ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10–ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
«Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Մենք պետք է ամրացնենք մեր միությունը, նույնիսկ համավարակի պարագայում։ Պետք է ապացուցենք մեր միության կենսունակությունը ճգնաժամի պայմաններում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը` Հայաստանին ցուցաբերած օպերատիվ աջակցության համար։
«Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ, և, առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկներներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար»,– նշեց վարչապետը։