«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն գործում է քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։ Այս ծրագրի աշխատանքները համակարգելու է հենց պարետատունը։ Իսկ ընթացակարգն այսպիսին է լինելու. վարակակրի հետ շփված քաղաքացին հաղորդագրություն է ստանալու մեկուսանալու մասին, նրան է ուղարկվում նաեւ այն հղումը, որով կիրառվելու է ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու եւ ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու եւ փոխանցելու ծրագիրը։
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում եւ սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց առանց տվյալները մշակելու իրավունքի: Նկատենք, որ այս հարցը խորհրդարանում թերեւս ամենաբուռն քննարկվողներից է եւ խորհրդարանում երկու ընթերցում էլ անցել է միայն իշխանական խմբակցության ջանքերով։ Սակայն հիշեցնենք, որ այս նախագիծը ստիպված երկու անգամ խորհրդարան բերեցին, քանի որ առաջին անգամ այն տապալվել էր արդեն իշխանական խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։