ԱԺ անկախ պատգամավոր Արման բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրում է.
ԻՆՉ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով օգնություն ցուցաբերել Հայաստանին դեղորայքի հարցում։ Այդ մասին նա հայտնել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ որը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության համաձայն, Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։
Հայաստանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Թուրքիայի նախագահի առաջարկին, թեև պաշտոնական առաջարկ որպես այդպիսին չի արվել, այլ Էրդողանն ընդամենը իր մտադրությունը փոխանցել է եկեղեցական խողովակի միջոցով, որը պաշտոնական դիվանագիտական կապուղի չէ: Պատեհ առիթ է հիշեցնել, որ Թուրքիայի օգնության առաջարկը կարող էր Հայաստանին փոխանցվել միջազգային հարաբերություններում ընդունված կերպով, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված լինեին։
Այդուհանդերձ, եթե Հայաստանը որևէ կերպ պետք է պատասխանի Թուրքիայի նախագահի բարեսիրական առաջարկությանը, ապա կարծում եմ՝ պատեհ է՝ սիրալիր կերպով հրաժարվել Էրդողանի՝ Հայաստանին դեղորայք տրամադրելու առաջարկից, քանի որ, բարեբախտաբար Հայաստանն այսօր չունի դեղորդայքի կարիք և ի զորու է սեփական ուժերով պայքարելու համավարակի դեմ: Միևնույն ժամանակ պատասխան նամակում պետք է հիշեցնել Հայաստանի և Թուրքիայի միակողմանիորեն փակ սահմանի իրողությունը։
Նույն քաղաքական քաղաքավարության կանոնների շրջանակներում նպատակահարմար է Թուրքիային խնդրել Հայաստանի համար նախատեսված դողորայքը հասցեագրել սիրիացի փաստականներին, որոնք գտնվում են համավարակի խոցելի խմբում և բոլորից ավելի օգնության կարիք ունեն հատկապես այս օրերին:
Միևնույն ժամանակ հարկ է ողջունել Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձը դյուրացնելու քայլերը, այդ երկրի իշխանությանը խնդրելով նախանձախնդիր լինել այդ հարցում և ապահովել այսօր Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ բոլոր քաղաքացիների վերադարձը: