Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կրկին փորձում է հերքել անհերքելին: Բանն այն է, որ երեկ «ԸՐՎÿվրՍՈÿ ՑպսպոՈՔվÿ» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի մասին: Ընդ որում, փաստաթղթում ամրագրված է, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, եւ արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչեւ 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (Ղհը) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Ընդ որում, որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է, այսինքն՝ արգելված է Մայիլյան պաշտոնյայի մուտքը։ Այստեղ նկատենք, որ այս նույն պատճառաբանությամբ եւ նույն ժամկետով արգելք է սահմանված նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի նկատմամբ, ով Արցախի նախագահի ընտություններում սատարում է հենց Մասիս Մայիլյանին:
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մասիս Մայիլյանը, լուրը փաստացի հերքելու կամ հակառակ ապացույցներ ներկայացնելու փոխարեն, հայտարարություն տարածեց՝ վկայակոչելով, թե իր արգելքի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է մարտի 3-ին, իսկ փաստաթղթի մեջ ժամկետ է ամրագրված մարտի 11-ը: Բայց այս թվային խաղերը ամենեւին Մայիլյանի օգտին չեն, քանզի հենց մարտի 3-ի հրապարակումների մեջ անգամ, որպես որոշման ուժի մեջ մտնելու օր, նշված է մարտի 11-ը, ինչպես եւ հրապարակված փաստաթղթում է:
Ավելին, դեռ մարտի 3-ի հրապարակումից հետո, երբ կրկին փորձ էր արվում հերքել անհերքելին, Մասիս Մայիլյանն իր թիմակիցներին ասել էր, թե պատրաստվում է մարտի 12-ին մեկնել Մոսկվա, որպեսզի մեկընդմիշտ փակվի այս խոսակցությունը: Այցը, սակայն, այդպես էլ չեղավ, իսկ դրա փոխարեն արդեն հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթը, որն ապացուցում է, որ արգելք իսկապես կա:
Այս իրավիճակը բավականին անհանգստացնող է, քանի որ Մասիս Մայիլյանը, որ այսօր ներկայացնում է Արցախը` արտաքին գործերի նախարարի կարգավիճակով, եթե ընտրվի նախագահ, ՌԴ-ի նման ռազմավարական գործընկեր երկրի կողմից մերժված լինելը լուրջ խոչընդոտ է լինելու նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Ի վերջո, ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ երկիր է, կարեւոր դերակատարում ունի արցախյան հարցի բանակցություններում: Այդ երկրի կողմից սպառնալիք որակված մարդը պարզապես չի կարող ղեկավարել հայկական երկու պետություններից մեկը: Ու լավ կլինի, որ միայն այդ հիմքով Մայիլյանը, հանուն Արցախի ապագայի, դուրս գա ընտրապայքարից: Չնայած իրավաբանորեն դա անհնար է, բայց բարոյական տեսանկյունից` անհրաժեշտություն: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է պատկերացնել Արցախի նախագահի, որը պաշտոնապես ՌԴ-ի կողմից որակված է որպես սպառնալիք եւ հինգ տարի չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Ազգային ժողովն առաջիկա տարիների ընթացքում ավելացնելու է ծախսերը։ Դա պարզ է դառնում 2021-2023 թվականների անելիքներն ու պահանջվող ֆինանսներն ուսումնասիրելիս։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է առաջիկա երեք տարիների համար նախատեսված աշխատավարձերի, պարգեւատրումների, այլ ծառայությունների համար նախատեսված գումարները: Եվ այսպես, 2019 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլրդ 414 մլն 632 հազար դրամ, 2020 թվականին այն կազմում է 3 մլրդ 53 մլն 557 հազար դրամ, իսկ, ահա, 2021, 2022 եւ 2023 թվականներին համապատասխանաբար կազմելու է 3 մլրդ 134 մլն 553 հազար, 3 մլրդ 155 մլն 20 հազար եւ 3 մլրդ 172 մլն 525 հազար դրամ: Նկատենք, որ, այս տարվա համեմատ, հաջորդ երեք տարիների համար աշխատավարձային ֆոնդն ավելանում է, եւ, որպես հիմնավորում, Աժ-ն ներկայացրել է այն հանգամանքը, որ բնականոն աճել է պետական ծառայողների աշխատավարձը՝ պայմանավորված միջին աշխատավարձի ավելացմամբ: Սակայն միայն աշխատավարձը չէ, որ, 2020 թվականի համեմատ, հաջորդ երեք տարիներին ավելանալու է. խոսքը նաեւ պարգեւատրումների, դրամական խրախուսումների մասին է: Որպես օրինակ՝ նշենք, որ 2020 թվականին նախատեսված է իրականացնել 787 մլն պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Այս տարվա համեմատ՝ գումարներ են ավելացել նաեւ գրասենյակային մաքրման, էներգետիկ ծառայությունների, անգամ թարգմանչական ծառայությունների կատարման համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլ.փոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է գրված եղել նամակում: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, եւ եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետեւ կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար:
Հայաստանի համախառն պետական պարտքը 2020 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 353 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 7 մլրդ 324 մլն դոլար: Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։ Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 6 մլրդ 835 մլն դոլար, իսկ այս տարվա փետրվարի 29-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 868 մլն դոլար: Կառավարության արտաքին պարտքը տարվա վերջին 5 մլրդ 300 մլն դոլար էր, իսկ փետրվարի վերջի դրությամբ կազմում է 5 մլրդ 252 մլն դոլար: Դրամով հաշվարկած ընդհանուր պետական պարտքը 2019 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 3 տրլն 519 մլրդ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0,17%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. փետրվարի 28-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 3,58%-ով եւ 6.8%-ով: ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 0,26%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. փետրվարի 28-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 5,07%-ով եւ 9,49%-ով: Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։