ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ 30 ՕՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց: Մասնավորապես, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ, կոնորավիրուսի հետ կապված, իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձեւավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը եւ ռազմավարությունը պետք է լինի հետեւյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք եւ ձեւավորենք, այսպես ասած, ազատ եւ անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաեւ հետեւելով իրադարձություններին», – ասաց Փաշինյանը: Վարչապետի այս հայտարարությունը կարող է երկիմաստ ընկալվել՝ կա՛մ խոսքը  պարզապես կորոնավիրուսային իրավիճակին է վերաբերում, կա՛մ էլ հենց արտակարգ դրությանը:

Ամեն դեպքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տեւել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,-ասվում է հոդվածում: Միեւնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, եւ կրկին՝ 30-օրով։

 

 

 

Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, եւ երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներսում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նաեւ զրույցների ժամանակ պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել: Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը քննարկել էր դեռ խմբակցության մարտի 21-ին կայացած նիստում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ ԱԺ խորհրդի երեկվա նիստն է մի քանի րոպե տեւել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն ներկայացրել է հերթական նիստերի օրակարգը, որը հաստատվել է առանց հարցերի կամ ելույթների: Հավելենք, որ այսօրվա նիստի օրակարգում լինելու են երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, որոնց քննարկումը հիմնականում ժամանակատար չէ: Խորհրդարանի քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթթինգի նախագիծ անվանումը:

 

 

 

 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ:  Ըստ մամուլի հրապարակումների՝ նա եւ տեղակալ Մենուա Հովսեփյանը առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որեւէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը  ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել: Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպքեր են եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ:  Սակայն սա էլ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաեւ  2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, եւ իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝  պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ:  Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում:

 

 

 

 

 

Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, անկումը կազմել է 19.2 տոկոս: Այս տարվա հունվարին պակասել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 18.2 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, 17.4 տոկոսով նվազել են: Այսինքն` այս տարվա հունվարին տաքսիներից օգտվել է 288 հազար 900 մարդ: Մանագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Փոխարենը 0.7 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ  նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 27.5 տոկոսով նվազել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է, որով ուղեւորափոխադրումները, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 4.8 տոկոսով: Մյուս կողմից՝ նկատենք, որ քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է օգտվել մետրոյից, քանի որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:

 

 




Լրահոս