ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության ներսում բուռն քննարկումներ են․ արտակարգ դրությունը կերկարացվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել:

«Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ: Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորոնավիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները: Թեեւ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի:

Օրենսդիր իշխանական պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իշխանությունն այս պահին երկու թեւի է բաժանվել, քանի որ, մի հատվածի կարծիքով, պետք է արտակարգ դրությունը հայտարարել ավարտված, իսկ մի հատվածն էլ կարծում է, որ վերահսկողությունից ամեն ինչ դուրս կգա, պետք է ավելի խստացնել սահմանափակումները: Բանն այն է, որ արտակարգ դրության երկարաձգումը քարուքանդ է անում տնտեսությունը, իսկ եթե սահմանափակումները թուլացնեն, կնշանակի նպաստել թագավարակի տարածմանը, քանի որ վաղուց կորել է տարածման հետքը, ու շրջանակները այլեւս հնարավոր չի լինում պարզել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորները մտահոգություն են հայտնել նաեւ ԱԺ նիստերի մասով: Օրենսդիրներն անգամ ԱԺ ղեկավարությանը հորդորել են, որ հերթական նստաշրջանն էլ գերհագեցած օրակարգ չունենա, որպեսզի քննարկումներն արագ ընթանան, եւ օրակարգը շուտ սպառվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել. այն կայանալու է ապրիլի 13-ին, որտեղ էլ կհաստատվի այս նստաշրջանի օրակարգը:

Ի դեպ, նշենք, որ եկող շաբաթը ծանր է լինելու նաեւ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների համար, քանի որ արդեն հստակ է, որ ապրիլ 16-ին խորհրդարան է գալու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այս նստաշրջանում խորհրդարանի օրակարգում են լինելու հետեւյալ նախագծերը՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, որը ենթադրում է արգելանք վարկային կազմակերպությունների գովազդ վրա ԶԼՄ-ներով, Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը, որի համար թեկնածու է առաջադրել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ մի քանի տասնյակ նախագծեր:

Հավելենք, որ ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրությունն այլևս չի կարող երկարացվել, այլ միայն առանձին հատվածներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս