ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում: Այլ կերպ ասած, հնարավոր է լինում տեղորոշել մարդկանց։ Նախ նշենք, որ խորհրդարանում բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երեկվա արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն:

Նկատենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել նիստի մեկնարկից ժամեր առաջ եւ հասցրեց քննադատության արժանանալ ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպանների կողմից։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսպիսի կարգավորումներ մտցնելու հեղինակն ու կողմնակիցը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ «Իմ քայլը» խմբակցության մեջ եւս կան մարդիկ, որոնք դեմ են այս կարգավորումներին, այն սխալ են համարում։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ պատգամավորներից մի քանիսը հանդիպել են ՀՀ փոխվարչապետին՝ նրա հետ այս նախագիծը քննարկելու համար։

Պատգամավորները զայրացած են եղել, քանի որ նախագծին եւ կարգավորումներին դեմ էին, սակայն չէին կարող այդ մասին բարձրաձայնել՝ որպեսզի տպավորություն չստեղծվել, թե թիմում պառակտում կա։ Իրականում գրեթե ոչ ոք չի ցանկանում, որ նախագիծը հենց այս կերպով անցնի նաեւ երկրորդ ընթերցում։ Դա երեւաց նաեւ քվեարկության ժամանակ. մեծ թիվ էին կազմում այն պատգամավորները, որոնք չմասնակցեցին նախագծի քվեարկությանը եւ այդպես ցույց տվեցին իրենց անհամաձայնությունը։ Նախագծի քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ Նազելի Բաղդասարյանը։ Բացի այդ, երեկ ԱԺ արտահերթ նիստում շատ էին նաեւ բացակաները։

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչն է այս փորձաքննությունների նշանակման պատճառը եղել: Ըստ ամենայնի, մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ նա ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին: Քննիչը հարց է ուղղել փորձագետին՝ արդյոք այս խնդիրները կարող էին Հայկ Հարությունյանին դրդել գնալ ինքնասպանության: Եվ չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան են տվել: Եվ այժմ, նշանակելով այդ փորձաքննությունները, նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն այս օրերին ահազանգեր էր ստանում վարորդներից, թե հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգի հետքերով զրուցել է «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ, որը նկատեց, որ պատճառը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով սահմանների փակ լինելն է: Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։ Երեկվա դրությամբ որոշ բենզալցակայններում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 300 դրամով։ «Բենզինի հետ կապված ճգնաժամ չի լինի, պահեստավորած ունեն ներկրող ընկերությունները։ Իսկ հեղուկ գազի ոլորտը նոր է զարգանում, խոշոր բազաներ չկան կառուցված, որ մարդիկ ժամանակին պահեստավորեին, որ հիմա խնդիր չունենային», – նշեց նա։ Իսկ  հեղուկ գազ ներկրող «Գազ Պրոպան» ընկերությունից մեզ հայտնեցին. «Այս պահին «Գազ Պրոպանի» բոլոր գազալցակայաններում հեղուկ գազ առկա է։ Մի քանի օր առաջ չի եղել, չենք ունեցել։ Այս պահին խնդիր չունենք»։

 

 

 

 

 

Հայաստանում առաջիկայում կիրականացվեն երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրեր։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ ծնելիության խթանման քաղաքականության շրջանակներում ներկայացվող նախագծի նպատակը բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրումն է երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքներին՝ 1. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, 2. կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն, 3. երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին: Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, կատարվող կանխավճարի նվազագույն չափ՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս եւ առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս, շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ եւ այլն։ Ի դեպ, հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

 

 




Լրահոս