Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնում FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող 35 հայ աշակերտների Հայաստան վերադարձի մասին:
Խոսնակի մեկնաբանության մեջ ասվում է.
«Նշել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի հայ աշակերտների եւ ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում եւ Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետեւ Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երեւան չվերթով։
Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաեւ Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:
Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Սա Հայաստանի եւ Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաեւ մեր վրաց գործընկերներին՝ աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար: