ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխվել է վարորդական վկայական ստանալու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագիրը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։

Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաեւ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն եւ արաբերեն լեզուներով։

Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տեւողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։

Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։

Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։

Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝

«A» կարգի, «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչեւ 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։

«B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։

«C», «D», «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» եւ «D1E» ենթակարգերի դեպքում՝ իրականացնել եւ´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, եւ´ երթեւեկության իրական պայմաններում, իսկ մինչեւ 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ անգամ՝ 4 օր, եւ հինգ տարին մեկ անգամ՝ 5 օր տեւողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։ Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց:




Լրահոս