ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են։ Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ քաղաքացիական եւ վարչական գործերով հակասում են միմյանց: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝  մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: Իսկ, ահա, մյուս թիմում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանը, Էդգար Սեդրակյանը, ԲԴԽ անդամի մյուս դատավոր թեկնածու Արտակ Բարսեղյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Եվ, ահա, դատական համակարգում դատավորների՝ թիմի բաժանվելը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրինակ, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական եւ վարչական գործ, եւ Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետեւանքով յուրաքանչյուր թեւ տարբեր կարծիք է հայտնում, այս ներքին տարաձայնություննների հետեւանքով էլ վերջնական որշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից: Ավելին, դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետեւանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում։ Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի անցել է, եւ ներքին հակասությունների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների պատճառով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի:

 

 

 

Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, ետ են կանգնել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտքից, որը ենթադրում էր արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Գաղտնիք չէ, որ ԶԼՄ-ները այդ կազմակերպությունների գովազդներով են իրենց թափանցիկ ֆինանսական հոսքերն ապահովում: Թե ինչու են իմքայլականները որոշել նման քայլի դիմել, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանից պարզել, սակայն Մանուկյանը կտրականապես հրաժարվում է օրենքի նախագիծը մեկնաբանելուց: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե քննարկումներ են ընթանում, եւ փոփոխություններ կլինեն։ «Հիմա մենք լսում ենք լրատվամիջոցներին եւ հասկանում ենք, որ դա նաեւ էական եկամտի աղբյուր է լրատվամիջոցների համար, եւ այդ մասով եւս մենք պատրաստվում ենք վերանայել նախագիծը: Այսինքն՝ մեզ համար կարեւոր է, որ չխաբեն մարդկանց այդ կազմակերպությունները գովազդի միջոցով, եւ ինչպիսին կլինի սահմանափակումը, ապա սա քննարկումների միջոցով, նաեւ լրատվամիջոցների հետ քննարկումների միջոցով կգանք ընդհանուր եզրակացության», – նշեց Կարապետյանը:

 

 

 

ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին: Երեկ ԱԺ նիստը թեժ էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացի իր վրդովմունքը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարատեսակ հարցադրումներով, նույնաբովանդակ խնդիրների մասին խոսեցին, առանց հստակ լուծումների բանալիները մատնանշելու առողջապահության նախարարից պահանջում էին աշխարհում կիրառվող ռապիդ թեսթեր: Իշխանական պատգամավորները լուռ էին, ԱԺ ղեկավարությունը հանդարտեցնող տակտիկա էր բռնել, եւ այս խառնիճաղանջ ու հախուռն «արտակարգ» մթնոլորտում միակ շնորհակալությունը ԱԺ-ում բաժին հասավ Արայիկ Հարությունյանին ընդդիմադիր պատգամավոր Աննա Կոստանյանից՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար: Իսկ, ընդհանուր առմամբ, եթե բնութագրելու լինենք, պետք է նկատել, որ պատգամավորների հարցերը կրկնվում էին. այն, ինչ հարցնում էին արտակարգ դրություն հայտարարելու օրը հրավիրված նիստի ժամանակ, երեկ խմբագրված կամ վերախմբագրված էին հնչում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով: Բանն այն է, որ Արամ Վարդանյանի պաշտպանները ոստիկանների գործողությունների մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ոստիկանների գործողություններին Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական եւ ընթացք տա: Դատախազությունում Արամ Վարդանյանի պաշտպանների դիմումի մասով եղել է քննարկում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է քննարկումը: Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»: Հավելենք, որ մարտի 5-ին՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ հարձակվել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։

 




Լրահոս