«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։
Եվ, ահա, նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։ Այսինքն՝ այս որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել, եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման՝ մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, եւ Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում։ Իհարկե, երկու տեղական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքների իրավունքից զրկվելը ծանր հարված է, սակայն պատճառներն իրականում ավելի խորն են։ Եվրոպական հանձնաժողովի կողմից նման որոշմանն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ, եւ դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ»։
Դրան զուգահեռ նկատենք, որ ապօրինի գործողությունների մեջ լինելու երեւույթներն իրականում եղել են 2014 թվականին, եւ համեմատության համար նշենք, որ 2015 թվականին եւս եվրոպական կողմից աուդիտ է իրականացվել կոմիտեում, սակայն արդյունքները գերազանց են գնահատվել, իսկ, ահա, այս տարի բազմաթիվ թերություններ են արձանագրվել։ Եվ ուշագրավ է, որ 2016 թվականին, երբ պաշտոնից ազատվել էր կոմիտեի երկարամյա ղեկավար Արտյոմ Մովսեսյանը, մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ պատճառն արտասահմանյան ընկերություններից մեկին լիցենզիա տալու համար խոշոր չափի կաշառք ուզելն է եղել, ինչի մասին իմացել են նախագահականում։ Երեկվանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է մեկնաբանություն ստանալ հենց Մովսեսյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, անջատում է։
Ընդ որում, նկատենք՝ Մովսեսյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի, եւ այդ ընթացքում, օրինակ, 2014 թվականից Հայաստանը զրկվեց իր միակ փոխադրողից, եւ մինչեւ հիմա դեռ նոր փոխադրող չի հայտնվել, իսկ սա պետք է լիներ ՔԱԿ-ի առաջին եւ գլխավոր քայլերից մեկը։ Հավելենք, որ երեկ էլ աշխատանքից ազատվել է վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը եւ մեկնաբանել այն իրավիճակով, որ տիրում է ոլորտում։ Ըստ էության, նա դարձավ քավության նոխազ, սակայն առաջիկայում այլ պաշտոնանկություններ եւս պետք է սպասել, սակայն, դրան զուգահեռ, իշխանություններն ամեն կերպ պահում են Տաթեւիկ Ռեւազյանին, որը իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն է, չնայած հիմա գտնվում է մայրական արձակուրդում։
Հ. Գ. Ռեւազյանին ցանկանում ենք՝ առողջ բալիկ լույս աշխարհ բերի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։