Փորձել է ԵԱՏՄ սահմանով խոշոր չափերի թմրանյութ տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Արամ Իսունցի եւ Օվսաննա Սահակյանի դատավարությունը։ Ա. Իսունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Օվսաննա Սահակյանին առաջնապես խոշոր չափերով թմրանյութը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով ապօրինի տեղափոխել Եվրասիական տնտեսական միության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով եւ փորձել է ապօրինի իրացման նպատակով ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց։

Օ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի իրացման նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ապօրինի տեղափոխել է Եվրասիական տնտեսական միության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով։ Ա. Իսունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։ Օ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։

Արամ Իսունցը կալանքի տակ է գտնվում 2019թ. հուլիսի 5-ից։ 2019թ. դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Արամ Իսունցի նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչեւ դատաքննության ավարտը։ Անդրադառնալով գրավ կիրառելու մասին Արամ Իսունցի միջնորդությանը՝ դատարանը գտել է, որ այն հիմնավորված չէ, քանի որ գրավը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։ Օվսաննա Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս