ՄԵՔԵՆԱ, ԴԻԶՎԱՌԵԼԻՔ Է ՊԵՏՔ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վարորդական վկայականի քննություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցների կարիք ունի։ Բացի այս, այդ տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնքձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ, որի համար ոստիկանությունը դիմել է գործադիրին։

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու նոր կարգ կսահմանվի։ Կսահմանվի նաեւ վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։  Տեղեկացնենք, որ ներկայումս վարորդական վկայականի որակավորման գործնական քննությունն անցկացվում է միայն ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ հաշվառման-քննական այն ստորաբաժանումներում, որտեղ առկա չէ ավտոդրոմ կամ ավտոհրապարակ, անցկացվում է ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում 15 րոպե ժամանակով: Մեզ հայտնի դարձավ, որ գործնական քննությունը կիրականացվի ե՛ւ ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, ե՛ւ ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակով «A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար, եւ 45 րոպե ժամանակ՝ այլ կարգերի ու ենթակարգերի համար: Նախատեսվում է նաեւ տեսական քննությունների անցկացումը բացի հայերեն լեզվից հնարավոր դարձնել անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Հարցաշարերի թարգմանության հետ կապված, սակայն, լրացուցիչ ծախսեր կառաջանան, օրինակ՝ հայերենից անգլերեն լեզվով թարգմանության է ենթակա 72 000, իսկ հայերենից ռուսերեն՝ 30 000 բառ, որի շուկայական արժեքը մեկ էջի համար (մեկ էջը պարունակում է 600 բառ) ինտերնետային կայքերի գնային առաջարկների ուսումնասիրության արդյունքով կազմում է 600 դրամ։

Բացի այս, գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնց շուկայական արժեքը կազմում է 300 հազար դրամ յուրաքանչյուր քննական տրանսպորտային միջոցի համար։ Իսկ, ընդհանուր առմամբ, մեկ քննական ստորաբաժանմանն անհրաժեշտ է 22 տրանսպորտային միջոց։ Կարճ ասած՝ անհրաժեշտ է թվով 88 հատ տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է 859 մլն դրամ։ Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունը ներկայումս վարորդական վկայականների հատկացման քննական գործընթացն իրականացնում է տարածքային 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների միջոցով: Պարզվում է՝ այդ ստորաբաժանումները չունեն ավտոհրապարակներ կամ ավտոդրոմներ (բացառությամբ Երեւանի եւ Կոտայքի հաշվառման-քննական ստորաբաժանումների) եւ հագեցած չեն«AM», «A», «B», «C», «D» եւ «E» կարգերի եւ «A1», «B1», «C1» եւ «D1» ենթակարգերի առնվազն մեկական, իսկ«B» կարգի դեպքում երկու՝ ավտոմատ եւ մեխանիկական փոխհաղորդակ ունեցող տրանսպորտային միջոցներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հետագա քննական պրոցեսի կազմակերպումն իրականացվելու է 4 քննական ստորաբաժանումներում՝ հյուսիսային, հարավային, կենտրոնական եւ արեւելյան: Այս դեպքում եւս ծախսեր են առաջանալու մեկ քննական ստորաբաժանման հաշվարկով 22 ավտոմատ եւ մեխանիկական փոխհաղորդակ ունեցող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: ՀՀ ոստիկանությունը կառավարությունից պահանջում է, բացի քննական տրանսպորտային միջոցներից, ավելացնել նաեւ դրանց շահագործման համար նախատեսված վառելիք ձեռք բերելու համար ծախսերը: Մասնավորապես, Երեւանի քննական ստորաբաժանման 9 տրանսպորտային միջոցների շահագործման համար ամսական կտրվածքով հատկացվում է 1000 լիտր բենզինային եւ 140 լիտր դիզելային վառելիք:

Սա դեռ ամենը չէ. չնայած գործող օրենսդրությունը թույլատրում է հարմարեցված տրանսպորտային միջոց վարել, բայց սահմանված չեն այն բժշկական ցուցումները, որոնց դեպքերում անձին կթույլատրվի վարել մեքենա:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք է ծանոթանա տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկին, լրացնի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիրը, ապա այն պետք է կցվի վարորդական իրավունքի վկայականի հատկացման էլեկտրոնային գործին: Այսինքն՝ ստորագրելով հայտարարագիրը՝ վարորդի թեկնածուն համաձայնում է, որպեսզի իր առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատությունների կողմից ՃՈ-ն տեղեկություն ստանա: Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՃՈ դիմած առաջին (առաջին խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «A», «A1», «A2», «AM», «B», «B1»եւ«BE» կարգերի տրանսպորտային միջոցներ) եւ երկրորդ խմբի (երկրորդ խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» եւ «D1E» կարգերի տրանսպորտային  միջոցներ) վարորդի թեկնածուներին, վարորդներին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու  համար էլեկտրոնային եղանակով միասնական վեբ սերվերի միջոցով իրականացվում է կոնկրետ անձի կողմից տրանսպորտային միջոց շահագործելու համար հակացուցում հանդիսացող հիվանդության վերաբերյալ տեղեկության ճշտում: Տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցման առկայության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դեպքում ՃՈ-ի կողմից վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է: Նշենք, որ երկրորդ խմբի բոլոր վարորդի թեկնածուներն առաջին անգամ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պետք է անցնեն բժշկական հավատարմագրում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) հաստատությունում բժշկական քննությունը կիրականացվի ընտանեկան բժշկի, թերապեւտի կողմից եւ, ելնելով տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հիվանդությունից (վիճակից), անհրաժեշտության դեպքում ուղեգրմամբ` ակնաբույժի, սրտաբանի, քիթ-կոկորդ ականջաբանի, նյարդաբանի, ներզատաբանի, վիրաբույժի կողմից: Բժշկական քննությունից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան բժշկի, թերապեւտի կողմից, հաշվի առնելով նեղ մասնագետների եզրակացությունը, անձին կտրվի բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք ՃՈ ներկայացնելու համար: Բժշկական հավատարմագրման տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում գրառումներ կատարելիս հիմք է ընդունվելու  տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկերը, եւ կընդգծվի հետեւյալ գրառումներից որեւէ մեկը՝

  1. պիտանի է (պիտանի չէ) 1-ին խմբի տրանսպորտային միջոց վարելու,
  2. պիտանի է (պիտանի չէ) 2-րդ խմբի տրանսպորտային միջոց վարելու,
  3. պիտանի է հարմարեցված/աջակցողսարքով տրանսպորտային միջոց վարելու:

Իսկ, ահա, վարորդական իրավունքի վկայական ունեցող 80 տարին լրացած անձինք կանցնեն ամենամյա, իսկ 70 տարին լրացած անձինք՝ եռամյա պարբերականությամբ պարտադիր բժշկական հավատարմագրում: Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձի բժշկական հավատարմագրումը կիրականացվի ցանկացած բժշկական հաստատությունում վարորդի թեկնածուի, վարորդի հաշվին։ Իսկ վճարի չափը կսահմանվի` ելնելով տվյալ վարորդի թեկնածուին, վարորդին վճարովի հիմունքներով նշանակված մասնագիտական խորհրդատվության եւ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման համար սահմանված գներից:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարորդական իրավունքի տրամադրումը համարվում է կոռումպացված ոլորտներից մեկը: Իրականում մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Մեր հանրապետությունում վերջին տարիներին վարորդ դառնալը, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը բավականին հեշտ է: Հուսանք՝ այս փոփոխությունների արդյունքում գոնե փոքր-ինչ կկարգավորվի ոլորտը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ Բագրատաշենի մաքսային կետի մոտ իրականացվում են համավարակի կանխարգելիչ միջոցառումներ։ Տեղեկություն է հաղորդվում այդ պահին  սահմանային անցակետի մոտ  գտնվող բեռնատար ավտոմեքենաների, այդ օրը  Վրաստան մուտք գործած բեռնատարների թվի մասին։ Սահմանային անցակետում բոլոր վարորդներն անցնում են բժշկական զննություն, չափվում է  նրանց ջերմաստիճանը։ Բեռնատար բոլոր մեքենաները ախտահանիչ նյութերով լվացվում  են, պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ: Տարածքի առեւտրի կետերն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, առաջնահերթության կարգով սպասարկում են վարորդներին, վարորդներին բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։ Ընթացքի մեջ են շրջիկ տարաներով խմելու ջրի մատակարարման եւ  դաշտային սանհանգույցների կառուցման միջոցառումները: Տավուշի մարզպետարանը հրապարակել է մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում գործող 11 խանութների հասցեները,  հեռախոսահամարները, որոնք  պարենային եւ  ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքներն առաքում են գնորդներին:

 

 

 

 

ԿԵՂԾԵԼ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 27-ին նշանակված է  Անդրանիկ Գեւորգյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2106»   մակնիշի տրանսպորտային միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների իր հետագա խախտումները տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու նպատակով 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում՝ քննությամբ չպարզված օրը, անձամբ օգտագործելու համար Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող իր տանը սեւ գույնի ներկանյութով տրանսպորտային միջոցի իրական 34 LP 267 հաշվառման համարանիշների վրա մասնիկներ ավելացնելու՝ LP լատինատառ  տառերը ER դարձնելու միջոցով պատրաստել է հաշվառման կեղծ համարանիշներ, որը տեղադրել է այդ տրասպորտային միջոցի վրա եւ վարել այն, իսկ 2020 թվականի հունվարի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Դիլիջանի տարածքում։ Անդրանիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս