ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ կապված, հայրենի կառավարությանը առաջարկություններ է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ականները մի մեծ փաթեթ են պատրաստել ու այն ուղարկել գործադիրին՝ նշելով, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի Հայաստանում արտակարգ դրության պայմաններում իրավիճակը վերահսկելի լինի:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց առաջարկությունների որ հատվածն է կառավարությունը ընդունել եւ որը մերժել:
-Ստեղծված իրավիճակում «Դաշնակցության» քաղաքական եւ տնտեսական տեսլականն է այդ փաթեթը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հակաճգնաժամային իրավիճակից ելնելու համար: Ինքը համապարփակ ծրագիր է, որ հիսուն քայլ է նախատեսված՝ արտակարգ ռեժիմից բխող քայլերի, տնտեսության եւ հանրային տարբեր ոլորտների հետ կապված՝ կրթություն, առողջապահություն, բանակ: Մենք այդ ամենը ներկայացրել ենք կառավարությանը եւ հրապարակային հանդես ենք եկել, թե ստեղծված իրավիճակում «Դաշնակցության» կողմից առաջարկվող լուծումներն ու պատկերացումները որոնք են:
-Բայց արձագանքո՞ւմ է կառավարությունը ձեր ներկայացրած առաջարկություններին, արդյոք ներկայացված փաստաթղթից հետո նկատո՞ւմ եք քայլեր գործադիրի կողմից, որն արվել է ձեր առաջարկությամբ:
-Պաշտոնական արձագանք չունենք, բայց իրենց գործողությունների մեջ տեսնում ենք, որ որոշներն արդեն կիրառվում են, բայց մի քիչ կիսատ-պռատ, թերի: Մենք ինչո՞ւ ենք դիմել կառավարությանը. որովհետեւ գործադրողը կառավարությունն է, այդ գործիքակազմը իրենցն է, մենք նման գործիքակազմ չունենք, ինչի համար դիմել ենք իրենց:
-Խնդրում եմ նշեք՝ առաջարկության ձեր այն հատվածը, որը ներկայացրել եք կառավարությանը, ու ինչ-որ չափով այն իրագործել են գործադիրի ներկայացուցիչները:
-Օրինակ՝ առաջին երկու կետեհո՝ արտակարգ դրությունից բխող, որ անհրաժեշտ է անմիջական դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսաապահովմանն ուղղված ընկերությունները ու տրանսպորտի հետ կապված, որը ասել էինք այն ժամանակ, քանի դեռ այդ որոշումները չէր կայացվել: Ընդհանուր առմամբ, երկրում հայտարարված էր արտակարգ դրություն, բայց, կարծես թե, այդ հիմնական խստությունը վերաբերում էր ԶԼՄ-ների աշխատանքներին: Դա պետք է վերաբերեր կյանքի մնացած ոլորտներին եւս: Ակնհայտ է, որ ի սկզբանե իշխանության կողմից կար անլուրջ մոտեցում, վերաբերմունք:
-Ըստ Ձեզ՝ հիմա այդ անլուրջ մոտեցումը փոխվե՞լ է, իշխանություններն ավելի լո՞ւրջ են վերաբերվում ստեղծված իրավիճակին:
-Կարծում եմ՝ արդեն հասկացել են, որ սա կատակ չէ, բայց քայլներն ու գործողությունները պետք է լինեն հավասարակշռված, թիրախային, ու այս մեր ծրագիրը, որը կազմել էինք, հիմնականում թիրախային ենք համարել, որ պետք է ամեն ինչ անել համաճարակի, համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ եւ դրան զուգահեռ անդրադառնալ տնտեսությանը, թիրախային քայլերը ձեռնարկել, նկատի ունենալ մեր սոցիալական անապահով խավին, որն այս օրերին հացի խնդիր է ունենալու: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տնտեսությունը նվազ կորուստներով դուրս գա այս իրավիճակից:
-Կարծում եք՝ արտակարգ դրությունը երկարացնելու որոշում կկայանի՞ ՀՀ կառավարությունը:
-Չեմ կարող ասել, քանի որ դա կորոշի կառավարությունը երկրում ստեղծված իրավիճակի իրական պատկերը ամփոփելուց հետո: Այն ինֆորմացիան, որ իրենք ունեն, դա իրենք պետք է որոշեն, այսինքն՝ իրենք ունեն իսկական տեղեկատվությունը, թե իրականում ինչ է կատարվում ՀՀ-ում:
-Ավելի է խստացվել վիճակը, ու, կարծես թե, հանրությունն էլ ինքնամեկուսացել է, դա չի՞ նշանակում, որ ապրիլի կեսին արդեն իրավիճակը ավելի պարզ կդառնա: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասին:
-Այս քայլերը պետք էր շուտ անել, իրենք անընդհատ մի բան հայտարարել են, բայց անլրջացրել են իրավիճակը, դրա համար մարդիկ սկսեցին այս վիճակին անլուրջ վերաբերվել, մինչեւ տեսան, որ այլ երկրներում ինչ է կատարվում: Այստեղ արդեն հասկացան, որ կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, հիմա սա գիտակցելով՝ կարծես թե, խստացնում են, քանի որ իսկապես այն լուրջ է. դա կապված է մարդկանց առողջության հետ: Այս մեր ծրագիրը, որը ներկայացրել ենք, կոնկրետ երկու ամսվա քայլերի ծրագիր է. եթե լինեն այլ բաներ, մենք կրկին հանդես կգանք առաջարկություններով:
-ՀՅԴ-ն մշտապես քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, արդյոք կարծո՞ւմ եք, որ այդ առաջարկությունները կառավարությունը ընդունելու է ու մեկնած ձեռքը սեղմի:
-Մեր որոշ քննադատողներին՝ թե ընդդիմադիր կուսակցություն ենք, ի՞նչ համագործակցության խնդիր կա, ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, որ մեր ընդդիմադիր կեցվածքներում, մեր գործունեության, մեր գնահատականների մեջ ոչինչ չի փոխվել, բայց երկիրն ունի մարտահրավեր, ունի դժվարություն, որտեղ քաղաքական դիվիդենտներ հավաքելու, իշխանություն-ընդդիմություն խաղալու ժամանակը չի, այլ յուրաքանչյուր անհատ պետք է իր մասնակցությունն ունենա այս իրավիճակը հաղթահարելու համար: Սա վերաբերում է նաեւ իշխանություններին, որպեսզի իրենք էլ իրենց գործողություններով, ելույթներով այդ մթնոլորտին չնպաստեն. այս իրավիճակը սեւեր եւ սպիտակներ չի ճանաչում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ
Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում նախագահի 14 թեկնածուները հիմնականում ակտիվ քարոզարշավ էին անում, հանդիպում ընտրողների հետ, ծրագրեր ներկայացնում։ Եվ չնայած ՀՀ գործող իշխանությունները կարեւորել են Արցախում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացումը, սակայն ժամանակ առ ժամանակ նշվում է առանձին ներկայացուցիչների կողմից այս կամ այն թեկնածուին սատարելու մասին։
Նկատենք, որ այս հարցում ակտիվ են հատկապես նախկին իշխանությունները։ Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պաշտպանում են Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, իսկ Քոչարյանը նույնիսկ ֆինանսավորում է նրան միջնորդների միջոցով։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցով մեկնաբանության համար դիմեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ Արցախի ցանկացած քաղաքական գործիչ իր համար պատիվ պիտի համարի վայելելու ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, որի ավանդը մեր պետությունների շինարարության գործում անհերքելի եւ անգնահատելի է: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, իմ նախընտրական քարոզարշավը իրականացվում է բացառապես ԱՀ ընտրողների նվիրատվություններից իմ նախընտրական հիմնադրամին»:
Նկատենք՝ Բալասանյանը չհերքեց, որ Քոչարյանի թիմը աջակցում է իրեն եւ ֆինանսական օգնություն տրամադրում շտաբի աշխատանքները կազմակերպելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ