Դեռեւս մարտի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նամակ է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, որպեսզի նա ներկայանա հանձնաժողովի նիստին: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչեւ մարտի 25-ը պետք է Խաչատուրովը պատասխաներ իր ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Խաչատուրովն արդեն գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու հայտնել, որ մերժում է հրավերը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի բոլոր անդամները շատ ծանր են տարել այդ տեղեկությունը, ու, կարելի է ասել, վերջիններս չեն պատկերացրել, որ Խաչատուրովը հեղափոխական Հայաստանում նման կերպ իրեն կդրսեւորի:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի անդամները ներքին քննարկում են ունեցել այս փաստաթղթի մերժման հետ կապված ու որոշել են երկուշաբթի օրը՝ մարտի 30-ին, աշխատանքային հանդիպում ունենալ ու վերջնականապես որոշել, թե ինչպես են պատասխանելու Խաչատուրովի կողմից ուղարկված փաստաթղթին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում դեռեւս որոշում չկա, թե ինչ կարելի է անել այս պարագայում, քանի որ ակնհայտ է, որ այլեւս Խաչատուրովը չի խոսելու քառօրյա պատերազմի մանրամասների մասին: Ավելին, հանձնաժողովականները վստահ են, որ եթե նման կերպ է իրեն դրսեւորել Խաչատուրովը, ապա նույն կերպ էլ իրեն կդրսեւորի Սերժ Սարգսյանը, որին հանձնաժողովը պատրաստվում էր խորհրդարան հրավիրել Խաչատուրովի հետ հանդիպումից անմիջապես հետո:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատուրովի՝ Ազգային Ժողով ուղարկած փաստաթղթի վրա աշխատել են իր փաստաբանները ու, կարելի է ասել, իրավական բոլոր հիմքերը ներկայացրել են՝ Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու վերաբերյալ: Նաեւ դա է պատճառը, որ հանձնաժողովի անդամները հայտնվել են անելանելի վիճակում. ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի կարողանան նրա «հախից գալ»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս բոլոր հարցերի շուրջ զրուցել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել:
-Պարո՛ն Քոչարյան, արդեն հանձնաժողովը ստացե՞լ է Յուրի Խաչատուրովի պատասխանը՝ հանձնաժողով ներկայանալու եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերին պատասխանելու հետ կապված: Ի՞նչ նամակ եք ստացել Խաչատուրովից:
-Այո, ստացել ենք նամակը, մենք երկուշաբթի օրը աշխատանքային քննարկում ենք ունենալու, որի ժամանակ կքննարկենք այդ կապակցությամբ մեր քայլերը:
-Այսինքն՝ Յուրի Խաչատուրովը մերժե՞լ է ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին, որը կապված է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին:
-Ես դեռեւս նամակը չեմ հրապարակում, մինչեւ աշխատանքային քննարկում չլինի, քննարկման արդյունքում մենք կորոշենք՝ լրատվամիջոցներին ինչ տեղեկություն կտրամադրվի. որ ինֆորմացիա կփոխանցենք ԶԼՄ-ներին, չկասկածեք:
-Մարտի 24-ին Յ. Խաչատուրովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինքը ներկայանալու է հանձնաժողովին, որպեսզի պատասխանի ձեզ հուզող հարցերին, հայտարարել էր. «Не до этого», եւ անջատել էր հեռախոսը:
-Եթե Յուրի Խաչատուրովի հետ խոսում եք, մի հատ փորձեք պարզել, թե ինչ է նշանակում «Не до этого», դա «До этого»-ով որտեղ է, իր համար «До этого»-ն ո՞րն է, կորոնավիրո՞ւսն է, թե՞ այն հարցերի պատասխաններն են, որոնք իր մոտ են ու Սերժ Սարգսյանի մոտ են: Թող ինքը այս հարցերին պատասխանի, թող ասի՝ որտեղ են այդ հարցերի պատասխանները:
-Այսինքն՝ կարծում եք, որ Յուրի Խաչատուրովը ինֆորմացիայի է տիրապետում, որը իր չգալով թաքցնում է հանրությունի՞ց:
-Բնականաբար, ոչ թե խուսափում է, այլ, իմ կարծիքով, սարսափում է: Պրոբլեմը ինքը չի, հաստատ իրեն ուժեր են ասում, որ հանկարծ չգնաս, որովհետեւ իրենք գիտեն, որ այստեղ եկել են բոլորը, հիմնականում մնացել են երկուսը:
-Արդեն ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանը եւս կմերժի հանձնաժողովի հրավերը եւ չի ներկայանա հարցաքննությանը:
-Չգիտեմ, Սերժ Սարգսյանը կարող է գա ու ասի, կներեք էլի, պետք է այդ հարցերը Խաչատուրովից իմանաք, իրեն հարցնեք: Իրենք ամեն ինչ անելու են, որ Խաչատուրովին հեռու պահեն, ես հասկանում եմ, դա այնքան պարզ է: Բա Ապրիլյանը կարեւոր չի, բա ի՞նչն է կարեւոր իրենց համար, որ հայտարարում են՝ «Не до этого»: Ինքը հիմա մեզ հետ խոսում է իրավաբանների միջոցով, իսկ իրավաբաններն էլ ենթարկվում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին կամ, չգիտեմ, գուցե Սերժ Սարգսյանին: Ինքը չի տնօրինում իր կարծիքը, որովհետեւ խելոք մարդը չի կարող հայտարարել, թե «Не до этого»:
-Ձեր ղեկավարած քննիչ հանձնաժողովը այս նամակին պատասխան է պատրաստվո՞ւմ ներկայացնել ու քայլե՞ր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
-Բնականաբար, մենք ծրագիր ունենք մեր հետագա քայլերի, ու դա որոշվելու է հանձնաժողովում քննարկումների արդյունքում, աշխատանքային քննարկման ժամանակ մենք կգտնենք լուծումներ ամենակարեւոր փուլը արժանապատվորեն ավարտելու համար:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հանձնաժողովի անդամները, գիտակցելով, որ Խաչատուրովը, հնարավոր է, մերժի եւ չներկայանա խորհրդարան, պլան Բ-ի նախագծեր են ունեցել ու հենց դա էլ պետք է քննարկեն երկուշաբթի՝ նիստի ժամանակ: Բայց թե դա ինչ օգուտ կարող է բերել քննիչ հանձնաժողովին, դժվար է ասել, քանի որ քննիչ հանձնաժողովի անդամները ակնկալել են, թե հենց Խաչատուրովից են ողջ ինֆորմացիան իմանալու՝ քառօրյա պատերազմի բացթողումների հետ կապված: Գուցե գրավոր հարցեր ուղարկեն նրան: Համենայնդեպս, նրան որեւէ կերպ չեն կարող պարտադրել ինֆորմացիա ասել:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՈՒՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Եվ, ըստ մեր տեղեկությունների, այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ժամը 13:00-ին հանդիպում կունենա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Մարտին Գալստյանի հետ:
Նշենք, որ ամռանը կլրանա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունները ընտրել են Մարտին Գալստյանին` որպես իրենց թեկնածու: Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին, ինչպես նաեւ ԿԲ նախագահին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վեց տարի ժամկետով: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էլ մարտի 31-ին՝ ժամը 10.00-ին է նիստ հրավիրել, որի օրակարգում կրկին մեկ հարց է՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ: Բայց այն ավելի պարզ կդառնա խմբակցությունների հետ հանդիպումներից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստի քննարկումից հետո: Նշենք, որ Մարտին Գալստյանը Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, ու, կարելի է ասել, նախկին իշխանությունները եւս մշտապես հիացած են եղել Գալստյանի աշխատանքներով: 2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում, անգամ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հայտարարել էր, որ տպավորված է Գալստյանով: Վերջինս աշխատանքային գործունեությունն էլ Կենտրոնական բանկում սկսել է Վիճակագրության վարչության բաժնի պետի պաշտոնից ու քիչ-քիչ առաջադիմել է, ու այսօր էլ իշխանությունները նպատակ ունեն նրան կարգել ԿԲ նախագահ:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ խոսք էր գնում՝ ՀՀ ԿԲ ապագա նախագահը լինելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բայց, կարծես թե, իշխանությունների պլաններում բան է փոխվել, եւ այլ թեկնածու է ի հայտ եկել: Եւ նշվում էր նույնիսկ, որ ԿԲ նախագահի պաշտոնի համար Մհեր Գրիգորյանը, կաշվից դուս գալով, բանակցեց ռուսական կողմի հետ գազի սակագինը մինչեւ ապրիլ չբարձրացնելու համար, բայց, փաստորեն, ԿԲ նախագահի պաշտոնը այլ մարդու է տրվելու: Հետաքրքիր է` ինչու եւ ինչպես այդպես ստացվեց: Դե, իհարկե, չպետք է բացառենք, որ ԱԺ-ն կարող է տապալել նաեւ ԿԲ նախագահի նշանակման գործընթացը, ինչպես եղավ ԲԴԽ նախագահի, ՍԴ անդամի մի քանի թեկնածուների դեպքում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿԱՆՉԵՑԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին։ Մեր տեղեկություններով՝ պատճառը դեռեւս 2019 թվականին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանի ձերբակալությունն է եղել՝ կաշառքի գործով։ Բանն այն է, որ որոշում է կայացվել այս քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն, իսկ վերջինս էլ դիմել է ԲԴԽ-ին՝ հարցաքննության հրավիրելու համար։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանի կողմից կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ, ուստի այդ պատճառով էլ ՀՔԾ-ն դատավոր Անտոնյանին կանչել է հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունները, թե արդյոք քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ, եւ, առհասարակ, դատավոր Անտոնյանը հարցաքննվել է, թե ոչ:
ԿԴԱՐՁՆԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություններ անել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում եւ ամրագրել վարկային արձակուրդի հնարավորություն։ Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է այսպիսի փոփոխություն կատարել. «Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների, ինչի հետեւանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց եւ եկամուտներից, օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ»: Որպես հիմնավորում՝ նա նշել է, որ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այս դեպքում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ, չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը եւ բարի կամքի դրսեւորմանը: