Մյուս շաբաթ՝ մարտի 31-ին, Արցախի հանրապետությունը պատրաստվում է ընտրել նախագահ եւ նոր խորհրդարանի կազմ: Կարելի է ասել՝ Արցախում հիմնականում կենտրոնացել են նախագահի ընտրության ուղղությամբ ու քարոզարշավի բուն թեման նախագահի ով լինելն է: Հիշեցնենք, որ նախագահի համար առաջադրվել է 14 թեկնածու: Այսպիսով, նախագահական ընտրություններին մասնակցելու են «Անկախության սերունդ» կուսակցության թեկնածու Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, Արցախի պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Հայկ Խանումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից Արայիկ Հարությունյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունի Վահան Բադասյանը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։
ՀՅԴ Արցախի կառույցի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է Արցախում, քարոզարշավ իրականացնում են, թե ոչ, ու ինչու են լարվել թեկնածուների հարաբերությունները:
-Պարո՛ն Իշխանյան, քարոզչություն իրականացնո՞ւմ եք մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված: Ի՞նչ վիճակ է այժմ Արցախում, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
-Այս պահին էլ ես հանդիպումների եմ, Շուշիի շրջանում եմ, հանդիպումների ձեւաչափը, բնական է, փոխված է, բացօթյա հանդիպումներ ենք ունենում: Երբ որ եղանակային պայմանները ժպտում են, քաղաքական պայմաններն էլ կարողանում ենք ապահովել: Բայց ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետ կապված, այսպես ասած, բաներ կան, որ ձեւափոխությունների է ենթարկվել. բարեբախտաբար, դեռեւս Արցախում վիրուսի դեպք չի գրանցվել: Ընդհանուր ընթացքը դեռեւս պահպանվում է՝ ընտրությունների նախապատրաստական փուլի եւ քարոզարշավի հետ կապված:
-Ի՞նչ փոփոխություններ եք կատարել՝ հանդիպումների հետ կապված:
-Ձեւի փոփոխություն է կատարվել, ոչ բովանդակության, բացօթյա հանդիպումներ են լինում բնակիչների հետ: Արցախցիների համար հետաքրքիր է իրենց ապագայի հետ կապված յուրաքանչյուր թեկնածուի ծրագիրը, մեր պարագայում մենք տեսնում ենք, որ «Դաշնակցության» նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ հատկապես հաշվի առնելով, որ իրենք ինչ-որ ներքին զգացողություն ունեն «Դաշնակցության» դերի բարձրացման եւ ավելի մեծ պատասխանատվություն ունենալու: Սա զգացական է:
-Այս ժամանակահատվածում, կարծես թե, Արցախում լարվածությունը մեծացել է, թեկնածուների շրջանում մրցակցությունը դարձել է անկառավարելի: Դուք նկատո՞ւմ եք այդ լարվածությունը, եւ, ըստ Ձեզ, ինչի՞ց է սկսվել այն:
-Մամուլից դատելով՝ այո: Մամուլում հրապարակված տարբեր տեսակետներից, դիրքորոշումներից, այո, լարվածություն կա, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ընտրության այդ լարվածությունը բնորոշ է, այս փուլում՝ քարոզարշավի ընթացքում, եւ ընտրությունների նախօրյակին:
-Տեսակետ կա, որ Արցախի նախագահի ընտրությունները կանխորոշված են, եւ պայքարն ընթանում է երկու թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ: Ըստ Ձեզ՝ նախագահի ընտրությունների ելքն արդեն որոշվա՞ծ է:
-Մամուլն էլ ուղղորդում է, եւ նաեւ հավելյալ անուններ են շրջանառության մեջ դնում, որ միայն Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայլիյան, բայց այդ առումով, կարծում եմ, մրցակցությունը բոլորի միջեւ է ընթանում: Ես կարծում եմ՝ մրցակցություն կա բոլորի միջեւ:
-Ձեզ ուժեղ մրցակից ո՞ր թեկնածուին եք համարում, արդյոք կա՞ մի թեկնածու, ով առավել լավ ծրագիր ունի, քան Ձեր ծրագրերն են՝ Արցախի Հանրապետության հետ կապված:
-Ես բոլոր թեկնածուներին էլ համարում եմ արժանի եւ ուժեղ թեկնածուներ ու կարծում եմ՝ ընտրությունների արդյունքները դա ցույց կտան: Համենայնդեպս, մենք անհատական գնահատումներից եւ անհատական պատկերացումներից դուրս ենք, մենք ունենք մեր գաղափարական եւ քաղաքական սկզբունքները ու դրանով էլ մենք առաջնորդվում ենք:
-Ըստ տեղեկությունների՝ Արցախի համապետական ընտրություններում դիտորդների, լրագրողների թիվը քիչ է լինելու՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետ: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք, արդյոք դիտորդներ չե՞ն լինելու Արցախում, ու, ըստ Ձեզ, այն ի՞նչ ազդեցություն է ունենալու ընտրությունների ընթացքի վրա:
-Ես որքան տեղյակ եմ, օտարերկյա դիտորդների որոշ ներկայացուցիչներ հրաժարվել են եւ տեխնիկական պատճառներով չեն կարող ներկա գտնվել Արցախի ընտրությունների ժամանակ, բայց չեմ կարծում, թե դիտորդական առաքելություն իրականացնող ներկայացուցիչները կարող են այս կամ այն առումով էական ազդեցություն ունենալ թափանցիկ կամ ոչ թափանցիկ ընտրությունների վրա: Մեր ընտրական մեխանիզմները տասնամյակների ընթացքում հղկվել են, ձեւավորվել են, ու որեւէ կասկած Արցախում տեղի ունենալիք ընտրությունների վրա չպետք է ունենան:
-Ընտրության նախօրեին Արցախում ընտրակաշառք բաժանվելո՞ւ է որեւէ թեկնածուի կողմից, ի՞նչ եք Դուք կարծում:
-Գիտեք, կաշառք հասկացությունը ընդհանրապես հարաբերական հասկացողություններ են, եւ այդ առումով կան տարբեր տեղեր, այսպես տարբեր դրսեւորումներ, այնպես որ, ես կարծում եմ, որ Արցախում, ինչպես որ անցյալում, ուղղակիորեն ընտրակաշառք անմիջական հասկացողությունը դուրս է մեր պատկերացումներից: Բայց տարբեր ծրագրերի եւ խոստումների առումով շատ հոգեհարազատ է, եւ երբեմն-երբեմն այդ նյութական խոստումները իր ազդեցությունն է թողնում:
-Արցախում նախագահի ընտրության երկրորդ փուլ կանխատեսո՞ւմ եք:
-Հավանականությունը մեծ է՝ դատելով թեկնածուների մեծ թվից:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՇԱՏ ՆԱԽԱԳԾԵՐ ՉԿԱՆ
Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել, որպեսզի, ինչքան հնարավոր է, խորհրդարանի աշխատանքները շուտ ավարտեն՝ արտակարգ դրությունը եւ նույն տարածքում շատ մարդկանց թիվը չգերազանցելու պահանջը պահպանելու համար: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները դեռեւս շաբաթ օրը՝ մարտի 21-ին, խմբակցության նիստում քննարկել են այս հարցը ու որոշել են ամեն ինչ անել նիստերը արագ կազմակերպելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ խորհրդի նիստը եւս տեւել է մի քանի րոպե: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԱԺ հերթական նիստի օրակարգը, այն հաստատել են խորհրդի անդամները եւ հեռացել խորհրդարանից: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն ՀՀ Սահմանադրությունում պահանջ կա, որպեսզի այդ դրության պայմաններում եւս խորհրդարանը աշխատի:
Եւ միայն դա է պատճառը, որ հայրենի խորհրդարանականները Աժ օրակարգ են ձեւավորել ու փորձելու են նիստերն անցկացնել: Մենք տեղեկացանք նաեւ, որ այսօր մեկնարկող նիստին հիմնականում լինելու են երկրորդ ընթերցմամբ նախագծեր, որոնք հիմնականում ժամանակատար չեն:
Խորհրդարանի քննարկվող հիմնական նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, օրակարգի 21-րդ հարցն է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը: Բանն այն է, որ այս փաթեթն իրենից ներկայացնում է, այսպես ասած, դատական համակարգի վեթթինգը, որը դեռեւս նախորդ տարվանից նախաձեռնել էին հայրենի իշխանությունները, ու այն առկախվել էր ու տեղից չէր շարժվում: Հիմա իշխանությունները նախագծին ընթացք են տվել, ու այն արդեն այսօրվա խորհրդարանի օրակարգում է:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
14 ՕՐ ԱՆՑ
Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ շաբաթ ժամանակ: Եվ որքան մոտենում է ընտրության օրը, այնքան ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ նախագահական ընտրությունների ելքը որոշվելու է երկրորդ փուլում: Ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնի համար կպայքարի 14 թեկնածու, եւ հիմնական հավակնորդներ են համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ում պաշտպանում է Սամվել Բաբայանը: Այսպիսով, ո՞ր դեպքում կարող է երկրորդ փուլ լինել, եւ ի՞նչ է սպասվում դրանից հետո: Արցախի Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ երկրորդ փուլ կարող է անցնել միայն երկու թեկնածու: Եթե թեկնածուներին կողմ չի քվեարկել ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այնպես որ, Արցախում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Ո՞Վ ԿՔՆՆԻ
Հետախուզման մեջ գտնվող դատավոր Սամվել Ուզունյանին առնչվող քրեական գործը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, ինքնաբացարկ է հայտնել նախկին դատավոր Սամվել Ուզունյանին առնչվող գործով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին կաշառքի գործով մեղադրանք էր առաջադրվել: Նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Արդյունքում, ՀՔԾ-ն կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին եւս մեղադրանք էր առաջադրել եւ գործը ուղարկել էր դատարան, իսկ, ահա, Ուզունյանին դեռ փնտրում են ու փնտրում: Եվ, ահա, գործը մակագրվել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, որը, բացի այս աղմկահարույց գործից, այլ աղմկահարույց քրեական գործեր եւս քննում է: Մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի մասով հարուցված քրեական գործը մակագրվել է դատավոր Գրիգորյանին: Նշենք, որ երիտասարդ դատավորը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ սկսեց քննել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների քրեական գործը: Ավելին, 2020 թվականին դատավորի հետ ուշագրավ դեպք եղավ. նա, արձակուրդից վերադառնալով, նկատել էր, որ իր աշխատասենյակի պատուհանին կրակել էին, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ: