Ինչու է Տիգրան Մուկուչյանի կինը Հրայր Թովմասյանի տարածքն ավելի ցածր գնով վարձակալել․ մանրամասներ ցուցմունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 9-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ վերջինիս սանիկի՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան:

Ըստ նախաքննական մարմնի՝ տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Եվ, ահա, այս քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Բանն այն է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը վարձակել է ԿԸՀ նախագահի կինը եւ այնտեղ նոտարական գործունեություն է ծավալել:

Ներկայացնում ենք ՀՔԾ-ում Տիգրան Մուկուչյանի ցուցմունքի շարունակությունը:

Հարց- Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների դեպքում: Ինչպե՞ս կբացատրեք այդ հանգամանքը, մասնավորապես՝ ինչո՞վ է պամանավորված Ձեր կնոջ համար նույն տարածքում եւ նույն պայմաններով մյուսների համեմատ առավել ձեռնտու պայմաններով տարածքը վարձակալությամբ տրամադրելու հանգամանքը:

Պատասխան -Որեւէ կերպ չեմ կարող պարզաբանել հարցադման մեջ նշված այն հանագամանքը, որ կնոջս համար, մյուս նոտարների համեմատ, ավելի քիչ վարձավճարի չափ է սահմանվել: Համենայնդեպս, այդ կապակցությամբ որեւէ նախաձեռնություն չեմ ունեցել, կնոջս կողմից տրամադրվող գումարի չափը հենց սկզբից առաջարկվել է Տարոն Թովմասյանի կողմից, փորձել եմ սակարկել, սակայն գումարի չափը մնացել է նույնը: Ես վարձավճարի չափի մասով, բացի իմ կողմից նշվածը, այլ հանգամանքներում որեւէ մեկի հետ բանակցություններ չեմ վարել:

Հարց- Ձեզ հայտնի՞ է արդյոք, որ նույն նոտարական գրասենյակի տարածքում այլ նոտարների տարածքը հանձնվել է ավելի բարձր՝ ամսական 2000 ԱՄՆ դոլար վարձավճարով: Եթե նման տեղեկություններ Ձեզ հայտնի են, ապա հայտնեք՝ ումից եւ ինչ հանգամանքներում են հայտնի դարձել:

Պատասխան– Առաջին անգամ եմ լսում այդ մասին, երբեւէ չեմ հետաքրքրվել, թե մյուս նոտարներին ինչ վարձավճարի դիմաց է տարածք տրամադրվել:

Հարց– Մի՞թե Ձեզ կամ Ձեր կնոջը չի հետաքրքրել, թե մյուս նոտարները նույն տարածքում որքան գումարի դիմաց են վարձակալել տարածքը. չէ՞ որ հնարավոր է, որ նույն շենքում նոտարներին տարածք տրամադրված լիներ Ձեր կնոջ համար սահմանված վարձավճարի չափի համադրությամբ անհամեմատ ցածր գնով, որպիսի հանգամանքը կարող էիք օգտագործել վարձատուի կամ նրա ներկայացուցչի մետ վարձավճարի չափը նվազեցնելու առումով:

Պատասխան– Հաշվի առնելով բանակցությունների ընթացքը, մասմավորապես՝ այն մասով, որ առաջարկված գնից ընդհանրապես սակարկում չի եղել, անիմաստ եմ համարել մյուս նոտարների մասով վարձավճարի չափ ճշտել ու վարձավճարի մասով նորից բանակցություններ վարել: Տարոն Թովմասյանն ինձ շատ կտրուկ եւ վերջնական է պատասխանել, որը գինը սա է. եթե չեմ ուզում, կարող եմ հրաժարվել, որից ենթադրել եմ, որ սակարկում հնարավոր չէ: Ավելացնելու այլ բան չունեմ:

Հարց- Ձեր կինն անձամբ կամ Ձեր օգնությամբ ֆինանսական ներդրում կատարե՞լ է արդյոք նոտարական գրասենյակային տարածքի վերանորոգման, կահավորման աշխատանքներին, թե՞ ոչ. եթե այո, ապա ե՞րբ եւ որքա՞ն ներդրումային մասնակցություն է ունեցել:

Պատասխան– Վարձակալված տարածքը տրամադրվել է լրիվ դատարկ ու անխնամ վիճակում: Կինս կոսմետիկ վերանորոգել է սենյակը, կարծեմ փոխել է ապակի, հոսանքի լարեր: Սենյակում տեղադրել է իր անձնական գույքը: Վերանորոգման համար ինչքան գումար է ծախսվել, չեմ կարող հայտնել, բայց որքանով որ տեղեկացված եմ, էական ծախսեր չեն կատարվել:

Հարց- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նոտարական գրասենյակի վերանորոգման համար մինչ Ձեր կնոջ աշխատած ժամանակահատվածում գործող նոտարները ծախսել են շուրջ 45000 եւ ավելի ԱՄն դոլար գումար: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ վերանորոգման ծախսեր կատարած նոտարներից նույն տարածքի համար վարձավճարի գումարը կազմել է 2000 ԱՄն դոլար, իսկ Ձեր կնոջ համար 1000 ԱՄՆ դոլար: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան– Որեւէ բացատրություն չեմ կարող տալ հարցադրման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ:

Հարց– Ի՞նչ է Ձեզ հայտնի Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարծքում նոտարական գործունեություն իրականացնող նոտարների կողմից տարածքն անահատույց օգտագործման իրավունքով ստանալու կապակցությամբ քաղաքացիական հայց ներկայացնելու կամ պետական մարմիններին դիմելու մասին: Դուք կամ Ձեր կինը երբեւէ նման գործընթաց սկսե՞լ կամ մտածե՞լ եք այդ կապակցությամբ, թե՞ ոչ:

Պատասխան– Ես որեւէ տեղեկացվածություն չունեմ այդ մասին, թե Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնող նոտարները տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ստանալու կապակցությամբ որեւէ գործընթաց ձեռնարկել են, թե ոչ: Իսկ ինչ վերաբերում է կնոջս, ապա երբ նա նշանակվել է նոտար, արդեն իսկ տարածքը մասնավոր անձի է պատկանել:

Հարց- Ճանաչո՞ւմ եք ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվում վերջինիս հետ:

Պատասխան– Աշխատանքի բերումով ճանաչել եմ Նորայր Փանոսյանին, հնարավոր է՝ որեւէ խորհրդակցության կամ պետական միջոցառման ժամանակ հանդիպած լինեմ: Վերջինիս հետ որեւէ փոխհարաբերության մեջ չեմ գտնվում: Զուտ ծանոթներ ենք: Հնարավոր է նաեւ՝ վերջինիս հետ հեռախոսակապ հաստատած լինեմ օրենսդրական, մասնագիտական հարցերի ճշտման նպատակով, այլ փոխհարաբերության մեջ նրա հետ չեմ գտնվել: Նույնիսկ ներկայումս Փանոսյանի հեռախոսահամարը չեմ հիշում:

Հարց– Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվում ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հետ:

Պատասխան- Հրայր Թովմասյանին ճանաչում եմ շատ վաղուց, նրա հետ գտնվել եմ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ : Միասին աշխատել ենք տարբեր օրենսդրական նախաձեռնությունների վրա: Որեւէ այլ փոխհարաբերություններում Հրայր Թովմասյանի հետ չեմ առնչվել:

Հարց– Նախաքննության ընթաքում տվյալներ են ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն ծավալած նոտարները դիմել են տարբեր պետական ատյաների, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91 հոդվածի 3-րդ կետի համաձայն, հիշյալ տարածքում իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու խնդրանքով, սակայն մերժումներ են ստացել, նույնիսկ վերջիններիս ՀՀ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձը սպառնացել է կասեցնել նոտարի գործունեությունը, եթե շարունակեն դիմել տարածքն անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու խնդրով, ավելին՝ պարտադրել է հրաժարվել դատարան ներկայացված հայցից: Ի՞նչ կասեք վերոգրյալի կապակցությամբ:

Պատասխան- Վերոգրյալի մասին լսում եմ առաջին անգամ, որեւէ տեղեկություններ չունեմ հարցադրման մեջ նշված հանգամանքների մասին:

Հարց- Համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետի՝ արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարները առանց ընտրության նշանակվում են որպես նոտարներ իրենց գործունեության վայրի նոտարական տարածքում: Այդ նոտարները կարող են այլ նոտարական տարածք փոխադրվել միայն իրենց դիմումի համաձայն նոր վայրում թափուր տեղի առկայության դեպքում: Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունը իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար: Ի՞նչ կասեք հիշյալ իրավական կարգավորման վերաբերյալ, հայտնեք նաեւ, թե հիշյալ իրավական կարգավորման պայմաններում Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքն ինչու անհատույց չի տրամադրվել արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ նախկինում որակավորման քննություն հանձնած նոտարներին, այլ տարածքը սեփականաշնորհվել է մասնավոր անձանց կողմից եւ տրամադրվել վարձակալությամբ:

Պատասխան- Որեւէ պատասխան չեմ կարող տալ հարցադրման մեջ նշված հանգամանքների մասով, քանի որ գործընթացից տեղեկացված չեմ: Կարող եմ նշել՝ եթե կա օրենքի իմպերատիվ պահանջ, ինչպես հարցադրման մեջ նշված դեպքում է, ապա այն պատկան մարմինների կողմից ենթակա է պարտադիր կատարման: Ավելացնելու այլ բան չունեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս