Ինչու են փորձում ազատվել հներից․ տեսչական մարմնի անառողջ մթնոլորտը` Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում տիրող անառողջ մթնոլորտը հայտնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում։ Արդեն մի քանի ամիս է՝ տեսչական մարմնի աշխատողները դժգոհում են մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործելաոճից։ Ի դեպ, Պետական վերահսկողական ծառայությունը, տեսչական մարմնի աշխատողների բողոքների հիման վրա, իր հերթին ստուգումներ է իրականացրել։

«Այդ ահազանգերը հասել են ինձ, Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է արել, մենք հիմա գտնվում ենք այն փուլում, որ հավաքված տեղեկատվությունը կվերլուծենք՝ ըստ ճշմարտության, ու կհասկանանք՝ ինչ անել»,- օրեր առաջ անդրադառնալով այս հարցին՝ հայտարարեց ՀՀ վարչապետը։ Բայց, չնայած սրան, տեսչական մարմնի այս անգամ արդեն Արարատի տարածքային բաժնում է իրավիճակը մնում լարված։ Այստեղ մի առվով չեն հոսում բաժնի ղեկավար Արմեն Բավոյանի եւ ավագ տեսուչ Արթուր Բադալյանի ջրերը։ «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը եւ հայտնել, որ ինքը հրաժարվում է կատարել իր ղեկավար Արմեն Բավոյանի հանձնարարականները։

Բադալյանի պատմելով՝ մարզում առկա խնդիրների շուրջ ինքը պարբերաբար ահազանգում է, բայց արձագանք չի ստանում։ Օրինակ՝ մեր զրուցակցի պատմելով՝ Արարատի մարզի Սիս գյուղում կա 26 հատ ձկնաբուծարան, որից միայն 5-ն են հաշվետվություն ներկայացնում։

Այդ խնդրին տեղյակ է նաեւ Արմեն Բավոյանը, բայց, ըստ Բադալյանի, ոչինչ չի ձեռնարկում. «Ասեցին՝ ջրի մեջ յուղ կա, գնացի Սիս համայնք, գյուղապետից պահանջեցի ներկայացնել տեղականք, թե քանի հատ ձկնաբուծարան կա, ինքը տվեց տեղեկանք այն մասին, որ տարածքում գործում են 26 ձկնային տնտեսություններ։ Ես էլ զարմացա, վերցրեցի տեղականքը, բերեցի ու փորձեցի պարզել, թե դրանցից քանիսն են հաշվետվություն տալիս, ու պարզվեց որ դրանցից միայն հինգն են հաշվետվություն ներկայացնում»։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Բադալյանը մեկ օրինակ եւս հիշեց. «Բավոյանը ուղարկեց «Մոստավիկ» ասֆալտի գործարան՝ ստուգման։ Կազմել եմ խախտման արձանագրություն 300 հազար դրամի չափով, այսինքն՝ ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն չի ունեցել, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը նախատեսում է 300 հազար դրամի, առանց թույլտվության մթնոլորտային օդ աղտոտելը՝ 150 հազար դրամ տուգանք։

Բայց դրանից հետո Բավոյանը գնաց «Մոստավիկ» ՍՊԸ-ի տնօրենի հետ հանդիպման, որից հետո եկավ եւ ինձ ասաց, որ օդով տուգանեմ, այսինքն՝ 300 հազար դրամ տուգանքը դարձնեմ 150 հազար դրամ, մինչդեռ գործարարը ջրօգտագործման թույլտվություն չուներ»: Բադալյանը մեզ հետ զրույցում փոխանցեց նաեւ, որ գործուղումների համար բենզին չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ։

Կարճ ասած՝ այս խնդիրների մասին ավագ տեսուչի կողմից բարձրաձայնելուց հետո Արմեն Բավոյանը տեսչական մարմնի ղեկավարին հայտնում է, որ Բադալյանը օրերով աշխատանքի չի հաճախում։ Արդյունքում, Բադալյանի նկատմամբ նշանակվում է ծառայողական քննություն։ «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ Բադալյանի նկատմամբ առաջին անգամ ծառայողական քննություն նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին՝ հոկտեմբերի 16-23 աշխատանքի չներկայանալու պատճառները ճշտելու համար, ինչից հետո՝ դեկտեմբերի 23-ին, ծառայողական քննություն վարողի կողմից կազմվել է եզրակացություն եւ պարզվել, որ Բադալյանի բացակայությունը հարգելի է եղել. այդ օրերին նա աշխատանքային պարտականություններն է իրականացրել։

Սակայն առաջին ծառայողական քննության արդյունքերը ավելի են զայրացրել Բավոյանին, եւ արդեն այս տարվա փետրվարի 17-ին տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը նորից նշանակել է Բադալյանի նկատմամբ ծառայողական քննություն՝ այս անգամ արդեն հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածի բացակայությունները պարզելու համար։ Ի դեպ, այս ծառայողական քննության մասով եզրակացությունը կազմվել է 2020 թվականի ապրիլի 3-ին։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Բադալյանն իրեն աշխատավարձ չվճարելու եւ բացակա դնելու խեղաթյուրման փաստով (ավագ տեսուչը պնդում է, որ ինքը չի բացակայել աշխատանքից, եւ վստահեցնում է, որ Բավոյանը իր՝ աշխատանքի չհաճախելու վերաբերյալ փաստերը խեղաթյուրում է) դիմել է ոստիկանություն, որպեսզի պարզեն այդ հանգամանքները, սակայն իրավապահ մարմնի կողմից քրեական գործի հարուցումը մերժվել է, որն էլ իր հերթին Բադալյանը բողոքարկել է դատական կարգով։ Այս գործով դատական առաջին նիստը կկայանա մայիսին։

Ամենակարեւորը՝ ըստ Բադալյանի՝ ծառայողական քննություն վարողը, ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգը խախտելով, աշխատանքից բացակայության մի հատվածի մասով ընդունել է, որ դա բողոքարկվել է դատական կարգով, մի մասը՝ որ եղել է անաշխատունակության վիճակում, իսկ մյուս մասով ճանաչել է բացակայությունը անհարգելի։ Խոսքը դեկտեմբերի 2-15 ընկած ժամանակահատվածի մասին է՝ պատճառաբանելով, որ աշխաատանքի չի ներկայացել։ Բադալյանի խոսքով՝ հաշվի չի առել, որ այդ նշված ժամանակահատվածում ինքը նախորդ ծառայողական քննության վարողի մոտ կատարել է աշխատանքներ։ Այսինքն՝ այս տեսուչն իր կարեւոր աշխատանքը թողնելով մի կողմ, որի համար վճարվում է պետության կողմից՝ զբաղվել է Ավետիսյանի եւ Բավոյանի կապրիզները բավարարելով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հրամանով Արթուր Բադալյանի նկատմամբ կիրառվել է «ծառայողական դադարեցում» կարգապահական տույժը։ Այս հրամանի հիմքն է եղել ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմված ապրիլի 3-ի եզրկացությունը։ Ստացվում է, որ երկրում արտակարգ դրության պայմաններում տեսչական մարմնի ղեկավարը իր 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ենթակայի ծառայողական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հրաման է տալիս, ասել է թե՝ ազատում է աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Բադալյանի ահազանգի հետքերով կապ հաստատեց Արմեն Բավոյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցերը, կարճ պատասխանեց. «Ես ապօրինի որեւէ քայլ չեմ արել. եթե անեի, պատասխանատվության կենթարկվեի։ Ինքը աշխատանքի չի ներկայացել, իսկ ինչ ասում է իմ անձի վերաբերյալ, դրանք հերյուրանքներ են»։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս