ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չեն էտվում ծառերը. կորոնավիրո՞ւսն է մեղավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել: Պատճառն այն է, որ դրանցից կա՛մ միջատներ, կա՛մ էլ խեժանման նյութ է թափվում: Բուսաբան Մարինա Օգանեսովան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ խոնավ եղանակը, հորդառատ անձեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում: Այդ միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում:

Մասնագետների խոսքերով` դրա միակ լուծումը քիմիական պայքարն է, քանի որ միայն ծառերը սրսկելու միջոցով է հնարավոր վերացնել լվիճները: Հակառակ դեպքում, մասնագետների պնդմամբ, սկզբում տերեւները, հետո ծառերը կփչանան, հիվանդություններ առաջ կգան: Օրինակ` այդ միջատները հիմնականում թեղի կոչվող ծառատեսակի վրա են բազմանում: Դրանք արագ բազմանում են, եւ արդեն հուլիսի վերջերին տերեւները կերած են լինում: Այս ընթացքում Երեւանում եւս սրսկման աշխատանքներ չեն իրականացվում, իսկ երեւանցիները դարձյալ մտահոգվում են՝ այս տարի էլ են շիրանման նյութերի տակ զբոսնելու, նստելու: Հիշենք՝ քաղաքապետարանի՝ լվիճների դեմ այդ պայքարը 2018 թվականին ուշացավ, ծառերը այդ տարի այդպես էլ չբուժվեցին, իսկ քաղաքային իշխանությունն իր անգործությունը փորձեց արդարացնել թավշյա հեղափոխությամբ: Արդյոք քաղաքապետարանն անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում է այս ընթացքում, թե ոչ։ Այս հարցով դիմեցինք

Երեւանի քաղաքապետարան, որտեղից փոխանցեցին, որ Երեւանում ծառերի սաղարթի ձեւավորման աշխատանքները սկսվել են այս մարտի 8-ից եւ կավարտվեն ապրիլի 10-ին, իսկ ծառերի վնասատու միջատների դեմ թունաքիմիկատներով մշակման աշխատանքները կսկսվեն ապրիլի 10-ից եւ կավարտվեն մինչեւ մայիսի 10-ը: Ի դեպ, էտման աշխատանքներ այս օրերին քաղաքի ոչ բոլոր վարչական շրջաններում կարելի է տեսնել։ Իսկ եթե վարչական շրջանում էտման աշխատանքներ իրականացվում են, ապա դրանից հետո օրերով մայթերին թափված են մնում էտված ճյուղերը, որը շատ փնթի տեսք է հաղորդում։ Իսկ ինչ վերաբերում է ծառերի բուժմանը, ապա մեզ մնում է հետեւողական լինել՝ պարզելու համար՝ քաղաքապետարանի այս տարվա բուժման մեթոդներն անարդյունավետ են լինելու, թե նախորդ տարիների նման լվիճների հետ ենք քայլելու մայթերին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս