ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում: Այլ կերպ ասած՝ հնարավոր է լինում տեղորոշել մարդկանց։

Նախ նշենք, որ խորհրդարանում բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երեկվա արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն: Իսկ ի՞նչ է ամրագրված նախագծում. նախ՝ առաջարկվում է նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաեւ մարդկու անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Մասնավորապես, կարողանալու են ստանալ հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Փաթեթով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:

Նկատենք, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել նիստի մեկնարկից ժամեր առաջ, սակայն հասցրել է քննադատության արժանանալ ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպանների կողմից։ Եվ հենց դա է պատճառը, որ երեկ խորհրդարանում քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե նախագիծը քննարկել է ՄԻՊ-ի հետ, որը շատ լուրջ վերապահումներ ու անհամաձայնություններ ունի նախագծի վերաբերյալ եւ հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու. նման կերպ էին վարվել նաեւ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Սակայն ամենն այսքանով չի ավարտվում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսպիսի կարգավորումներ մտցնելու հեղինակն ու կողմնակիցը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ անձամբ այդ մասին հայտարարեց նաեւ կիրակի օրը՝ քննարկման ժամանակ։ Սակայն պարզվում է՝ «Իմ քայլը» խմբակցության մեջ եւս կան մարդիկ, որոնք դեմ են այս կարգավորումներին, այն սխալ են համարում։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ պատգամավորներից մի քանիսը հանդիպել են ՀՀ փոխվարչապետին՝ նրա հետ այս նախագիծը քննարկելու համար։ Պատգամավորները զայրացած են եղել, քանի որ նախագծին եւ կարգավորումներին դեմ էին, սակայն չէին կարող այդ մասին բարձրաձայնել, որպեսզի տպավորություն չստեղծվեր, թե թիմում պառակտում կա։ Սակայն իրականում գրեթե ոչ ոք չի ցանկանում, որ նախագիծը հենց այս տեսքով անցնի նաեւ երկրորդ ընթերցում։ Եվ դա է պատճառը, որ իր եզրափակիչց ելույթի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւս շեշտեց, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են արվելու։

Ինչպես արդեն նշեցինք, այս փոփոխությունները քննադատության են արժանացել նաեւ իրավապաշտպանների կողմից։ Մասնավորապես, նրանց մետ այս նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացրել, թե ինչպես պետք է պարզեն կոնտակտավորներին, ովքեր են համարվում, երբ են սկսելու վերծանել այդ ամեն ինչը եւ այլն։ Մեկ այլ հարց եւս բաց է մնում, որի մասին խորհրդարանում բարձրաձայնեցին նաեւ պատգամավորները. անձը կարող է օրվա մեջ շատերի հետ զրուցել, հաղորդագրություններ ուղարկել, սակայն նրանց չհանդիպել եւ հակառակը։ Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը այս նախագծին չի քվեարկել, այնինչ նա մինչեւ այդ ելույթ է ունեցել, այսինքն՝ ներկա է եղել քննարկմանը։ Եվ ավելին, նրա ելույթն ամենասուր ելույթներից մեկն էր, իսկ պատգամավորն էլ ԱԺ ամբիոնի մոտ էր եկել դիմակով։ Նա մասնավորապես հայտարարել էր, թե ավելի վտանգավոր է իր՝ Ազգային ժողով գալը, քան կոնտակտավորների շրջապատը։ Բայց նա միակը չէ. նախագծի քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ Նազելի Բաղդասարյանը։ Բացի այդ, երեկ ԱԺ արտահերթ նիստում շատ էին բացակաները, սակայն դրա պատճառը պատգամավորների մի խմբի՝ Արցախ մեկնելն էր։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ

Երեկ տեղական ժամանակով ժամը 16:09-ին երկրաշարժ է գրանցվել Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արեւելք օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով։ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել  է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՄ-ԻՑ

ԵՄ-ն Հայաստանի 3000 խոցելի տնտեսություններին օգնություն կտրամադրի, այդ թվում՝ տարեցներին, սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ բազմազավակ ընտանիքներին՝ Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերում: Կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի շրջանակում Եվրահանձնաժողովն աջակցում է իր գործընկերներին եւ 140 մլն եվրո կհատկացնի Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային:

 

 

 

ՎԱՏԱՑԵԼ Է

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

 

 

 

 

 

ՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Կորոնավիրուս է ախտորոշվել եւս մեկ զինծառայողի մոտ. վիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում. արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Հիմա նա հոսպիտալացված է, առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-նշել է նա։ Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության եւ շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

 

 

 

 

 

ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. ոստիկանության «Դավիթաշեն» բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի։

 

 

 

 

ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

2018թ. համեմատ՝ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, սակայն նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399: Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է՝ 2018թ. համեմատ: 2019թ. ընթացքում դատարաններում քննվել եւ ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված 136 գործով 233 անձի դիմաց: Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն, 2018թ. համեմատ, 17,6%-ով ավելացել է դատարանում քննված եւ ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝  նշված գործերով անցնող ամբաստանյալների եւ 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած եւ ազատազրկման ձեւով պատժի դատապարտված անձանց թիվը: Աննխադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման եւ վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ ՀՀ դրամի  վնաս:

 

 

 

 

ԿԹԵԹԵՎԱՆԱՆ

«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կարվի։ Պարզվում է, որ արտադրանքի նկատմամբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար սերտիֆիկացման մարմինները եւ փորձարկման լաբորատորիաները, հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաեւ պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն անել «Պետական տուրքի մախջֆ» ՀՀ օրենքում եւ «120» թիվը փոխարինել «20» թվով: Ասել է թե՝ սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների ֆինանսական բեռը կթեթեւանա։

 

 

 




Լրահոս