Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր վեց ամսով, սակայն ժամկետը երկարաձգվեց եւս կես տարով, որպեսզի հանձնաժողովականները հասցնեն ձեռք բերել արժեքավոր տեղեկություններ եւ ամփոփեն` ինչու, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմը, ով ինչպես թերացավ, եւ ինչու կորցրեցինք 800 հա հողատարածքը: Հանձնաժողովը ԱԺ-ում աշխատում է հատուկ սենյակում, որտեղ չկան «ժուչոկներ», ապահովված է գաղտնիությունը: Պատգամավորների հետ հանդիպման են եկել ՊՆ տարբեր պաշտոնյաներ, սակայն մինչ օրս հանձնաժողովն իր առջեւ դրած գերնպատակին չի հասել. Սերժ Սարգսյանը չի եկել ու չի պատասխանել պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, եւ երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որեւէ լիազորություն չունի նրան պարտադրելու:
Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձեւակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական եւ քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, հետեւաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Անդրանիկ Քոչարյանի հետ` պարզելու, թե ինչու Խաչատուրովը մերժեց հանձնաժողովին: «Նա ոչ թե խուսափում է, այլ, իմ կարծիքով, սարսափում է: Պրոբլեմը ինքը չի, հաստատ, իրեն ուժեր են ասում, որ հանկարծ չգնաս, որովհետեւ իրենք գիտեն, որ այստեղ եկել են բոլորը, հիմնականում մնացել են երկուսը»,- ասաց Քոչարյանը` նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, որը եւս, ըստ ամենայնի, չի ընդունի հանձնաժողովի հրավերը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կագնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը եւ նոր քննություն սկսել: Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել. Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր 2020 թվականի փետրվարի 5-ին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրն ու գլխավոր դատախազը մոտ 40 րոպե զրուցել են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզել են նրան չկաշկանդվել, իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ: Սակայն հանդիպումից մի քանի օր անց, երբ զինվորական քննչական բաժնի քննիչները զինվորի մորաքրոջը հրավիրել են հարցաքննության, տիկինը զայրացել է քննիչների վրա եւ ասել, որ իրեն հանգիստ թողնեն։ Ու թեեւ նա հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցություննրի արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազը որեւէ նման հանդիպում չի ունեցել: «Զինվորական դատախազի մոտ է եղել ընդունելություն՝ կայազորի դատախազի մասնակցությամբ, սակայն որեւէ մեկին որեւէ բան համոզելու խնդիր չի եղել. պարզապես հորդոր է հնչել», – նշեցին դատախազությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Մեր տեղեկություններով՝ այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպում կունենա խորհրդի անդամի թեկնածուի հետ։ Հիշեցնենք, որ ամռանը լրանալու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունները, փաստորեն, արդեն ունեն իրենց թեկնածուն։ Իսկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ այդ հարցը կքննարկվի արդեն մարտի 31-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարտին Գալստյանը Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում։ Հավելենք, որ տեւական ժամանակ խոսք էր գնում, թե ԿԲ ապագա նախագահը լինելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բայց, կարծես թե, իշխանությունների պլաններում բան է փոխվել, եւ այլ թեկնածու է ի հայտ եկել: Դե, իհարկե, չպետք է բացառենք, որ ԱԺ-ն կարող է տապալել նաեւ ԿԲ նախագահի նշանակման գործընթացը, ինչպես եղավ ԲԴԽ նախագահի, ՍԴ անդամի մի քանի թեկնածուների դեպքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կսահմանվի վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցնելու եւ վարորդական վկայական տալու նոր կարգ։ Բացի այդ, կսահմանվի նաեւ վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք է ծանոթանա տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկին, լրացնի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիրը։ Բժշկական հակացուցման առկայության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է: Բացի այս, գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնց շուկայական արժեքը կազմում է 300 հազար դրամ յուրաքանչյուր քննական տրանսպորտային միջոցի համար։ Մեկ քննական ստորաբաժանմանն անհրաժեշտ է 22 տրանսպորտային միջոց։ Կարճ ասած, անհրաժեշտ է թվով 88 հատ տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է 859 մլն դրամ։ Սակայն ուշագրավ է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների կարիք ունի եւ այդ գումարի հարցով դիմել է գործադիրին։