Գովեստի խոսքեր են ասել, բայց թերություններ գրել․ մանրամասներ Քաղավիացիայի կոմիտեի աուդիտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շուրջ թեժացած կրքերը չեն հանդարտվում։ Արդեն մի քանի օր է՝ բուռն քննարկվում է Եվրամիության տեսադաշտում հայկական ավիացիայի հայտնվելու մասին։

Նախ՝ օրեր առաջ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Միջազգային ավիացիոն գործակալությունն այս տարվա փետրվարին (ի դեպ, փետրվարին ՔԱԿ-ում ստուգումներ իրականացնելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին) իրականացրած ստուգումներից հետո Քաղավիացիայի կոմիտեին զրկել է արտոնագրից։ Սակայն ավելի ուշ քաղավիացիայի ղեկավարը Դանիայից պարզաբանեց, որ ոչ թե ՔԱԿ-ն է զրկվել արտոնագրից, այլ Հայաստանում գրանցված երկու ավիաընկերություններին են ժամանակավորապես զրկել Եվրոպայի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու իրավունքից։ Խոսքը Armenia Aircompany եւ Atlantis European Airlines ընկերությունների մասին է։

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում ՔԱԿ-ը Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չի անցել։ Իսկ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած՝ օդաչուների պատրաստվածության մակարդակով։ Մեզ հայտնի դարձավ, որ EASA-ի մասնագետները կոմիտեում փետրվարին աուդիտ են իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը։ Եւ քանի որ կոմիտեն աուդիտ չի անցել, մեր հայկական ավիաընկերությունները, որոնք առանձին աուդիտ էին անցել Եվրոպա ուղեւորափոխադրում իրականացնելու համար, չեն իրականացնելու։ «Արմենիա» ավիաընկերությունից հայտարարում են, որ իրենք ստացել են միջազգային թռիչքներ իրականացնելու արտոնագիր, բայց քանի որ ՔԱԿ-ն աուդիտը չի անցել, այդ սերտիֆիկատը եւս դադարում է գործել։ Բայց ընկերությունը կարող է առանձին դիմել սերտիֆիկացման միջազգային այլ կառույցի ու նոր արտոնագիր ստանալ։

Եւս մեկ կարեւոր հանգամանք. պարզվում է՝ EASA-ի հսկողության տակ հայկական ավիացիայի հայտնվելու միակ պատճառը «Տարոն Ավիա»-ն է, երբ ավիաընկերությունն անցյալ տարի չվերթ իրականացրեց դեպի Բուլղարիա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 6-ին ՔԱԿ-ը պետք է բողոքարկեր EASA-ի որոշումը։ Բողոքարկման ուսումնասիրությունից հետո հնարավոր է կողմերը մայիսին հանդիպեն Բրյուսելում։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ։

-Պարո՛ն Գյուրջյան, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ EASA-ի մասնագետները փետրվարին աուդիտ են անցկացրել եւ մի շարք թերություններ են արձանագրել, որոնք գերազանցում են 50 էջը։

-Իրենք իրենց նշած ժամկետներում եկել են, արձանագրել են որոշակի թերություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք․ ընթացակարգն այդպիսին է՝ իրենք գրում են մեզ, որ սրանք ձեր թերություններն են։ Հիմա մենք այդ մի մասի հետ համաձայն չենք, մենք կարձանագրենք ու կուղարկենք իրենց, այդ ընթացքի մեջ ենք։ Դրանից հետո, երբ նորից կվերանայեն, արդեն մեր գրածի հիման վրա վերջնական զեկույցը որ կներկայացնեն, այդ ժամանակ հստակ կլինի՝ ինչն է անցել, ինչը՝ ոչ։ Այսօր ասել, պայմանականորեն վերցնենք, 100 հատ թերություն են արձանագրել կամ 5 հատ, դա էական նշանակություն չի ունենա։

-Պարո՛ն Գյուրջյան, կոնկրետ ի՞նչ թերություններ են արձանագրել, մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք նշել։

-Չէ, չեմ կարող, որովհետեւ այդտեղ կոնկրետ մեր վարչության վրա էլ է գրված, որի հետ ես համաձայն չեմ․․․

-Ձեր ղեկավարած վարչությա՞ն․․

-Այո, իմ ղեկավարած վարչության վրա․․․ Ինձ մոտ ելույթ ունեցան, վերջնական ժողովի ժամանակ գովեստի խոսքեր ասացին, բայց գնացին ուրիշ բան գրեցին։ Հիմա ես համաձայնե՞մ դրա հետ։ Դրա համար էլ ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, մինչեւ վերջնական զեկույցը չգա, որովհետեւ իրենք ելույթի ժամանակ հայտարարեցին, որ գոհ են, ասացին՝ տիրապետում է, իհարկե կան թերություններ, որոնք շտկելի են, բայց գնում են ու ուրիշ բան են գրում։ Հիմա ես գրել եմ իմ անհամաձայնությունները. եթե իրենք նորից կգրեն՝ չէ էլի այսպես է, մենք կպահանջենք՝ հիմնավորել։ Այսինքն՝ սա աշխատանքային պրոցես է, ինքը գրել է, բայց ես այդ գրածի հետ համաձայն չեմ, ու հետո ինքը իմ գրածից հետո կաորղ է հանում է արձանագրած, իբր, թերությունը։ Այսինքն՝ մենք քանակի կամ էջերի վրա չենք կենտրոնանում, մենք կենտրոնանում ենք կոնկրետ գործընթացի վրա, որը գնում է։

– Պարո՛ն Գյուրջյան, անցյալ տարի Հայաստանից 2 ավիաընկերություն՝ «Տարոն-Ավիան» եւ Atlantis European Airways-ը դիմել էին ԵՄ-ի կողմից TCO՝ երրորդ երկրի օպերատոր ճանաչվելու համար: Այս ընկերություններին TCO ճանաչելու գործընթացի հետ կապված EASA-ն անցյալ տարի հուլիսին ստուգել է որպես երրորդ երկրի շահագործողներ, որ իրենց մոտ թռիչքներ իրականացնեն, եւ հայտնաբերել էին թերություններ։ Բացի այս, EASA-ն պարզել է նաեւ, որ ՔԱԿ-ն այս փոխադրողների շահագործման հատուկ դրույթները թարմացնելիս պարբերաբար չի հետեւել սերտիֆիկացման գործընթացին․․․

-Եվրամիությունը շարունակական մոնիթորինգ անցկացնում է եւ դրա համար հիմք չեն հանդիսանում այդ ստուգումները։ Իրենք նաեւ ունեն օտարերկրյա օդանավերի ստուգումների ցանց, իրենք տարբեր ձեւերով տեղեկություններ են հավաքագրում եւ դրա արդյունքում սկսում են գործողություններ անել։ Կենտրոնանալ մի ընկերության վրա, այդքան էլ ճիշտ չէ։ Երբ վերջնական զեկույցը գա, կսկենք կոնկրետ օրենքով իրենց հետ խոսել. եթե դուք ասում եք, որ սա պետք է լիներ սպիտակ, ապա մենք պահանջում ենք ցույց տալ, թե որտեղ է գրված, որ սա պետք է լինի սպիտակ եւ ոչ թե մոխրագույն։ 2015 թվականին էլ, որ մեզ ստուգել են, նույն ձեւով աշխատել ենք, գրում են անհամապատասխանությունները, մենք արձագանքում ենք, պարզաբանումներ ենք ստանում, իրար հետ աշխատում ենք, կամ տրվում է ժամկետ թերությունները վերացնելու համար, մենք էլ վերացնում ենք։ Որեւէ արտառոց բան չկա։ Հիմա էլ որ գան ստուգեն, հիմնարկում կարող է մի իր իր տեղում դրված չլինի, իսկ այս դեպքում կարող է այդ իրը դնենք իր տեղում նույն պահին, հարցը փակվի։ Այնպես չէ, որ կրիտիկական կետեր են։

-Հիմա ՔԱԿ-ը սեւ ցուցակո՞ւմ է, թե՞ ոչ։

-Իհարկե ՔԱԿ-ը սեւ ցուցակում չէ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մեր կոմիտեի համապատասխանությունը միջազգային նորմերին 85 տոկոս է։ Հիմա ամեն պետություն ինքն է որոշում՝ ավիացիայի բնագավառում շփվի մեր հետ, թե ոչ։

-Պարո՛ն Գյուրջյան բողոքարկե՞լ եք EASA-ի որոշումը, թե՞ ոչ։

-Դե, ես գրել եմ, իմ կողմից տվել եմ, ընթացքի մեջ է, ուղղակի աղմուկ բարձրացնելու իմաստը չեմ հասկանում։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս