Հայաստանի համայնքներում երթեւեկության կամակերպման հարցում որոշումներ կկայացնի նաեւ համայնքի ավագանին, իսկ եթե թերանա այս հարցում, ապա պատասխանատվության կենթարկվի։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է նոր օրենսդրական նախագիծ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը ներառյալ Հայաստանի պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով եւ վիրավորներով 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել` 7827 մարդ: Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է միայն նյութական վնասով 42 հազար 344 ՃՏՊ: Ի դեպ, այս տվյալները վերաբերում են ամբողջ երկրում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներին: Ըստ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ Երեւանում ճանապարհային երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանների համալրվածությունը հարաբերականորեն բավարար մակարդակի վրա է, բայց, ի տարբերություն Երեւանի, մարզային համայնքներում հակառակ պատկերն է:
Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ համայնքներում այս ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման խնդիր կա՝ պայմանավորված ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու հետ: Մեզ հայտնի դարձավ, որ գործնականում խնդիրներ են առաջանում՝ պայմանավորված «Տեղական իքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի որոշակիության հետ: Օրենքի նշված դրույթը չի պարունակում համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականությունը կրող մարմնի մասին հստակ ամրագրում, ինչը խոչընդոտում է համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարմանը: Իսկ Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է հետեւյալ փոփոխությունը. ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո կազմում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում՝ համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների (բացառությամբ Երեւանի) սխեման եւ կայացնում է որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ։ Ինքը՝ Վաղարշակ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, ասաց, որ մինչեւ այժմ հստակեցված չէ, թե որ կառույցն է պատասխանատու համայնքային ճանապարհային երթեւեկության կանոնների կատարման, նշանների տեղադրման մասով։ «Այդ պատճառով կատարվել է հստակություն։ Ենթադրենք, ինչ որ դեպք էր տեղի ունենում ճանապարհային նշանի չլինելու պատճառով, որեւէ մեկը պատասխանատվություն չէր կրում, քանի որ օրենքի կարգավորումը, որը մինչեւ այժմ գոյություն ունի, առավել հստակություն չի տալիս, թե որ մասով որ կառույցն է պատասխանատու։ Այս կոնտեքստում մենք լուծում ենք հարցը, եւ հստակեցում է լինելու. սրանից հետո իր մասով պատասխանատվություն կրելու է ոստիկանությունը, իսկ մյուս մասով՝ համայնքը»,-բացատրեց պատգամավորը։ Մեր այն հարցին՝ քննարկվել է արդյոք նախատեսվող այս փոփոխությունը համայնքների հետ, պատգամավորն արձագանքեց. «Իհարկե չի քննարկվել, բայց համապատասխան մասնագետների հետ միանշանակ քննարկվել է, համայնքների ղեկավարներ կան, որոնց հետ եւս քննարկվել է, ուսումնասիրություն կատարվել է, եւ դրա կոնտեքստում է որոշում կայացվել, որ սա ունի կարեւորություն։ Մենք օրենքով պատիժ չենք սահմանել, մենք օրենքը հստակեցրել ենք, որ գործառույթների պատասխանատվության շրջանակը հստակ լինի»։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Պարզվեց՝ Վանաձորում խորհրդային տարիներից մնացած կամ 20-25 տարվա հնության ճանապարհային նշաններ կան տեղադրված, որոնք թարմացնելու կարիք ունեն, բայց դրանք փոխելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսներ են պետք։ «Պիլոտային կատարվել է մի քանի քաղաքում դեռեւս 2012 թվականին, փոխել են գծանշումներ, լուսացույցների սպասարկում, մի երկու տարի պետությունը ֆինանսավորել է այդ գործառույթները, որից հետո դա մնացել է համայնքների վրա։ Համայնքները բավարար ու մեծ միջոցներ չունեն, որ այդ աշխատանքներն անեն, բնականաբար, եթե լրացուցիչ միջոցներ մենք կարողանան ներգրավվել, ապա շատ ճիշտ գործառույթ է։ Ճանապարհային երթեւեկության հետ կապված մենք հիմա նախագիծ ունենք. ամբողջ քաղաքի երթեւեկության նշանները եթե թարմացվեն, մոտ 100-200 մլն դրամի միայն նշան պետք կգա քաղաքին, էլ չեմ խոսում մնացած այլ ատիրբուտների մասին»,- նկատեց քաղաքապետը։ Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքում տեղադրված ճանապարհային նշաններ կան, բայց դրանք ժամանակ առ ժամանակ պետք է թարմացվեն։ «Մենք հիմա մրցույթ ունենք հայտարարած, քաղաքի կենտրոնն ուզում ենք թարմացնել, մոտ 30 մլն դրամ պետք է կարողանանք միջոցներ ներգրավել, որ միայն քաղաքի հիմնական հատվածի ճանապարհային նշանները փոփոխության ենթարկենք։ Բայց միջոցների ներգրավում է պետք, հավելյալ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի ամբողջությամբ այդ բեռը դրվի համայնքների վրա»,-հավելեց մեր զրուցակիցը, ապա վստահեցրեց, որ քաղաքապետարանը պարբերաբար պակաս նշանները փոխում է կամ դրանք նորով է թարմացնում։ Բացի այս, պարզվում է, որ Վանաձորը ճանապարհային երթեւեկության համար նախատեսված տեսանկարահանող սարքերով կահավորված չէ. «Մեր համայնքի կողմից անցյալ տարի 30-35 ոչ երթեւեկության կարգավորման, այլ ուղղակի տեսախցիկներ են տեղադրվել, հիմնականում գողությունների, հանցագործությունների կանխարգելման եւ աղբի ոչ պատշաճ վայրերում թափելու դեպքերը բացահայտելու համար, բայց դրանց մեծ մասը մեր անբարեխիղճ քաղաքացիների շնորհիվ վնասվել են եւ հիմա վերականգման փուլում են»։
ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
Հայաստանում ալկոգել արտադրող ընկերությունները հայտնվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսադաշտում։ Պարզվում է, որ սպառողները բազմաթիվ անգամ ահազանգել են այն մասին, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում։ Այս պատճառով Շուկայի վերասկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ՝ հաշվի առնելով նաեւ վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետեւանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը։ Իրականացվող ստուգումների արդյունքների մասին տեսչական մարմինն առաջիկայում կտեղեկացնի։
ՆԱԽԿԻՆ ԴԱՍԱԽՈՍԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, մինչեւ կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվելը դասախոս եւ Գեոդեզիայի ամբիոնի վարիչ աշխատելով, բավականին ունեցվածք է կուտակել։ Ըստ Թովմասյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ ունի անավարտ, կիսակառույց շինություններ, անհատական բնակելի մեկ տուն, 3 հատ հողամաս։ Շարժական գույքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա։ Թովմասյանի դրամական միջոցները կազմում են 10 մլն 835 հազար դրամ, 14 հազար 730 եվրո եւ 5300 դոլար։ Նախորդ տարվա ներկայացրած հայտարարագրում, որպես եկամուտ, նշված է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որը ընդհանուր կազմել է 7 մլն 537 հազար դրամ։ Բայց նկատենք, որ Թովմասյանը չի ներկայացրել կնոջ հայտարարագիրը։ Տեղեկացնենք, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով, նա Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին։
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2020թ. մարտի 25-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Մնացական Հարությունյանը հրապարակեց Վերաքննիչ դատարանի որոշումը, որով վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակի, Վերաքննիչ դատարանը բեկանեց Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի 6-ի դատավճիռը, քրեական գործն ուղարկվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության, վերացվեց Գերասիմ Մարդանյանի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը։ Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը հայտնեց, որ ինքը քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացնելու։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ Լուսակերտում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 50-ամյա քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզի Լուսակերտ համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը։ Նրա խոսքով՝ պայթյունը եղել է ոչ թե տանը, այլ տան հարակից հատվածում։ Մահացածը 50 տարեկան Սամվել Իսրայելյանն է։ Ընտանիքը բաղկացած է 5 հոգուց՝ ինքն էր, կինը, տղան, հարսը եւ թոռնիկը։ Պայթյունի ժամանակ տան մյուս բոլորը անդամները տանն են եղել։ Պայթյունը եղել է ոչ թե տանը, այլ հարակից հատվածում՝ ցախանոցում, ու նույն պահին մահացել է Ս. Բալաբեկյանը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ տեղանքում մասնագետներ են աշխատում, որպեսզի հստակ հասկանան, թե ինչի հետեւանքով է պայթյունը տեղի ունեցել։