«ԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ, ԻԲՐ, ՆՐԱՆԻՑ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է: Նա խոսել է կարիերայում հանդիպող դժվարությունների, ձեռքբերումների, կորուստների, թիկունքից ստացած հարվածների եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին նշել է, թե կին-տղամարդ հարաբերություններում ինչը կարող է իրեն հոգնեցնել, եւ ինչպիսի տղամարդկանց է ինքը նախընտրում:

-Ելենա՛, մանուկ հասակում երազում էիք…

-Թռչելու մասին:

-Մի բան, որ հստակ հասկացել եք այս տարիների ընթացքում…

-Չկա վաղը, կա այսօր:

-Ո՞րն եք համարում Ձեր մեծագույն ձեռքբերումը:

-Իմ ձեռքբերումն իմ մայրն է: Ես եւ քույրս մինչեւ ծնվելը հենց նրան ենք ընտրել:

-Ձեր թիկունքից հարվածներ հարազատների կողմից հաճա՞խ եք ստացել:

-Հարազատների կողմից՝ ոչ, առհասարակ՝ շատ: Հարազատներս երբեմն որոշումներ են կայացրել, որոնք ցավ են պատճառել ինձ:

-Փող աշխատելու մոլուցքով երբեւէ տառապե՞լ եք:

-Ոչ:

-Ձեր ո՞ր հատկանիշն է մշտապես գրավում տղամարդկանց:

-Այն, որ ես ե՛ւ հասուն եմ, ե՛ւ մանուկ: Ես ե՛ւ իմաստուն եմ, ե՛ւ երեխայական բնավորություն ունեմ:

-Ձեզ դուր են գալիս այնպիսի տղամարդիկ, որոնք…

-Իսկապես տղամարդ են, որոնք ուժեղ են, գիտեն՝ ինչ են ուզում, կայացած են: Միշտ չէ, որ դա պայմանավորված է տարիքով: Տղամարդը կարող է 18 տարեկանում էլ կայացած լինել: Ինձ գրավում է այն տղամարդը, որը կարող է իր որոշումներն ինքնուրույն կայացնել:

-Հումորը Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:

-Դե, մարդ պետք է հումորով լինի, դա միանշանակ: Հումորի բացակայությունը արգելակում է  մարդու արարքները,   դժվարին իրավիճակներում նա չի կողմնորոշվում, թե ինչ է պետք անել:

-Կենցաղում կա՞ մի աշխատանք, որ տանել չեք կարողանում:

-Հարդուկել չեմ սիրում, բայց երբ ստիպված եմ դա անել, անում եմ սիրով: Եթե գործն իմ սրտով չէ, ես սկսում եմ ինքս ինձ համոզել, որ կարող եմ դրա մեջ եւս մի դրական բան գտնել: Այդպես էլ լինում է: Հակառակ դեպքում, եթե չուզենալով գործ անեմ, մի բան կվառեմ, կթափեմ, կփչացնեմ:

-Ձեր մասին երբեւէ լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Դրանց մի զգալի մասը կապված է «Վերվարածներ»-ում Կնյազի դերակատարի՝ Արտյոմ Կարապետյանի հետ: Լուրեր էին տարածվել, թե, իբր, նրանից երեխա ունեմ: Նույնիսկ իմ բարեկամներից մեկի մոտ այնքան համոզիչ էին ասել, որ նա էլ մի պահ հավատացել էր դրան (ծիծաղում է): Առհասարակ, բամբասանքներին մատների արանքով եմ նայում, լուրջ չեմ վերաբերվում, անտարբեր եմ դրանց հանդեպ:

-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին՝ մարդ, որը դժվարությամբ է փոփոխվում, մարդ, որը փոփոխվում է, բայց դանդաղ, մարդ, որը միշտ պատրաստ է փոփոխությունների:

-Մարդ, որը միշտ պատրաստ է փոփոխությունների:

-Կին-տղամարդ հարաբերություններում ի՞նչը կարող է Ձեզ հոգնեցնել:

-Այդպիսի հարաբերություններ քիչ են եղել, այդ առումով պահպանողական եմ: Երեւի հոգնում ես, երբ ձեր միջեւ չկա նախկին ոգեւորությունը: Պետք է լինի «ամեն անգամ, ինչպես առաջին անգամ»: Ասում են, թե դա հնարավոր չէ, բայց կարող եմ փաստել, որ հարաբերություններում հնարավոր է հասնել դրան: Յոթ տարի ամուսնացած եմ եղել, եւ հարաբերություններում պահել եմ այդ ոգեւորությունը, հետագա հարաբերություններում՝ եւս: Դա զույգին տանում է առաջ:

-Ո՞րն է Ձեր ոլորտում ունեցած ամենամեծ դժվարությունը:

-Այն, որ անընդհատ փորձում եմ նորանոր նշաձողեր սահմանել եւ անցնել դրանք: Սա ամենօրյա քրտնաջան աշխատանք է: Մարդը միշտ աճելու տեղ ունի, եւ պետք է առաջ գնա: Երբ ավելի փոքր էի եւ ունեցա կյանքիս առաջին մեծ հիասթափությունը, ինքս ինձ համար որոշեցի՝ թե ով եմ ես, կապացուցեմ արածս աշխատանքի շնորհիվ: Մինչեւ հիմա էլ շարժվում եմ այդ սկզբունքով:

-Եվ վերջում՝ երջանիկ է նա, ով…

-Երջանկություն կա՛մ կա, կա՛մ ոչ: Մարդը երջանիկ է, երբ սիրված է, գնահատված: Մյուս  կողմից՝ երջանիկ լինելը կապված է մարդու տեսակի հետ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ Է

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Տոբոլի» կիսապաշտպան  Պետրոս Ավետիսյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի մասին. «Այստեղ` Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթանում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք եւ պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով եւ մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը:

Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլեւ ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,- ասել է Պետրոս Ավետիսյանը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 




Լրահոս