ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ է իրականացնելու առաջիկա երեք տարին՝ 2021-2023 թվականներին, եւ թե որքան գումար է անհրաժեշտ դրա համար: Ընդ որում, ԱԺ-ի պահանջները մեծացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով փաստաթուղթը, պարզեց, որ Ազգային ժողովի կողմից 2021-2023 թվականներին իրականացվելու է «Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծրագրիը, որի համար 2021 թվականին նախատեսվում է ծախսել 6 մլրդ 410 մլն 583 հազար դրամ, 2022 թվականին՝ 6 մլրդ 457 հազար 545 դրամ, իսկ 2023 թվականին էլ՝ 6 մլրդ 3456 մլն 375 հազար դրամ: Ընդ որում, կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն թե՛ այս տարի, թե՛ 2021 թվականին: Օրինակ՝ այս տարվա ընթացքում Ազգային ժողովը նախատեսում է՝ իրականացնել ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ ամրապնդելով խորհրդարանի եւ հանրության կապը, ստեղծել փորձագիտական-վերլուծականկենտրոն, բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական ներուժը խորհրդարանական վերահսկողության ոլորտում եւ իրականացնել ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության եւ շենքային պայմանների բարելավման աշխատանքներ:
Եվ հետաքրքիր է, որ այս տարվա՝ 2020-ի ծրագրերը ներկայացնելիս թվային տվյալներ նշված չեն, այնինչ 2021 թվականի ծախսային ծրագիրն արդեն ներկայացված է: Ըստ այդմ, 2021թ. «Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված է Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական ծառայություններ՝ 5 մլն 835 հազար 547 դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում՝ 1 մլն 309 հազար դրամ, ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ 66 մլն 500 հազար դրամ, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ՝ 180 մլն դրամ, Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում՝ 274 մլն 288 հազար դրամ, եւ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում՝ 53 մլն դրամ:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019 թվականի ընթացքում: 2019թ.-ը ՀՀ Ազգային ժողովում եղել է ավտոմատ կառավարման ծրագրերի եւ նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման ժամանակաշրջան։ Ծախսերի օպտիմալացման արդյունքում ներդրվել են համակարգչային նոր ծրագրեր, իրականացված արտաքին աուդիտը կբարձրացնի ՀՀ Ազգային ժողովի բյուջեի կատարման թափանցիկությունը: Ծրագրում նշվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը համալրվել է բարձր որակավորում ունեցող մասնագետներուվ թափուր հաստիքների համար հայտարարված բաց, ազատ մրցույթների միջոցով։ Բացի այդ, 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովի նյութատեխնիկական բազան համալրվել է գերժամանակակից տեխնիկական միջոցներով: Ձեռք են բերվել անվտանգության ապահովման /զննող/ սարքեր, Core i5, i7 համակարգիչներ, թարմացվել է համակարգչային ցանցը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճները ապահովվել են համակարգիչներով, տեղադրվել է հզոր սերվեր, նորացվել է օպտիկամանրաթելային ցանցը, ղեկավար անձնակազմի աշխատասենյակներում տեղադրվել են տեսադիտարկման հնարավորությամբ թվային հեռախոսներ, իրականացվել են վարչական մասնաշենքերի բարեկարգման աշխատանքներ: Սակայն նկատենք, որ վարչական մասնաշենքերի բարեկարգումներն այսքանով չեն ավարտվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, 2021թ. նախատեսվում է 1-ին մասնաշենքի մալուխների հիմնանորոգում, իսկ 2022թ.՝ տնտեսական մասնաշենքի եւ ավտոտնտեսության հիմնանորոգում: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նաեւ առաջիկա երեք տարիների համար նախատեսված աշխատավարձերի, պարգեւատրումների, այլ ծառայությունների համար նախատեսված գումարները: Եվ այսպես, 2019 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլրդ 414 մլն 632 հազար դրամ, իսկ 2020 թվականին այն կազմում է 3 մլրդ 53 մլն 557 հազար դրամ, 2021, 2022 եւ 2023 թվականներին համապատասխանաբար կազմելու է 3 մլրդ 134 մլն 553 հազար, 3 մլրդ 155 մլն 20 հազար եւ 3 մլրդ 172 մլն 525 հազար դրամ: Նկատենք, որ, այս տարվա համեմատ, հաջորդ երեք տարիների համար աշխատավարձային ֆոնդն ավելանում է, եւ, որպես հիմնավորում, Աժ-ն ներկայացրել է այն հանգամանքը, որ բնականոն աճել է պետական ծառայողների աշխատավարձը՝ պայմանավորված միջին աշխատավարձի ավելացմամբ: Սակայն միայն աշխատավարձը չէ, որ, 2020 թվականի համեմատ, հաջորդ երեք տարիներին ավեանալու է. խոսքը նաեւ պարգեւատրումների, դրամական խրախուսումների մասին է: Որպես օրինակ՝ նշենք, որ 2020 թվականին նախատեսված է իրականացնել 787 մլն պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Որպես հիմնավորում՝ նշված է. «2020թ-ի համեմատ՝ 2021թ. եւ 2021-2023թթ. պարգեւատրման ֆոնդի ավելացումը պայմանավորված է պետական ծառայողների աշխատավարձի նախորդ տարիների ֆոնդի ավելացմամբ»: Սակայն միայն այս երկու կետով չէ, որ գումարների ավելացում է տեղի ունեցել: Այս տարվա համեմատ՝ գումարներ են ավելացել նաեւ գրասենյակային մաքրման, էներգետիկ ծառայությունների, անգամ թարգմանչական ծառայությունների կատարման համար: Իսկ, ահա, 2021 թվականին ԱԺ-ն նախատեսում է ձեռք բերել նաեւ ԱԺ նիստերի կոնֆերենս քվեարկության ծրագրային փաթեթ:
Եվ որպես վերջաբան հավելենք, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրել է պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով: Սակայն միեւնույն ժամանակ նա աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաեւ պատգամավորների համաձայնությամբ այդ վճարումներից փոխանցումներ կատարել «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Հավելենք, որ պատգամավորներն ավելի վաղ տվել էին իրենց համաձայնությունը, որպեսզի մեկ ամսվա պարգեւավճարը փոխանցվի այդ հաշվին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՐԵՆՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում եւ իրենց խոսքը հղելու հանրությանը»,- սոցցանցի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նրա փոխանցմամբ՝ մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որեւէ խնդիր չունեն, նրանք Պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են։ Նշենք, որ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել եւս երկու զինծառայողի մոտ։
ԸՍՏ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացած մեր 72-ամյա քաղաքացու հուղարկավորությունը կազմակերպվելու է համաճարակաբանական ցուցումների համապատասխան: Այս մասին հայտնել է Առողջապահությաննախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Դետալներ ներկայացնել չէի ցանկանա, դագաղը փակ է լինելու»,- ասել է նա։ Հարցին, թե կա արդյոք դիակիզման պահանջ, ինչի մասին վերջին օրերին շատերն են խոսում, խոսնակը բացասաբար է արձագանքել. «Դիակիզման պահանջ չկա, ուղղակի հուղարկավորությունն անցկացվելու է՝ ըստ համաճարակաբանական ցուցումների»։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում բավականին մանրամասն են ներկայացված համաճարակաբանական ցուցումները բուժաշխատողների եւ վարակվածի հարազատների համար: Դրանց համաձայն՝ բուժաշխատողները բացառապես համապատասխան հանդերձանքով, որոշակի հաստության մեկուսիչով, փակ դագաղում դրված դին փոխանցում են հարազատներին:
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը ոստիկանությունից ապացույցներ է պահանջել՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանի դիմումի մասով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ԱՖ 158175 որոշումը: Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում:
ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աղմկահարույց օրենքին վերաբերող դիմումը Սահմանադրական դատարանը ընդունել է քննության, եւ դատաքննությունը կսկսվի այս տարվա ապրիլի 28-ին: Նշենք, որ խոսքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ կողմից ընդունված օրենքներին, որոնք նախագահը չէր ստորագրել եւ արդեն փետրվարի 6-ին դիմել էր ՍԴ՝ սահմանադրականությունը պարզելու համար: Հավելենք, որ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթն իրավապահներին հնարավորություն կտա ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների եւ կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։ Այս դրույթների շուրջ մտահոգություններ ունեին նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: Իսկ նախագահի աշխատակազմից ՍԴ ուղարկելու մասին որոշումը մեկնաբանվել էր այսպես. «Արմեն Սարգսյանի հետ հանդիպած անձինք մտահոգություն են հայտնել, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի եւ ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին եւ խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը»: Հավելենք, որ հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, ՍԴ-ն որոշում է կայացրել այն քննել բանավոր ընթացակարգով, իսկ որպես պատասխանող կողմ է ներգրավվելու Ազգային ժողովը: