Դեռեւս մարտի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը, որը ուրբաթ օրը հանդիպում է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, կարելի է ասել, ԲՀԿ-ականները հավանել են իշխանության առաջադրած ԿԲ նախագահի թեկնածուին, բայց դեռեւս վերջնական որոշում չունեն, թե խորհրդարանում ինչպես են քվեարկելու նրա թեկնածությանը. սպասում են, թե Մարտին Գալստյանն ինչպես իրեն կդրսեւորի ԱԺ ամբիոնի մոտ, իրենց հարցերին ինչպես կպատասխանի: Իսկ այսօր արդեն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մարտին Գալստյանը պետք է պատասխանի հանձնաժողովականների հարցերին ու ներկայացնի իր անելիքները Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու որոշեցին Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել ԿԲ նախագահի պաշտոնում:
-Պարո՛ն Ուլիխանյան, Ձեր խմբակցությունը որոշել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Ինչո՞ւ իշխանությունների ընտրությունը կանգնեց նրա վրա:
-Ըստ էության, որոշումը դեռեւս չի կայացվել, քանի որ այդ որոշումը պետք է կայացվի ԱԺ-ի նիստերի դահլիճում, բայց, այո, իր թեկնածությունն առաջադրել է մեր խմբակցությունը: Մեր՝ թեկնածու առաջադրման հարցը կքննարկվի նաեւ մեր հանձնաժողովի նիստում, հաստատվելուց հետո այն կմտնի լիագումար նիստերի օրակարգ, եւ արդեն այնտեղ կլինի քննարկում եւ քվեարկություն: Այդ ժամանակ միայն որոշում կկայացվի, թե պարոն Գալստյանը կղեկավարի Կենտրոնական բանկը, թե ոչ: Ենթադրում եմ, որ այդպես էլ կորոշվի, որովհետեւ, այնուամենայնիվ, մեծամասնության ներկայացուցիչն է:
-Իսկ Մարտին Գալստյանի ո՞ր արժանիքի համար է Ձեր խմբակցությունը որոշում կայացրել առաջադրել նրա թեկնածությունը, արդյոք հանդիպե՞լ եք նրա հետ, քննարկումներ ունեցե՞լ եք:
-Վստահաբար կարող եմ ասել, որ իր արժանիքները տվյալ ոլորտում իր ունեցած փորձն է, եւ կարծում եմ, որ դա անհրաժեշտ եւ բավարար արժանիքներ են: Մարդը ունի այդպիսի փորձ, որը կարող է ղեկավարել այդ կառույցը, խմբակցությունում եղել է նման առաջարկ, ընդունվել է այդ առաջարկը, եւ հետեւաբար այլ արժանիքներ ես չեմ էլ փորձում գտնել. ինձ համար կարեւոր է, որ մարդը մասնագիտորեն պատրաստ լինի եւ ունենա այդ կամքը այդ աշխատանքները իրականացնելու համար:
-Այսինքն՝ Ձեզ հուզող հարցերը ուղղե՞լ եք Գալստյանին, հանիպում ունեցե՞լ եք նրա հետ:
-Ճիշտն ասած, հենց այդպիսի խմբակցությունով հանդիպման մասին լավատեղյակ չեմ, բայց ես անձամբ, այո, հանդիպել եմ, մենք իրեն հրավիրել ենք մեր հանձնաժողով արդեն մի անգամ, ոչ թե հանձնաժողովի նիստ, այլ «Իմ քայլը» խմբակցության անդամներով ծանոթանալու նպատակով, մոտիկից ծանոթանալու, մի քանի հարցեր ճշտելու համար: Այսինքն՝ ես հնարավորություն ունեցել եմ, որպես ոլորտային հանձնաժողովի ներկայացուցիչ, ես իմ հնարավորությունը օգտագործել եմ տվյալ անձնավորության հետ մոտիկից ծանոթանալու ու ինձ հուզող հարցերը տալու եւ այլն:
-Ձեզ չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ Մարտին Գալստյանը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, որը դեռեւս 2018 թվականին ՀՀԿ-ի անմիջական քվոտայով է ԿԲ խորհրդի անդամ ընտրվել:
-Ինձ համար դա ունի զրո նշանակություն, որովհետեւ նախկինում բոլորս այս կամ այնկերպ առնչված ենք եղել ՀՀԿ-ի տարբեր որոշումների հետ, այս կամ այնկերպ այդ որոշումներին ենթարկվող, կատարող եւ այլն, չգիտեմ… Այսինքն՝ ՀՀ-ում իշխանությունները եղել են իրենք, ընդունել են տարբեր որոշումներ, ու այդ որոշումներին ՀՀ բոլոր քաղաքացիները ենթարկվել են, որովհետեւ վերջիվերջո օրենքի տրամաբանությունը դա է. մարդիկ պետք է ենթարկվեն օրենքներին, ու մենք ենթարկվել ենք օրենքներին, եւ, ըստ էության, այդ ամենը ինձ համար ունի զրոյական նշանակություն, թե նախկինում պարոն Գալստյանը ինչ առնչություններ է ունեցել եւ ում հետ է ունեցել այդ առնչությունները: Եթե նրա վերաբերյալ չկա այլ արատավոր ինֆորմացիա, ապա նրա՝ ինչ-որ մեկի հետ առնչությունը… Այսինքն՝ մեկին մի տեղ տեսել բարեւել է, մեկի հետ սուրճ է խմել, դա ինձ համար զրոյական նշանակություն ունի:
-Բայց նույն թվականին ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, Գալստյանին ներկայացնելով հանձնաժողովի անդամներին, հայտարարել է, որ տպավորված է նրանով…
-Որեւէ կերպ չի կաշկանդում դա մեզ, որովհետեւ այս պահին մենք ենք ներկայացնում այդ մարդուն՝ ենթադրելով եւ վստահ լինելով, որ այդ մարդու թե՛ մարդկային որակները, թե՛ մասնագիտական որակները համապատասխանում են մեր ուզած պահանջներին: Եւ որեւէ կերպ մարդու անցյալում ունեցած, տարբեր մարդկանց մոտ ունեցած հարաբերությունները մեզ համար նույնիսկ քննարկման առարկա չի դառնում, եթե դրանք, իհարկե, արատավոր բնույթ չեն կրում:
-Այդ դեպքում ինչո՞ւ նույնկերպ չեք վերաբերվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը, քանի որ վերջինս եւս նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, սակայն այժմ որեւէ կապ չունի նրանց հետ: Ինչո՞ւ նույն զրոյական վերաբերմունքը ՍԴ նախագահի դեպքում չկա իշխանությունների կողմից:
-Առանցքային տարբերություններ կան այդ երկու թեմաների մեջ, դա դեմագոգիկ հարց է, քաղաքական զրո նշանակություն ունեցող հարց է: Մենք ՍԴ-ի դեպքում ասել ենք, որ չունենք այն Սահմանադրական դատարանը, որը նկարագրված է այսօր գործող Սահմանադրության մեջ, եւ մեր նպատակն է Սահմանադրական դատարանը բերել այն Սահմանադրական դատարանի վիճակին, որը գործող Սահմանադրության մեջ առկա է: ԿԲ-ն ընդհանրապես չի համապատասխանում ՍԴ վիճակին, ԿԲ-ում կատարվում է այն, ինչ ամրագրված է օրենքով, ՍԴ-ի դեպքում չկա համապատասխանություն: Սա միմյանց հետ պետք չի կապել:
ԼՂՀ-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Այսօր, ի վերջո, Արցախում կայանալու են համապետական ընտրությունները, արցախցիները ընտրելու են ե՛ւ նախագահ, ե՛ւ խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Արցախում ընտրությունների մասով լարվածությունը շատ մեծ է, ու, կարելի է ասել, հիմնականում Արցախում կենտրոնացել են նախագահի ընտրության վրա:
Ըստ մեր տեղեկությունների՝ եթե այս ժամանակահատվածում մշտապես նշվել էր, թե Արցախում տեղի ունենալիք նախագահի ընտրությունը երկրորդ փուլ է ունենալու, եւ այդ փուլում Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայլիյանն են լինելու, ապա նախօրեին թեկնածուների միջեւ տեղի ունեցած հեռուստաբանավեճից հետո նշվում է, որ երկրորդ փուլում հայտնվելու են Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին թեկնածուների միջեւ պայքարն ու լարվածությունը հասել է իր պիկին: Թեկնածուները ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք անողոք պայքար են մղելու այսօր Արցախի նախագահի աթոռը զբաղեցնելու համար: Նշենք նաեւ, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան իշխանությունները այս օրերին աշխատում են, որ Արցախում նախագահ կարգվի Մասիսի Մայիլյանը, որի հովանավորը համարվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մայիլյանին հովանավորում է նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ արտաքսված ու մեկուսացված էր Արցախից: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու են «Անկախության սերունդ» կուսակցության թեկնածու Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, Արցախի պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Հայկ Խանումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից Արայիկ Հարությունյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունի Վահան Բադասյանը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԲՈՂՈՔԱՐԿԵ՞Լ Է
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել Հայաստանի դատախազության՝ 4 ամիս առաջ իրենց ուղարկած միջնորդությունն ու քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստան արտահանձնել հետախուզվող, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին։ Սակայն այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Հետախուզվող Լեւոն Սարգսյանը կարող է բողոքարկել իրեն արտահանձնելու մասին որոշումը, եւ եթե դատարանը բավարարի այն, Սարգսյանը չի արտահանձնվի։ Այլ խոսքով՝ դեռ վաղ է խոսել Մոսկվայի վերջնական դիրքորոշման մասին, ու ամեն բան կարող է փոխվել ցանկացած պահի, ինչպես դա տեղի ունեցավ Քեթրին Միհրան մականունով Միհրան Պողոսյանի հետ, երբ նա ձերբակալվեց, սակայն հետո ինչ-որ պատճառներով կասեցվեց նրա արտահանձնման գործընթացը։ Ակնհայտ է մեկ բան, որ ՌԴ որոշումից անցել է 11օր, ոստիկանությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը լռում են: Իսկ, ահա, Լեւոն Սարգսյանի արտահանձնումը միգուցե ուշանում է, քանի որ նա բողոքարկել է: Իսկ եթե այդպես եղավ, ապա ՀՀ իրավապահները եւս 1.5 ամիս պետք է սպասեն Ալրաղացի Լյովիկին:
ԱՐԳԵԼՈՒՄ Է
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում է արգելել ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների վաճառքը եւ դրա համար առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել։ Մասնավորապես, օրենքով նա ցանկանում է ամրագրել, որ թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը, իսկ ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված ժամանակաշրջանը սկսվում է Նոյեմբերի 1-ից եւ ավարտվում է օրացուցային հաջորդ տարվա Հունվարի 13-ով: Բացի այդ առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում արգելվում է ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը: Իսկ առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: