Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական
խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական
խնդիրների լուծումները:
Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած
9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և
սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի
մշակման ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ շահագրգիռ գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են
ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ավարտել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիոն կարգի հաստատման աշխատանքները, որպեսզի շահառուները կարողանան հնարավորինս շուտ օգտվել այդ օժանդակությունից:
Հաջորդիվ քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած՝ տնտեսության
տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերին օժանդակելու առաջարկները: Մտքերի փոխանակության ընթացքում
արծարծվել են առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, պետություն-մասնավոր գործընկերության (PPP)
սկզբունքի ներքո նպատակային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, չափանիշներին, հնարավոր ռիսկերի
կառավարման գործիքակազմին առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք գաղափարներ:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին քննարկման արդյունքներով ներկայացնել ներդրումային
ծրագրերի աջակցության սցենարներ՝ ոլորտների, չափորոշիչների և սահմանափակումների հստակ սահմանմամբ: