Արցախում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։ Եվ որքան մոտենում են ընտրությունները, այնքան այնտեղ կրքերն ավելի են թեժանում։ Կարծես թե ուրվագծվող կանխատեսումները հանգիստ չեն տալիս խժդժությունների կողմնակից հատվածին:
Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուները Արցախում 14-ն են, սակայն ի սկզբանե էլ, որպես հիմնական ֆավորտիներ, նշվում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անունները։ Շատ հարցումների արդյունքներով հենց նրանք են առաջատարները, չնայած այս օրերին ներկայացվում են նաեւ այլ հարցումներ՝ փորձ անելով այլ թեկնածուների եւս որպես առաջատարներ ներկայացնել` ի դեմս Վիտալի Բալասանյանի։
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը առաջին օրից եղել եւ շարունակում է մնալ հիմնական ֆավորիտը` չնայած հակառակորդների կողմից բազմաթիվ փորձերին` նրան վարկաբեկելու եւ «գահընկեց անելու»։ Արայիկ Հարությունյանը հաճախ է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ շատերի մոտ արմատացած տեսակետ կա, որ ՀՀ վարչապետի ցանկալի թեկնածուն Արցախում հենց Արայիկ Հարությունյանն է: Նա նաեւ արցախում ամենամեծ կուսակցության` «Ազատ Հայրենիքի» հիմնադիր նախագահն է:
Իհարկե, աներկբա է, որ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որ մտել է առաջատարների ցանկը, պարտական է Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որը ընտրություններում նրան է սատարում։ Եվ այդ հանգամանքը Մայիլյանին օգնում է հատկապես Արցախի տարբեր շրջաններում դիրքերն ամրապնդելու հարցում։ Ինչո՞ւ. որովհետեւ նախկինում էլի է եղել Մայիլյանը թեկնածու, բայց նման կարգավիճակում երբեւէ չի եղել: Բացի այդ, Մայիլյանը, կարծես թե, աջակիցներ ունի նաեւ Հայաստանից. իշխանության, այսպես ասած, «սորոսական» հատվածը նրան թաքուն սատարում է, քանի որ Մայիլյանը եւս «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հայտնի կազմակերպության հետ սերտ կապեր է ունեցել:
Գաղտնիք չէ նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Մասիս Մայիլյանի մտերմությունը: Նրանց երկուսին էլ նույն Թրանսփերենսի ինթերնեյշնալն է կապում, եւ այս ֆոնին հատկապես ուշագրավ է Արմեն Գրիգորյանի այցն Արցախ։ Նա մարտի 24-25-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, գտնվել է Արցախում։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նա Արցախում հանդիպում է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, Արցախում սպասվող համապետական ընտրությունները, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ընդ որում, այս հանդիպման մասին տեղեկություն կա միայն Արցախի նախագահի պաշտոնական կայքում, այնինչ Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում հանդիպումների մասին տեղեկություն չկա, եւ դրանց կարող ենք հանդիպել միայն ֆեյսբուքյան էջում։ Նկատենք, որ կորոնավիրուսի վարակվածության դեպքեր Արցախում թեեւ չեն գրանցվել, սակայն արդեն երեկ Արցախի տեղեկատվական շտաբից կոչ եղավ տեղացիներին խուսափել Հայաստան այցելություններից, քանի որ այստեղ եւս պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ է գործում։ Ընդ որում, խստացումներ կան նաեւ Հայաստանից Արցախ այցելությունների պարագայում, եւ կոչ է արվում դրանցից եւս խուսափել։
Եվ այս առումով Արցախում, կարծես թե, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածվածության հետ, ըստ էության, այնտեղ միջազգային դիտորդներ չեն այցելի։ Այսպիսի պարագայում կասկածի տակ է դրվում նաեւ Հայաստանից այնտեղ մեկնողների, այդ թվում՝ լրագրողների հարցը, թեեւ Արցախի տեղեկատվական շտաբից մեզ հայտնեցին, որ միմյանց տարածք չայցելելու կոչերը երկկողմանի են, սակայն վերջնական որոշում առկա չէ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցով։ Ամեն դեպքում, ուշագրավ է, որ նման զարգացումներ եղան հենց Արմեն Գրիգորյանի այցից հետո, չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արմեն Գրիգորյանը որեւէ թեկնածուի չի հանդիպել, այդ թվում՝ Մասիս Մայիլյանին։
Բայց դառնալով Արցախի նախագահի թեկնածուների թեմային՝ նշենք, որ ամենատարբեր հարցումներով նշված թեկնածուներից հետո արդեն շատ ձայներ կարող է ունենալ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Չնայած նա վերջին շրջանում իր դիրքերը թուլացրել էր Հայաստանի իշխանությունների հանդեպ բացասական հայտարարություններ անելու եւ քննադատելու հետեւանքով, սակայն հիմա, կարծես թե, փոխել է իր մարտավարությունը եւ հայտարարում է, թե պատրաստ է նրանց օգնել՝ հատկապես Արցախյան հիմնահարցի լուծման համար։ Նկատենք, որ Վիտալի Բալասանյանին Հայաստանից աջակցում են նախկին իշխանությունների կողմնակիցները եւ, ըստ էության, չեն էլ թաքցնում դա։
Հավելենք, որ, ամեն դեպքում, Արցախում հավանական է համարվում Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Այդ պարագայում կարող է երկու թեկնածու անցնել երկրորդ փուլ, իսկ ընտրություններն էլ կանցկացվեն արդեն 14 օր անց։ Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը օրերս հրապարակեց իր կողմից անցկացված սոցհարցումները, համաձայն որոնց՝ Արցախի նախագահի ընտրություններում բացարձակ եւ միափուլ հաղթանակ կտանի Արայիկ Հարությունյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒՂԵՐԹՆԵՐԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ ԵՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղեւորահոսքի կրճատմամբ պայմանավորված, մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից եւ 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երեւանից եւ 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների: «ՀԿԵ» ՓԲԸ-ն նշել է, որ Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքի երթեւեկությունը վերսկսվելու է ՀՀ-ում գործող արտակարգ դրության ավարտից եւ սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո:
ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքրվել է, թե ՌԴ-ից հացահատիկի եւ հատիկային այլ ապրանքների արտահանման արգելքից հետո արդյոք մեր դիվանագիտական ճանապարհներով փորձել ենք պարզել, թե ինչ տեւողությամբ է լինելու, եւ ինչքանով կազդի ՀՀ-ում սննդային դեֆիցիտի վրա: Հարցին պատասխանել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք հարց ենք բարձրացրել ԵԱՏՄ հարթակում, նիստ եղել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման իրավիճակները կբացառվեն: Ռուսական կողմը խնդիր է դնում, որ մենք՝ ԵԱՏՄ անդամ երկրները, մեր տարածքից արտահանման արգելք դնենք, որպեսզի չստացվի, որ ԵԱՏՄ երկրների միջոցով արտահանվում է երրորդ երկիր: Այս պահին այդպիսի խնդիր չկա»,- ասաց Գրիգորյանը:
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Նա ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը, համաձայն որի՝ ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների եւ կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր:
ԱՅԺՄ ԷԼ ԱԼԿՈՀՈԼԸ
Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների եւ վարկային կազմակերպությունների գովազդից զատ` այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները լծվել են ալկոհոլային խմիչքների գովազդը սահմանափակելուն։ Եվ նկատենք՝ յուրաքանչյուր անգամ այս կանոնակարգումներից տուժում են հատկապես զանգվածային լրատվության միջոցները, որոնց հիմնական եկամուտը հենց այդ գովազդներից է գոյանում։ Այսպես, կարծես թե միտում է առկա լրատվամիջոցներին ֆինանսական դժվարությունների առջեւ կանգնեցնելու։ Այս անգամ օրենսդրական փաթեթի հեղինակները երեքն են՝ Արթուր Հովհաննիսյանը, Հրաչյա Հակոբյանն ու Համազասպ Դանիելյանը։ Նրանք նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն՝ ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: Սակայն այստեղ այլ հարց է, թե արդյոք գովազդի արգելումը նպաստում է, որպեսզի մարդիկ ալկոհոլ չօգտագործեն։ Այստեղ նկատենք, որ եվրոպական տարածաշրջանի 12 երկրներում ամբողջությամբ արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հանրային եւ ազգային, 11-ում` նաեւ մասնավոր հեռուստատեսություններով: 14 երկրներում գործում են մասնակի սահմանափակումներ` ցուցադրման ժամի եւ տեղի նկատմամբ: Այլ հարց է, թե որքանով է սա ունենում իր ազդեցությունը։
ՆՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը փոփոխություններ են նախաձեռնել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես, նրանք ամրագրում են, որ հանրային պաշտպանի հետ կնքվում է մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է երկարացվել մեկական տարով։ Բացի այս փոփոխություններից, նրանք ցանկանում են նաեւ սոցիալական երաշխիքներ ամրագրել հանրային պաշտպանների համար։ Եվ պատգամավորներն առաջարկում են օրենքով պարգեւատրումների համար սահմանել հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ միջոցներ հատկացնելու պարտադիր պահանջ: Բացի այդ, նրանք առաջարկում են որոշակի գումար հատկացնել եւ այն նախատեսել հանրային պաշտպանների տրանսպորտային ծախսերի համար։ Պատգամավորները նաեւ եզրակացնում են, որ առանց այս երաշխիքների,անկում է ապրում հանրային պաշտպանների ինստիտուտի որակը, եւ կարծիք են հայտնում, որ որպես վերջնական արդյունք ակնկալվում է կանխել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության որակի հնարավոր անկումը եւ ապահովել տրամադրվող օգնության որակի աճ: