ՀՀ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղաղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից անցել է 6 ամիս, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը՝ ի դեմս Քննչական կոմիտեի, նոր գործողությունների է դիմել:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնի գյուղում գտնվող իր առանձնատանը ինքնասպան էր եղել ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել, եւ վերջինիս հետ էր եղել ոստիկանության անձնագրային ծառայության պետերից մեկը՝ Ն. Հ-ն: ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանը իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ու տես, այսօր իրեն անարգանքի սյունին են գամում, սեւ բիծ են քաշում կենսագրության վրա, եւ իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կարեւորագույն վկան անցած տարի` դեպքից մի քանի օր անց, լքել էր երկիրը, սակայն նախաքննական մարմնին վստահեցրել էր, որ հետ է վերադառանալու, եւ խոստումը կատարեց: Այսպիսով, Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից անցել է 6 ամիս, եւ, ահա, վեց ամիս անց նախաքննական մարմինը նոր որոշում է կայացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել, ըստ այդմ՝ քրեական գործով նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչ է եղել այս փորձաքննությունների նշանակման անհրաժեշտությունը: Ըստ մեզ հասած լուրերի՝ նախաքննական մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ Հայկ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Հայկ Հարությունյանի մտերիմներից մեկն էլ ասել է, որ վերջին շրջանում հաճախ էր ալկոհոլ օգտագործում եւ դեպքի օրն էլ է մի փոքր գինովցած եղել: Մտերիմներից մեկն էլ նախաքննական մարմնին հայտնել է, որ նա փակվել էր իր տանը, ոչ մեկի հետ չէր շփվում, ինքնամփոփ էր դարձել:

Ինչեւէ, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին: Ներկայացնելով դատաբժշկական փորձագետներին՝ քննիչը հարց է ուղղում՝ արդյոք նա, այս խնդիրներն ունենալով կամ, ինչպես հարազատներն են պնդում, ընկճված լինելով, սրտնեղելով, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, կարող էր դիմել ինքնասպանության: Չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան են տվել: Մասնավորապես, փորձագետն ասել է, թե ներկայացված ապացույցները ցույց են տալիս, որ նա, այդ հանգամանքներից ելնելով, չէր կարող ինքնասպանության գնալ: Եվ, ահա, նախաքննական մարմինը այս իրավիճակից դուրս գալու համար քրեական գործով նշանակել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ինչո՞ւ. քանի որ ձեռք բերված ապացույցները չեն հիմնավորում, որ նա ինքնասպանության է գնացել խմելու կամ ընկճված լինելու հանգամանքից ելնելով: Նշանակելով այդ փորձաքննությունները՝ նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց եւ նշանակված փորձաքննությունների եզրակացությունից հետո նոր կկարողանա հիմնավորել, որ, օրինակ, Հայկ Հարությունյանը հոգեբանական վատ վիճակում է եղել, որ ինքնասպանություն է գործել, որից հետո էլ, ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը նախաքննության ավարտի մասին կհայտարարի:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է համապատասխան փորձագետներին: Փորձագետի եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է կատարել` կապված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն դրամ գումարից առնվազն 124 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան: Բացի այդ, նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Այլ խախտումներ եւս հայտնաբերվել են: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

Օրեր առաջ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան եւ Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել են որովայնի առաջնային պատի եւ ձախ թեւի, իսկ մյուսին՝ կրծքավանդակի հետին մասի հրազենային վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։  Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է, որը վիճաբանության ընթացքում, իր կողմից մինչ այդ ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել երկու համաքաղաքացիների ուղղությամբ, իսկ ինքն ավտոմեքենայով դիմել փախուստի: Որոշում է կայացվել՝ վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

 

ԽԻՍՏ ԿԱՆՈՆՆԵՐ

Կորոնավիրուսից մահացած անձի դիակը հանձնվում է հարազաներին զմռսված, փակ դագաղներով։ Այս մասին ԱԺ-ում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասել է Ան տեղակալ Անահիտ Ավանեսյանը։  «Հետեւում ենք անվտանգության պահանջներին, ինչը ենթադրում է հատուկ պաշտպանության պարկերի օգտագործում, հատուկ ձեւով մշակում եւ դագաղների զմռսմանը։ Եւ վստահեցնում ենք, որ այս բոլոր խիստ կանոնները ապահովելու արդյունքում ապահով կլինենք, վարակի տարածման հնարավորություն չի լինի»,-պատասխանել է նա պատգամավորների այն հարցին, թե արդյոք մահացած մարդու մարմինը չի հանդիսանում վարակակիր։

 

 

 

 

 

ԾԵԾԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ

Մարտի 23-ին գրել էինք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա եւ տեղակալ Մենուա Հովսեփյանը առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որեւէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել: Իսկ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով տուժողը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել, եւ նախաքննական մարմնին կոնկրետ անուններ է տվել:

Ինչեւէ, դեպքից անցել է մեկ շաբաթ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը նախաքննական մարմնից հետաքրքրվեց, թե արդյոք քրեական գործով կա մեղադրյալ, թե ոչ: Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ տվյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ այս պահի դրությամբ չկա: Ասել է թե՝ քաղաքապետի հարցը դեռեւս օդից կախված է, եւ իրավապահները դեռես չեն հապաղում նրան մեղադրանք առաջադել:

Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպքեր են եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Սակայն սա էլ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա անունը կապվում է նաեւ 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, եւ իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ: Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում: Այս դեպքում դեռեւս նա կարգավիճակ չունի: Արդյոք իրավապահները վախենո՞ւմ են քաղաքապետին պատասխանատվության կանչել, թե՞ այլ խնդիր կա:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս