«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է համաշխարհային աստղերի, որոնք վերջին շրջանում վարակվել են կորոնավիրուսով: Նրանց բոլորին միավորում է լավատեսությունը. աստղերը ե՛ւ սթափության կոչ են անում, ե՛ւ միեւնույն ժամանակ վստահեցնում, որ հիվանդությունը բուժելի է, եւ խուճապի մատնվելու կարիք ամենեւին չկա: Նրանք բոլորը ժամանակին ինքնամեկուսացվել են: Վարակված շոու-բիզնեսցիների թվում էլ կան խոցելի՝ 60-ն անց տարիքային խմբին պատկանող անձինք:
Թոմ Հենքս
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել էր, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: Նրանք անմիջապես ինքնամեկուսացվելու որոշում էին կայացրել: Հենքսն ու կինը այդ ժամանակ գտնվում էին Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա: Հիմա արդեն հայտնի է, որ բուժում անցնելուց հետո նրանք դուրս են գրվել Ավստրալիայի հիվանդանոցից: Հենքսի որդին՝ Չեթ Հենքը, Instagram-ում գրել է. «Նրանց դուրս են գրել հիվանդանոցից, սակայն դեռ կարանտինում են ու շատ ավելի լավ են զգում»:
Իդրիս Էլբա
Բրիտանացի հայտնի դերասանի մոտ թեեւ չէին հայտնաբերվել ախտանշաններ՝ ջերմություն կամ այլ գանգատներ, կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել: Կասկածները, որ ինքը վարակվել է, ծագել էին այն բանից հետո, երբ դերասանը պարզել էր, որ շփում էր ունեցել ախտահարված անձի հետ: Էլբան կամավոր կերպով կարանտինի էր անցել:
Քրիսթոֆեր Հիվյու
«Գահերի խաղը» հայտնի սերիալի դերասանը եւս վարակվել էր կորոնավիրուսով: «Ես եւ ընտանիքս ինքնամեկուսացվել ենք, ինչպես կարգն է պահանջում: Երբեք չընկճվեք, մենք կարող ենք միասին պայքարել վիրուսի դեմ եւ կանխել մեր հիվանդանոցներին ու ամբողջ առողջապահության համակարգին սպառնացող ճգնաժամը», – գրել էր նա: Ամեն դեպքում, Հիվյուն հատկապես խոցելի խմբերին կոչ էր արել սթափ լինել, հաճախ լվանալ ձեռքերը, մարդկանց հետ շփվելիս պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն, հարկ եղած դեպքում ինքնամեկուսացվել:
Ռեյչլ Մեթյուզ
«Ուրախ մահվան օր» ֆիլմից, «Բաթվումն» սերիալից հայտնի ամերիկացի դերասանուհի Ռեյչլ Մեթյուզը Instagram-ում հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Սկզբում նրա մոտ առկա էր գլխի եւ կոկորդի ցավ, ապա դերասանուհին ախորժակի կորուստ էր ունեցել: Ռեյչլ Մեթյուզը եւս ժամանակին անցել էր կարանտինի:
Օլգա Կուրիլենկո
Ուկրաինական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Օլգա Կուրիլենկոն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ արդեն բուժվել է նոր տեսակի կորոնավիրուսից։ Աստղը պատմել է հիվանդության ընթացքի մասին։ Նրա խոսքով՝ առաջին շաբաթվա ընթացքում ինքազգացողությունը շատ վատ է եղել, բարձր ջերմության հետեւանքով ստիպված է եղել պառկած անցկացնել ամբողջ օրը։ Կուրիլենկոյի մոտ անհաղթահարելի հոգնածություն եւ գլխացավ է եղել: Արդեն երկրորդ շաբաթվա ընթացքում դերասանուհու ջերմությունն անցել է, սակայն թեթեւ հազ է ունեցել: Նա նշել է, որ ապաքինվելուց հետո ավելի է արժեւորել կյանքը, որոշել է ժամանակ անցկացնել ընտանիքի, մասնավորապես՝ որդու հետ:
Պլասիդո Դոմինգո
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վերջերս հայտարարել է, որ վարակված է կորոնավիրուսով: «Կարծում եմ, իմ բարոյական պարտքն է հայտնել, որ ես COVID-19 կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեմ: Իմ ընտանիքն ու ես գտնվում ենք մեկուսացման մեջ, քանի դեռ այն անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից»,- գրել է երգիչը ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Քիչ չեն եղել նաեւ այն աստղերը, որոնց մեկուսացրել են՝ որպես պոտենցիալ վարակակիրների, սակայն հետագայում նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
«ՄԵՆՔ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՇԱՏ ՄԻԱԲԱՆ ԵՆՔ»
«Ամենեւին խուճապի մատնվել պետք չէ, հարկավոր է ինքնամեկուսացվել, բայց դա չի նշանակում, որ պետք է փակվել տանն ու ոչնչով չզբաղվել: Ես, օրինակ, մեկնել եմ հայրական գյուղ, ընկերներիս՝ Արմեն Վարդանյանի եւ Դավիթ Թադեւոսյանի հետ արդեն երկրորդ ներկայացմանս սցենարն ենք գրում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը:
Նրա համոզմամբ՝ այս օրերին հայ ժողովուրդը դրսեւորվում է իր լավագույն որակներով. «Մենք՝ հայերս, երբ հասկանում ենք, որ դանակը հասել է ոսկորին, միաբանվում ենք, հրաշալի ինքնակազմակերպվում: Իրոք, վերջին տասը օրվա ընթացքում կարողացանք մեկս մյուսիս թեւ ու թիկունք լինել: Գուցե նաեւ դա էր պատճառը, որ մեր երկրում կարողացանք արդեն կորոնավիրուսի տարածման օջախներից մեկը փակել: Թե՛ կառավարությունը, թե՛ ժողովուրդը ամեն մեկն իր տեղում լավ է դրսեւորում իրեն: Վստահ եմ, որ շուտով այս ամենը դառնալու է անցյալ, մենք անցնելու ենք մեր բնականոն կյանքին եւ հաջողությամբ հաղթահարելու ենք խնդիրը»:
Դերասանը ինքնամեկուսացման պահին անգամ փորձում է լավատես լինել: Նա ժամանակն օգտագործում է մտերիմների, ընտանիքի անդամների հետ շփվելու, սիրելի գործով զբաղվելու համար. «Հասկացա, որ կարոտել էի ընտանիքիս, հիշեցի, որ տնական կերակուրը համեղ է… Այնքան մանրուքներ կան, որոնք սովորական օրերին անտեսում ենք, իսկ հիմա արդեն դրանք այլ լույսով ներկայացան մեզ, եւ սկսեցինք գնահատել մեր ունեցածը, վերարժեւորել մեր կյանքը»,- եզրափակեց Ռաֆայելը: Նա կոչ արեց մնալ տանը, հետեւել արտակարգ դրությամբ պայմանավորված ցուցումներին, կրել սոցիալական պատասխանատվություն դիմացինի նկատմամբ:
Ա. ԱՆՏՈՆՅԱՆ
ԹԻՄ ԿՀՐԱՎԻՐԻ
Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել գերմանական «Բորուսիա Դորտմունդի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։ Աղբյուրը հավանական տրանսֆերի մասին այլ մանրամասներ չի հաղորդում։ Հիշեցնենք, որ Հալանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Զալսբուրգից» տեղափոխվել գերմանական ակումբ։ «Մեղուների» կազմում անցկացրած 11 խաղում Հոլանդը դարձել է 12 գոլի հեղինակ։
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցվել է Լա լիգայի եւ Իսպանիայի Թագավորական գավաթի խաղարկությունները COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Դադարեցված են նաեւ Իսպանիայի ցածր դիվիզիոնների առաջնությունները Հավելենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 29.000-ը, իսկ մահացածների թիվը հասնում է 1813-ի:
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Անգլիական «Պորտսմուտի» ֆուտբոլիստ Շոն Ռագեթը, ով վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, պատմել է, որ շոկի մեջ է այդ փաստից, քանի որ վարակի եւ ոչ մի ախտանշան չի ունեցել. «Ես ճնշված եմ։ Ես չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ իմ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, քանի որ վարակի ախտանշաններ չեմ ունեցել, ու իրականում սա շատ սարսափելի է»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Sun-ը։ Հիշեցնենք, որ «Պորտսմուտում», բացի Ռագեթից, կորոնավիրուսով են վարակված եւս 2 ֆուտբոլիստ՝ Էնդի Քենոնն ու Ջեյմս Բոլթոնը։
«ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ»
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգսը, ով այժմ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչն է, խոսել է աշխարհում տարածված COVID-19 կորոնավիրուսի եւ Եվրոպայի 2020 թվականի առաջնության հետաձգման մասին. «ՈւԵՖԱ-ն 100%-ով ճիշտ որոշում է կայացրել՝ հետաձգելով «ԵՎՐՈ-2020»-ը։ Ազգային հավաքականները գլխավորող մարզիչների համար դժվար է նոյեմբերյան խաղերից հետո, քանի որ ֆուտբոլիստներին չենք տեսնում մինչեւ մարտ։ Ակնհայտ է, որ հիմա դա ավելի երկար կլինի, բայց սա երկրորդական է, որովհետեւ կա մարդկանց առողջության խնդիրը։ Մենք կարող ենք վերադառնալ ֆուտբոլ եւ, ընդհանրապես, սպորտ միայն այն ժամանակ, երբ համոզված կլինենք, որ ամեն ինչ նորմալ է։ Պարզապես պետք է հուսանք, որ այդ ամենը կլինի սպասածից ավելի շուտ, իսկ հիմա առաջին հերթին հարկավոր է մտածել այս վարակից ազատվելու եւ կրկին նորմալ կյանքով ապրելու մասին»,- Գիգսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ Հիշեցնենք, որ «ԵՎՐՈ-2020»-ը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ