Դեռեւս մարտի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում տվեց հանցագործության մասին՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սույն թվականի մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր եւ նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար: Երեկ պարզվեց՝ պատգամավորի դիմումը դատախազն ուղարկել է ՀՀ ոստիկանություն:
Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, թե «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք քաղաքացուց պահանջել են պատասխան տալ իրա ասածների համար եւ սպառնացել, որ կտեսագրեն։ Տեսանյութում խմբի մասնակիցները նշում են նաեւ հետեւյալը. «ՀՀ վարչապետը երբեւիցե ոչ մի հրահանգ ոչ մեկին չի տվել, որ ինչ-որ մեկը վենդետաներ անի, բայց մենք, լինելով ՀՀ քաղաքացի եւ հարգելով մեր վարչապետին, գտնում ենք, որ նման արտահայտություններին պետք է արձագանքենք»։ Վերջում նրանք հավելում են՝ «այս պահը թող բոլորի համար դաս լինի», եւ պնդում, որ հանգիստ ամեն ինչ չէր վերջանալու, եթե քաղաքացին չենթարկվեր։ Ա. Սամսոնյանը հավելել էր, որ «Հեղափոխության պահապաններ» խումբն իր գործողություններով եւ կոչերով իրեն իրավունք է վերապահում պատժել բոլոր նրանց, որոնց վարքագիծը չի համապատասխանի իրենց պատկերացումներին։ Այսպիսով, խմբի անդամները ինքնակամ իրացնում են իրենց ենթադրյալ իրավունքները, որն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 322-ի հանցակազմի տարրեր՝ ինքնիրավչություն: Դիմումը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ ոստիկանություն: Երեկ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց իշխանությունները ինչ կապ ունեն «Հեղափոխության պահապաններ» խմբի հետ, եւ ինչու որեւէ քայլ չեն ձեռնարկում նրանց գործողությունները կանխելու համար:
-Պարո՛ն Հակոբյան, Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ, հեղափոխության մասնակից, ի՞նչ տեղեկություն ունեք «Հեղափոխության պահապաններ» խմբի ներկայացուցիչների վերաբերյալ, ովքե՞ր են իրենք եւ ի՞նչ կապ ունեն հեղափոխության հետ:
-Ես չեմ ճանաչում իրենցից ոչ մեկին, միայն ֆեյսբուքով իրենց գիտեմ, ինչ առնչություն ունեն կամ ինչ առնչություն են ունեցել՝ չգիտեմ, ամենայն հավանականությամբ համախոհ են եղել, մասնակցել են հեղափոխությանը, ինձ թվում է այդքանը, այլ տեղեկություն չունեմ:
-Բայց դա թո՞ւյլ է տալիս, որ հեղափոխության մասնակցած մարդիկ սպառնան այն քաղաքացիներին, որոնք դեմ կարտահայտվեն իշխանությունների վարած քաղաքականությանը:
-Միանշանակ որեւէ մեկին թույլ չի տալիս ոչինչ, որ մարդկանց ահաբեկեն:
–Իսկ Դուք՝ որպես իշխանություն, չե՞ք պատրաստվում քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդկանց չահաբեկեն նմանատիպ մարդիկ:
-Գործն արդեն ուղարկվել է ոստիկանություն, երկրորդ անգամ ինչ-որ բան անել, քայլ անել, չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար:
-Բայց ոստիկանություն գործն ուղարկվել է ընդդիմադիր պատգամավորի դիմումի հիման վրա, մինչեւ այս որեւէ քայլ չէի՞ք ձեռնարկել:
-Իրենք մի անգամ հավաք են արել, ասենք քաղաքացիներ են, իրենց իրավունքն է դա, արել են, ի՞նչ իմաստ ուներ՝ մենք հասկանայինք՝ իրենք ովքեր են, այդպես լիքը մարդ կարող է հավաքներ անել:
-Այդ անձինք ինչ-որ տեղեր են գնում, զանգեր են կատարում, սպառնալիքներ են հնչեցնում, Դուք նման տեղեկություններին նորմա՞լ եք վերաբերվում:
-Մի դեպք է հայտնի, համենայնդեպս ես ուրիշ դեպքի ծանոթ չեմ, այդ դեպքի համար էլ դիմում է եղել դատախազություն: Եթե կան էլի նման տեղեկություններ, ապա չեմ հասկանում, թե դա ինչու չի հրապարակվում. եթե կան տեղեկություններ, բացի այդ հայտնի դեպքից, ապա դրա մասին թող իրավապահներին տեղեկություն տան, հանրայնացնեն այդ տեղեկությունը, թող ասեն, որ այդ մարդիկ զանգել են այս մարդկանց, ահաբեկել են, սպառնացել են:
-Չե՞ք կարծում, որ այս անձանց պահվածքը նաեւ իշխանությունների վարկանիշի վրա է բացասաբար ազդում, ու դուք՝ իշխանության ներկայացուցիչներով անելիք ունեք այստեղ: Դրա մասին ընդդիմություն չէ, որ պետք է անհանգստանա, եթե պնդում եք, որ այդ անձինք իշխանությունների հորդորով չեն նման քայլերի գնում:
-Չեմ կարծում, որ սա իշխանությունների վարկանիշի վրա կանդրադառնա, նորից եմ կրկնում, որ մեծ հաշվով իշխանությունների հետ այդ մարդիկ կապ չունեն: Ուղղակի իրենք ֆեյսբուքում ունեն մի էջ, որի անունը «Հեղափոխության պահապաններ» է, իրենք իրենց տեսակետն են ներկայացնում:
-Բայց, ըստ Ձեզ, հեղափոխությանը ինչ-որ բա՞ն է սպառնում, որ նրանք քայլեր են ձեռնարկում դրա պահպանման համար:
-Դա այդ խումբը բացվել է այն ժամանակ, երբ շատ խոսվում էր հակահեղափոխության մասին, իրենք էլ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոշեցին նման ձեւով հակադարձեն այդ հակահեղափոխականներին: Իշխանությունը կարիք չունի ֆեյք էջեր ունենալու, ինչպես հայտարարում է ընդդիմությունը: Սա ռեալ մարդիկ են: Ինձ համար յուրաքանչյուր սպառնալիք դատապարտելի է, եթե գնում են մարդուն սպառնում են ինչ-որ բանում, դա ինձ համար դատապարտելի է, դա ում կողմից արված լինի: Սպառնալիքները ընդունելի չեն եւ դատապարտելի են:
-Իսկ ինչպե՞ս այս հարցը կհանգուցալուծի ոստիկանությունը: Ըստ Ձեզ՝ կլինե՞ն պատժվողներ:
-Չգիտեմ, ես որեւէ բան չեմ կարող ասել, հարցը իրավական ոլորտում է, ես ակնկալում եմ անաչառ քննություն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ