«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուսումնասիրելով 2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ ՀՔԾ գործողությունները, եկել է այն եզրակացության, որ իրականում 2019 թվականի մարտի 16-ին քրեական գործ է հարուցվել լրատվամիջոցի կամ լրագրողի կողմից մասնագիտական գործունեության իրականացման՝ հոդվածի հրապարակման փաստով, այլ ոչ թե հատուկ սուբյեկտի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու փաստով: Խոսքը վերաբերում է «Մարտի 1»-ի գործով որոշ ներկա եւ նախկին պաշտոնյաների ցուցմունքների հրապարակմանը։ Բանն այն է, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործ էր հարուցվել՝ իբր թե նախաքննական գաղտիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելու համար։ Եվ, ահա, ՄԻՊ-ը եւս եզրակացրել է, որ ՀՔԾ-ի ձեւակերպումներն իրականում խնդրահարույց են եղել։ «Պաշտոնական հաղորդագրությունից կարող է ենթադրություն արվել, որ քննության ուշադրության կենտրոնում գտնվում է առաջին հերթին մասնագիտական գործունեություն իրականացնող տվյալ զանգվածային լրատվության միջոցը: Դրանից բացի, նման պայմաններում անմեղության կանխավարկածի օրենսդրական ձեւակերպման մեխանիկական շարադրումը հրապարակման վերջում տեղադրելը դեռեւս բավարար չէ սահմանադրական այդ երաշխիքի պահպանման տեսանկյունից: Ավելին, կոնկրետ հայտարարության համատեքստում պարզ էլ չէ այդ երաշխիքի մեջբերման նշանակությունը», – նշված է ՄԻՊ եզրակացության մեջ:
Այնուհետեւ ՄԻՊ Արման Թաթոյանն իր զեկույցում անդրադառնում է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների վերծանմանը եւ խմբագրություն ներխուժման փաստերին։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին անհայտ անձինք ներխուժել էին օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել այն եւ հեռացել։ Թաթոյանը ընդգծում է, որ այս հարցով համապատասխան դիմումներ է ներկայացրել Ոստիկանություն։ Այսպիսով, արձանագրենք, որ որքան էլ ՀՔԾ-ն փորձում էր մեր հրապարակումները որակել որպես նախաքննական գաղտնիք` ներկայացնելով անթույլատրելի արարք, Արման Թաթոյանն ամեն դեպքում արձանագրել է, որ դա ավելի շատ ուղղված էր լրատվամիջոցի դեմ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։