաստեր կան այս պահին։ Բայց ելնելով աշխարհում ստեղծված վիճակից, նար մի շարք հանգամանքներից, չէինք ցանկանա նորից ժողովրդին տանել որևէ ցնցումի եւ դա է պատճառ հանդիսացել, որ մենք այդպիսի քայլ չանենք։ Սակայն կրկին նշեմ, որ մենք ունենք բոլոր այն փաստերը, որոնցով կարող էինք դիմել դատարան։ Չգիտեմ՝ ովքեր մեզ պետք է նման առաջարկ անեին, բայց կան ուժեր, որ մեզ են դիմում, որ աջակցենք իրենց, սակայն հարց է ծագում՝ ինչի, ինչ գաղափարների շուրջ։ Եթե երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն իրեն խաղից դուրս է դնում, ապա մյուսները համախմբվում են՝ ի՞նչ անեն, ինչ խնդիր ենք լուծում։ Մեր խնդիրը ժողովրդի կյանքը բարելավելը, սոցիալական խնդիրները լուծելն է եւ մենք համագործակցում ենք միայն ու միայն այդպիսի շրջանակների հետ եւ մնացածը մեզ համար անընդունելի է։

-Այսինքն, անընդունելի են նաեւ ցույցերը որ հիմա անցկացվում են Ստեփանակերտում եւ որին մասնակցում են նաեւ Մայիլյանի աջակիցնները։

-Այո, դա ոչ թե անընդունելի է, այլեւս ես այդտեղ գաղափար չեմ տեսնում։ Իմ կողմնակիցները չեն էլ մասնակցել եւ իմաստ չունի կոչ անել կամ կոչ չանել։

-Ի վերջոմ հաշվի առնելով համապետական ընտրությունների արդյունքները, ինչ կարծիք կհայտնեք՝ Ձեր սպասված ձայներն էին եւ ի վերջո Մասիս Մայիլյանն այդքան ձայն ստացավ Ձեր շնորհիվ, թե ոչ, եթե հաշվի առնենք  նաեւ, որ «Նոր Արցախ» դաշինքն անգամ խորհրդարան չմտավ։

-Անկեղծ ասած, ես չէի ցանկանա այդպես այդ հարցը քննարկել։ Ես չեմ կարող ասել՝ մոտ 17 հազար մեր ձայներից որ մասն են տվել Մայիլյանին, որը չի տվել կամ որ տվել է, ինչու  է տվել։ Մենք մեր թիմակիցներին կոչ էինք արել աջակցել Մայիլյանին, այդ աջակցությունը եղել է պարզ, հստակ՝ առանց հետին մտքերի։ Եվ ինչքանով են տվել կամ չեն տվել, դա էլ արդեն այլ խնդիր է։ Ինչ վերաբերում է մեր  ստացած ձայներին եւ արդյոք այդքան էինք սպասում, թե ոչ, ապա ասեմ՝ ոչ, մենք պետք է ստանայինք ավելին եւ կան այդ փաստերը, թե ինչու պետք է ավելին ստանայինք։ Սակայն մի շարք պատճառներից ելնելով, մարդկանց կարողացել են համոզել, որ ամեն դեպքում մենք չենք գալու, չեն թողնելու եւ մարդիկ ազդեցության տակ են ընկել։ Ամեն դեպքում շնորհակալ ենք բոլորից էլ՝ ովքեր մեզ վստահել են եւ ովքեր չեն վստահել։

-Եվ մեկ հստակեցում, այսինքն, ընտրությունների հենց հաջորդ օրվանից Դուք պարոն Մայիլյանի հետ չեք զրուցել։

-Անկեղծ եմ ասում՝ այո։ Այլեւս չենք զրուցել, որովհետև, եթե որևէ ուժի աջակցում ես եւ այդ ուժը հայտարարությամբ է հանդես գալիս՝ առանց այդ աջակցող ուժի տեսակետն իմանալու, դրանից հետո էլ իմաստ էլ չեմ տեսնում։ Սակայն որևէ խնդիր էլ չկա, որ ասեմ՝ վատ ենք ընդունել։ Դա իրեցն որոշումն է, մենք պարտավոր ենք հարգել այդ որոշումը։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս