«Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հետաձգել եւ չեղարկել եմ մի շարք համերգներ: Հունվարին երաժիշտներն աշխատանքային դադար էին վերցրել, իսկ հետո վրա հասավ կորոնավիրուսը, եւ ստացվեց այնպես, որ արդեն երեք ամիս է՝ աշխատանք չունեմ, դժվար է, բայց պետք է հաղթահարենք. մեզնից վատ վիճակում գտնվող մարդիկ էլ կան: Ինչպես ամբողջ ժողովուրդը, ես էլ սպասողական վիճակում եմ»-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ազգային, ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգյանը:
Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդը սկզբնական շրջանում չէր գիտակցում ներկայիս վիճակի լրջությունը, վատ էր ինքնակազմակերպվում, սակայն հիմա արդեն իրավիճակը համեմատաբար ավելի լավ է:
«Հիմա արդեն սպասում եմ դրական միտումների, կարծում եմ՝ պատվով կհաղթահարենք այս դժվարին պահը: Մարդիկ արդեն ինքնամեկուսացմանն ավելի լուրջ են վերաբերվում»,- նկատեց երգիչը:
Ինքնամեկուսացման ժամանակահատվածում Համլետ Գեւորգյանը ստեղծագործական կյանքով չի ապրում, հակառակը՝ փորձում է մաքսիմալ կտրվել իր աշխատանքից, հանգստանալ, զբաղվել այն ամենով, ինչով սովորական օրերին զբաղվել չի ստացվում: «Եթե ուզենամ էլ, պետք է խոստովանեմ, որ դժվար է կենտրոնանալ ստեղծագործական որեւէ աշխատանքի վրա»,-ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ կորոնավիրուսի դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երեկ 263 թեստավորում է իրականացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։ «Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը եւ կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- ասել է վարչապետը։
Ապրիլի 6-ի դրությամբ մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 833 է, ապաքինվել է 62 քաղաքացի, փաստացի բուժում են ստանում 736-ը:
Անի Անտոնյան