ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՈՐՍ ԿԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սեւանա լճում սիգի որսի թույլատրելի քանակությունը սահմանել 200 տոննա (յուրաքանչյուրի քաշը՝ 500 գրամից ոչ պակաս), իսկ կարասինը՝ անսահմանափակ։ Այս նպատակով ՇՄՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել, որով կսահմանվի 2020 թվականի օգտագործման ենթակա չափաքանակները։

Մեզ հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը։ Այսպես, սիգ ձկնատեսակի որսը կիրականացվի Մեծ Սեւանի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, իսկ կարասի որսը կիրականացվի Սեւանա լճի ողջ տարածքում։ Նշված ձկների արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարգելվի որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։ Ավելին, իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը կսահմանվի 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այսինքն՝ սիգի փորձարարական որսը հնարավոր է իրականացնել նշված ժամանակահատվածում։

Ի դեպ, տեղեկացնենք, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին ձկնատեսակների ձվադրման, բազմացման ժամանակահատվածն է։ Բացի այս, կարգելվի ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սեւանա լիճ մուտք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից։ Սեւանա լճում ձկների արդյունագործական որսը կիրականացվի օրվա լուսային ժամերին։ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով տարածքը տնօրինողի կողմից իրականացվելու է Սեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի եւ ելքի տեղամասերի ստեղծում։ Նշենք, որ որսի ժամկետների եւ չափաքանակների նկատմամբ հսկողություն պետք է իրականացվի, իսկ վերահսկող կառույցը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ունեն արդյոք աշխատանքային անհրաժեշտ ռեսուրսները կամ ՊՈԱԿ-ի տեսուչների քանակը բավարարում է այս գործընթացը վերահսկելու համար. «Երբ որսի կարգը ներկայացվել է, քննարկվել է նաեւ այդ ամեն ինչը, հաշվի է առնվել ամեն բան, մենք բավականին թվով տեսուչներ ունենք, որոնք կարող են անաչառ ստուգել, վերահսկել այդ գործընթացը»։ Ի դեպ, այս ընթացքում լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ 200 տոննա փորձարարական որսը նախատեսված է ոչ թե ձկնորսների, այլ «Սեւանի Իշխան» ընկերության համար։ Սակայն այս տեղեկությունը լսելուց հետո ՊՈԱԿ-ի տնօրենն անմիջապես արձագանքեց. «Ոչ , նման բան չկա։ Այդ փորձարարական որսը նախատեսված է ձկնորսների համար»։ Բայց, մյուս կողմից, մեկ այլ տեսակետ է շրջանառվում նաեւ այն մասին, որ նշված ընկերությունը հնարավոր է ձկնորսներին գրանցի եւ այդպես մասնակցի պիլոտային այս ծրագրին։ Սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կկարողանա պատվով դուրս գալ այս հարցում եւ թույլ չի տա ձկնորսներին գերորս իրականացնել՝ վտանգելով արդեն եղած ձկնային  պաշարները, ինչպես եղավ վերջին տարիներին, եւ գերորսի հետեւանքով խեցգետնի պաշարները զգալի պակասեցին։ Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Սեւանա լճում արդյունագործական նպատակներով ձկան եւ խեցգետնի որս իրականացնել ցանկացողները լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝ հայտատուի անձնական տվյալները, ձկան եւ խեցգետնի տեսակը, չափաքանակը, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման ժամանակահատվածը, որսամիջոցները, ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը եւ նկարագիրը, ձկնորսների քանակը եւ անձնագրային տվյալները։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՊԱԿԱՍՈՒՐԴ Է

Հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք վարորդներ: Նրանց պատմելով` այսօր հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա, իսկ լցակայանները, որոնք քիչ քանակությամբ հեղուկ գազ ունեն պահեստավորած, վարորդներին կարողանում են վաճառել քիչ քանակությամբ:

«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ միակ պատճառը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով սահմանների փակ լինելն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Ե՛ւ վարորդները, ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել: Հիմնականում վարորդները խուսափում են իրանական գազ օգտագործել, անգամ նրանք իրենց ավտոմեքենայի համակարգը ստիպված են եղել քանդել եւ նորից մոնտաժել: «Սահմանային խնդիրներ են, իսկ հեղուկ գազը ներկրվում է Իրանից, Ռուսաստանից։ Իմ տեղեկություններով՝ բեռնափոխադրողները չեն մտնում։ Իրաքից հեղուկ գազ եթե ներմուծում էին, ապա դարձյալ Իրանով էին բերում»,- տեղեկացրեց «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը։ Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։ Երեկվա դրությամբ որոշ բենզալցակայններում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 300 դրամով։ «Բենզինի հետ կապված ճգնաժամ չի լինի, պահեստավորած ունեն ներկրող ընկերությունները։ Իսկ հեղուկ գազի ոլորտը նոր է զարգանում, խոշոր բազաներ չկան կառուցված, որ մարդիկ ժամանակին պահեստավորեին , որ հիմա խնդիր չունենային»։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց հեղուկ գազ ներկրող «Գազ Պրոպան» ընկերության հետ, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Այս պահին «Գազ Պրոպանի» բոլոր գազալցակայաններում հեղուկ գազ առկա է։ Մի քանի օր առաջ չի եղել, չենք ունեցել։ Այս պահին խնդիր չունենք, բայց առաջիկայում մի քանի օրով դարձյալ չենք ունենա։ Բայց այս պահին չեմ կարող կանխատեսել ապագայի հետ կապված, ուղղակի մի քանի օր չենք ունենա»։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյոք պակասուրդը կազդի հեղուկ գազի գնի վրա, ընկերության աշխատակիցը վստահեցրեց՝ նշելով. «Մենք աշխատում ենք նույն գրաֆիկով եւ նույն գնացուցակով. մեկ լիտրը՝ 180 դրամ»։ Տեղեկացնենք, որ բենզինի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունը եւս հեղուկ գազ է Հայաստան ներմուծում, սակայն ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին չունեն պահեստավորած հեղուկ գազ եւ չեն կարող ժամկետներ նշել, թե երբ կունենան։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Իրանի հետ սահմանը փակ չէ, միայն, Պարետի որոշմամբ, Իրանից Հայաստան եւ Հայաստանից Իրան փոխադրվող ապրանքների ցանկ կա սահմանված։ Երեկվա դրությամբ ցանկում հեղուկ գազ ներառված չէր, սակայն նախարարությունից մեզ փոխանցեցին, որ այն անընդհատ թարմացվում է։ Ռուսաստանի հետ սահմանը եւս փակ չէ բեռնափոխադրում իրականացնելու համար։

Նյութերը՝  ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԵՖԻՑԻՏ

Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ մարզի 22 համայնքներից մարզպետարան հայտ է ներկայացվել գարնանացան սերմացու գնելու մասին, մարզպետարանը  կապ է հաստատել Գյումրիի սելեկցիոն կայանի, Գեղարքունիքի, Լոռու մարզի սերմարտադրողների, սերմեր ներկրող այլ  ընկերությունների հետ, որպեսզի Տավուշի ֆերմերներին սերմացու մատակարարվի։ Մարզպետ  Չոբանյանը հայտնեց, որ Հայաստանում՝ Տավուշի մարզում, առկա է ազոտական պարարտանյութի  պակաս։ Դա կապված է  այն բանի հետ, որ նախկինում ազոտական պարարտանյութ ներկրվում էր Վրաստանի Մառնեուլիի շրջանից, ուր այժմ կարանտինային վիճակ է։ Մարզպետի վկայությամբ՝ Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունները ձեռք են բերել 150 տոննա ազոտական պարարտանյութ, առաջիկա շաբաթվա ընթացքում ձեռք կբերվի եւս 70 տոննա, մարզպետարանը  միջոցներ է ձեռնարկում այլ մատակարարներից ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար։

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ 

Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանը մարտի 28-ին սոցցանցի իր էջում ուղիղ եթերում ներկայացրել է մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Մարզի բնակիչներից Արթուր  Խաչատրյանն անդրադարձել է սահմանամերձ Չորաթան գյուղում գործող «Տավուշ տեքստիլ» ընկերության ձեռնոցի գործարանի աշխատանքին եւ մտահոգություն հայտնել, որ կորոնավիրուսի  հետ կապված գործարանի աշխատանքը կարող է վտանգավոր լինել։  Ա. Խաչատրյանը  նշել է, որ գործարանում պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը, ալկոգել է տրամադրվում, աշխատողները  պաշտպանիչ դիմակներով են, նրանց ջերմությունը չափվում է, սակայն  մեկ հերթափոխում Բերդի տարածաշրջանի գյուղերից 50 բանվոր է մեկ  տեղում  հավաքվում, ինչը կարող է վարակի առումով խնդիրներ հարուցել։ «Տավուշ տեքստիլ»  ընկերությունը ձեռնոցի արտադրամասեր է աշխատեցնում նաեւ Բերդ քաղաքում, Արծվաբերդ գյուղում։

 

 

 

ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է  պայմանագրային զինծառայող Հրանտ Զաքարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2019թ. նոյեմբերի 28-ին Բերդ քաղաքի Խորենացի փողոցի վերնամասից՝ վայրի աճած թփերից հավաքելու միջոցով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն ապօրինի պահել իր մոտ, նույն օրը նշված զանգվածից ապօրինի իրացրել՝ հյուրասիրել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Շահեն Հովհաննիսյանին։ Հրանտ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով եւ 268 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս