Առցանց առաքում՝ խոստացածից մի քանի ժամ հետո. ինչու են բողոքում քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արդեն ավելի քան երկու շաբաթ գործում են քաղաքացիների տեղաշարժի եւ բիզնեսի որոշ ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումներ։

Շատ խանութներ արտակարգ դրության պայմաններում ստիպված են փակվել, որոշները կարողանում են իրականացնլ առցանց առեւտուր։ ՀՀ կառավարությունը թույլ է տվել էլեկտրոնային վաճառք, եւ խանութը կարողանում է կազմակերպել առցանց վաճառք եւ առաքում։ Սակայն առցանց վաճառք ու առաքում իրականացնող ոչ բոլոր ընկերություններն են բարեխիղճ կատարում իրենց պարտականությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է՝ չի դադարում հեռախոսազանգեր ստանալ օնլայն առեւտրով զբաղվող Supermarket.am-ի գործելաոճից։ Մեզ դիմած քաղաքացիների պատմելով՝ նշված ընկերության առաքիչներն այս օրերին մոտենում են պատվիրատուներին առանց ձեռնոցների եւ դիմակի։ Ամենակարեւորը՝ պատվեր գրանցող օպերատորը խոստանում է առաքել կոնկրետ ժամի, բայց առաքիչը մոտենում է մի քանի ժամ հետո։ Օրինակ, «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը նկատեց, որ ինքը նախօրեին սննդամթերք է պատվիրել, խոստացել են առաքել 19.00-ին, սակայն այն հասցրել են արդեն երեկոյան 22.00-ին։

Մենք այս հեռախոսազանգերի հետքերով կապ հաստատեցինք Supermarket.am-ի հետ, մեր զանգին պատասխանեց օպերատորներից մեկը եւ փորձեց արդարանալ՝ նշելով. «Պատվերների հետ կապված խտություն ունենք ու օրվա կտրվածքով 1500 հատ պատվեր ենք հանձնում, այդ իսկ պատճառով չենք կարողանում առաքել տրված ժամանակահատվածում, բայց հաճախորդին խաբել, այդպիսի բան գոյություն չունի։ Խնդիրը պատվերների խտությունն է։ Բնականաբար, պատվերները դիտարկվում են, խնդիրների դեպքում արձագանքում ենք։ Տնօրինությունը խիստ այդ հարցը դրել է, եւ բոլոր առաքիչները պարտադիր ձեռնոցներով ու դիմակներով են»։

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն պարզվեց, որ այս ոլորտը չի վերահսկվում այս կառույցի կողմից։

Ս․Հ․




Լրահոս