Ներքին խմորումներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ այդպես են որոշումներ կայացնում, ինչի հետեւանքով մի շարք դատական գործեր փակուղում են հայտնվում, քանի որ թիմի բաժանված դատավորները հակասում են միմյանց:
Եվ այսպես, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների շրջանում լուրջ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում: Ըստ այդմ, մոտ մեկ տարի է, ինչ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ խումբ-խումբ են որոշում կայացնում: Օրինակ՝ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: Իսկ, ահա, մյուս թիմում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանը, Էդգար Սեդրակյանը, ԲԴԽ անդամի մյուս դատավոր թեկնածու Արտակ Բարսեղյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ դատավոր Վարդան Ավանեսյանը որեւէ թիմի մեջ չի ընդգրկվել, ասել է թե՝ ոչ մի դատավորի թելը չի թելում: Նա այդ ճանապարհն է ընտրել, որովհետեւ առաջիկայում թոշակի է գնալու եւ չի ցանկանում ներքին խմորումներին խառնվել կամ այս կամ այն դատավորի «պոչը բռնել», թեեւ դատավորներից ոմանք էլ պնդում են, որ նա Երվանդ Խունդկարյանի թիմում է: Հավելենք, որ դատավորներից Գոռ Հակոբյանը եւս որեւէ թիմի կազմում չի ընդգրկվել եւ, ինչպես դատավորներն են ասում, իր իսկ խաղն է խաղում:
Եվ, ահա, դատական համակարգում դատավորների՝ թիմերի բաժանվելը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս: Բանն այն է, որ դատավորների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ այս իրավիճակի ստեղծման հետեւանքով Վճռաբեկ դատարանում ստեղծվել է խառնաշփոթ իրավիճակ: Մասնավորապես, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական եւ վարչական գործ, եւ Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետեւանքով հակասական կարծիքներ ու որոշումներ են լինում: Այս ներքին տարաձայնություննների հետեւանքով էլ վերջնական որոշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից: Միաձայն որոշումներ գրեթե չեն լինում:
Ավելին, դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետեւանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի է անցել, ներքին հակասություների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների հետեւանքով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի:
Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, դժվար է ասել, բայց կանխատեսումներ կան, որ մի օր կպայթի իրավիճակը, քանի որ դատարան դիմում ներկայացրած անձինք կհասկանան դատարանի ներքին իրավիճակը եւ չեն լռի, քանի որ դատավորների ներքին խառնաշփոթը հակասում է իրենց շահերին:
Ինչեւէ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար զրուցեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու համար, թե նա տեղյակ է առկա իրավիճակից, թե ոչ, եւ ինչ քայլեր է ձեռնարկում: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում եւ, առհասարակ, տեղյակ չեմ, որ դատավորները բաժանվել են թիմերի: Բայց եթե դատավորների շրջանում նման խոսակցություններ կան, ու այդ խոսակցությունները իրականություն են, ապա այդ փաստը խիստ մտահոգիչ է: Կրկնում եմ՝ Վճռաբեկ դատարանում Ձեր կողմից նշված իրավիճակի մասով տեղեկությունների չեմ տիրապետում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
«Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները»,- սոցցանցի իր էջում գրել է ԴԱՀԿ խոսնակ Վարդուհի Պետրոսյանը: Նշենք, որ մինչ այդ Վարդուհի Պետրոսյանն աշխատում էր ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար է նշանակվել Ռիմա Եգանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամ Ավետիսյանն ազատվել էր Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնից:
ՓԱԿ ԿԼԻՆԵՆ
Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները փակ կլինեն մինչեւ մարտի 31-ը: «Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչեւ մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով մուտքագրված եւ հետագայում մուտքագրվող դիմումների ժամկետների հաշվարկը կիրականացվի սահմանափակումների վերացումից հետո»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել. «ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող եւ հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի եւս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում։
ԵԿԵԼ ԵՆ
Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ եկել են Հայաստան: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է. «Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման»:
ԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով: Այն, ինչ մարտի 5-ին կատարվեց հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի տանը, մինչ օրս չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ:
Հիշեցնենք, որ այդ օրը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ հարձակվել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Շրջափակել էին նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները՝ ներխուժել էին նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել էին հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա: Այս տեղեկությունները հայտնել էր Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարել էր. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։ Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Այս իրավիճակում պետք է արձանագրել կարեւորը՝ էական չէ` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի, եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով:
Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ Արամ Վարդանյանի պաշտպանները ոստիկանների գործողությունների մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ոստիկանների գործողություններին Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական եւ ընթացք տա: Դատախազությունում Արամ Վարդանյանի պաշտպանների դիմումի մասով եղել է քննարկում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է քննարկումը, ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ