ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՀԱՄՈԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել էր ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով քրեական գործի կարճումը եւ հանձնարարել էր նախաքննությունը վերսկսել այդ մասով: Եվ, ահա, այս որոշումից հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է ստեղծվել:

Ամեն ինչի մասին հերթով

Գրել էինք, որ 2020 թվականին ՊԲ «էլիտար զորամասում» մահացավ ժամկետային զինածառայող Վահրամ Ավագյանը: Վերջինիս մահվան գործով կալանավորվեցին երեք զինվորներ, որոնց մեջ էր նույն զորամասի ժամկետային զինծառայող, ԱԺ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը: Այս գործով ՀՀ զինվորական քննչական բաժնում քննություն է ընթանում: Եվ, ահա, այս դեպքից հետո «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռեւս ամիսներ առաջ՝ 2019 թվականի հոկտեմբերին, «էլիտար զորամասի» զինվորներից մեկի մորաքույրը ահազանգել է ՌՈ թեժ գիծ եւ հայտնել, որ Աժ նախկին պատգամավորի որդին զինվորներին նեղացնում է: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ մեկ ամիս անց իրավապահների թեթեւ ձեռքով այն կարճվել էր:

Բայց երբ աղմուկ բարձրացավ, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշեց գործի անցնել եւ զինվորական դատախազների հետ հադիպմանը հանձնարարել էր կարճված գործը ուսումնասիրել ու վերսկսել քննությունը: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ նախաքննությամբ չի ապահովվել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, ինչի արդյունքում հակասական տեղեկությունների առկայության պայմաններում բավարար չափով չեն պարզվել ապացուցման ենթակա էական հանգամանքներ, ուստի որոշվել էր վերացնել գործի կարճումը եւ հանձնարարել նախաքննությունը վերսկսել:

Սկսվեց «կռիվ կինոն»

Եվ, ահա, տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո քննիչներին մնում է բացահայտել՝ ամիսներ առաջ «էլիտար զորամասում» ինչ է եղել, եւ զորամասի ժամկետային զինծառայողի մորաքույրը ինչի համար էր ահազանգել ՌՈ թեժ գիծ եւ հետո իր խոսքից ինչու է հետ կանգնել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրում է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրը գնում է գլխավոր դատախազի հետ հանդիպման, նրանք մոտ 40 րոպե զրուցում են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզում են զինվորի մորաքրոջը չկաշկանդվել եւ իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս հանդիպումից մի քանի օր անց զինվորական քննչական բաժնի քննիչները զինվորի մորաքրոջը կանչում են զինվորական քննաչական բաժին եւ խնդրում են հայտնել այն, ինչ կա: Ահա, այստեղ էլ ամեն ինչ խառնվում է իրար:

«Էլիտար զորամասի» ժամկետային զինծառայողի մորաքույրը սկսում է զայրանալ քննիչների վրա՝ ասելով, որ հանգիստ թողեն իրենց. այն, ինչ կա, ասել են, ամեն ինչ անցել գնացել է. «Հեսա գնալու եմ դատախազների մոտ, ասեմ՝ վերջացրե՛ք, ի՞նչ եք ուզում մեզանից, ամեն ինչ անցել գնացել է, մեզ հանգի՛ստ թողեք»: Միգուցե ժամկետային զինծառայողի մորաքույրը անհանգստացել է իր քրոջ որդու համար, եւ, առհասարակ, իրավապահների համոզելու գործընթացը նրան դուր չի եկել: Մի խոսքով, իրավիճակը մտել է փակուղի: Քննիչները, մի կողմից, նախաքննությունը վերսկսել են, մյուս կողմից՝ քաղաքացին հրաժարվում է ամիսներ առաջ իր կողմից հանցագործության մասին տված հաղորդման մասով որեւէ բան խոսել:

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ չնայած կինը հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցությունների արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել «էլիտար զորամասում» զինվորների կողմից կատարված որոշ գործողությունների մասին: Նախաքննության տվյալները չհրապարակելու էթիկայից ելնելով՝ այս փուլում զերծ կմնանք գործով կարեւոր նշանակություն ունեցող տեղեկությունների հրապարակումից: Դա կանենք առաջիկայում:

 

Ի՞նչ է ստացվում

ՀՀ գլխավոր դատախազը հերոսանալու համար կարճված գործը վերացնել է տալիս եւ նոր քննություն սկսելու մասին հրահանգում, ավելին՝ համոզում է, որ ահազանգած քաղաքացին գնա ու իրավապահների մոտ խոսի, բայց, ինչպես դասականն էր ասում, «խիարը թարս է բուսնում»:

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նման որեւէ հանդիպում չի ունեցել, նրա մոտ նման ընդունելություն չի եղել: Զինվորական դատախազի մոտ է եղել ընդունելություն՝ կայազորի դատախազի մասնակցությամբ, սակայն որեւէ մեկին որեւէ բան համոզելու խնդիր չի եղել, պարզապես հորդոր է հնչել, որպեսզի հնարավոր հանցագործության մասին տեղեկություններ ունենալու դեպքում դրանք անկաշկանդ ներկայացվեն նախաքննության մարմնին վերսկսված վարույթի շրջանակներում: Իսկ, ընդհանրապես, քրեական գործի վարույթը վերսկսվել է մի քանի այլ ուղղություններով քննություն իրականացնելու, էական հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական, օպերատիիվ-հետախուզական գործողություններ կատարելու եւ միայն դրանց հիման վրա վերջանական իրավական գնահատականներ տալու նպատակով, եւ քննությունն ընթացքի մեջ է»:

Ինչով կավարտվի այս ամենը՝  զարգացումները ցույց կտան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստը հետաձգվել է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված: Այս մասին հայտնել է պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ դատարանը բավարարել է իր միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 23-ին՝ ժամը 15։00-ին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով՝ պայմանավորված Հայաստանում առաջացած համաճարակային իրավիճակով:

 

 

 

 

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ին հիվանդության թերթիկ (բյուլետեն) է բացել: Այս մասին տեղեկացրել է Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը: Թե ինչ վիճակում է այժմ դատավորը, հիվանդանոցում է, թե տանը, Ասլանյանը տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը: Ա. Ասլանյանի խոսքով՝ պաշտպանը դիմումով հետաքրքրվել է, թե ինչ հիվանդություն է ախտորոշվել դատավորի մոտ, եւ երբ նա կվերադառնա. «Սահմանված ժամկետում, գուցե նաեւ այսօր-վաղը, կպատասխանեմ պաշտպանին»,- ասել է նա։ Ավելի վաղ պաշտպանը դիմել էր դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրանքով, որ անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննությունը մակագրվի այլ դատավորի: Նախագահը մերժել էր այն։

 

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԹԱՔՑՐԻՆ

ԱԱԾ նախկին պաշտոնատար անձինք հայտնվել են դատարանում այն բանի համար, որ օգնել են Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն` Ալբերտ Ղարաքեշիշյանին փախչել երկրից` հատելով ՀՀ սահմանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, գտնվել է հետախուզման մեջ եւ ցանկացել երկիրը լքել: Եվ,, ահա 2018թ. օգոստոսի 11-ին նա, առանց պատշաճ թույլտվության, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ մուտք գործելով Վրաստանի Հանրապետություն: Իսկ ինչպե՞ս է դա եղել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժնի նախկին աշխատակից Նարեկ Այվազյանը ճանաչել է Ալբերտ Ղարաքեշիշյանին եւ փորձել է օգնել նրան: Ավագյանը, ծանոթ լինելով նույն վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գրիգոր Պապյանի հետ, խնդրել է նրան օգնել, որպեսզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայելի Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, ՀՀ պետական սահմանը ապօրինի հատի: Եվ այսպես, Ավագյանը 2018թ. հուլիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, վերակարգում գտնվող ավագ հսկիչ Գրիգոր Պապյանին համոզել է, որպեսզի Ալբերտ Միքայելի Ղարաքեշիշյանի տվյալները չմուտքագրեն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ: Այս ամենը բարեհաջող կազմակերպելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժնի նախկին աշխատակից Նարեկ Այվազյանը Ալբերտ Ղարաքեշիշյանին Վրաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու նպատակով տրամադրել է իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի 05 PL 050 համարանիշի ավտոմեքենան եւ դրա սրահում Ալբերտ Ղարաքեշիշյանին թաքցնելու միջոցով վերջինիս տեղափոխել է Վրաստանի Հանրապետության տարածք՝ այդկերպ օժանդակելով վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատմանը: Նախաքննական մարմինը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժնի նախկին աշխատակից Նարեկ Այվազյանին, նույն վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գրիգոր Պապյանին եւ Ստեփանավանի նախկին քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրել, եւ խափանման միջոց են ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Նշենք, որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, դատարանի առաջ է կանգնել նաեւ Սոցիալական ծառայության ղեկավար եղած հինգ տարիներին 550 միլիոն դրամ հափշտակելու մեղադրանքով։ Հավելենք, որ նախկին քաղաքապետի որդին հայտնաբերվել է եւ ԱԱԾ աշխատակիցների հետ միասին կանգնած է դատարանի առաջ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս