ԺԱՄԱՆԱԿ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է «ՓՐԿԵԼ» ԶԻԴԱՆԻՆ ԵՎ ԻՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները եւ մրցաշարերը դեռեւս դադարեցված են։ Առաջնությունների  վերսկսման մասին հուսալի լուրեր չկան, ամեն դեպքում  ֆուտբոլային հասարակությունը շարունակում է հուսալ, որ համաճարակը կլքի մեզ որքան հնարավոր է շուտ, եւ առաջնության դադարեցված հանդիպումները կկայանան՝ փրկելով ֆուտբոլը խոշորագույն ճգնաժամից։

Ստեղծված դադարը ֆուտբոլային առումով կարող է լավ անդրադառնալ շատ թիմերի վրա, որոնցից մեկն էլ Մադրիդի «Ռեալ»-ն է։

Զինեդին Զիդանի թիմը, չնայած նրան, որ առաջնության ընթացքում կարծես թափ էր հավաքել եւ անպարտելիության շարքով առաջ էր շարժվում,  մրցաշրջանի վճռորոշ հատվածում, մեղմ ասած, լավ վիճակում չէր։ Սուպերկլասիկոյում «Բարսելոնայի» նկատմամբ 2։0 հաշվով տարած հաղթանակից հետ մադրիդյան հսկան դրսում 1։2 հաշվով պարտվեց «Բետիսին» եւ առաջնության առաջին հորիզոնականը կրկին զիջեց «Բարսելոնային»։ Սրանից առաջ էլ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը ՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում,  1։2 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեստեր Սիթիին»։ «Քաղաքայինների» դեմ պատասխան հանդիպումը պետք է արդեն կայացած լիներ. հայտնի պատճառներով հանդիպումը հետաձգվել է, որը միանշանակ  ձեռնտու է մադրիդյան թիմին։ Այնպիսի տպավորություն էր, որ մադրիդյան թիմի ֆուտբոլիստները ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես այդքան էլ լավ վիճակում չէին։ Դրան էլ եթե գումարենք վնասվածք ստացած եւ որակազրկված ֆուտբոլիստներին, ապա կարող ենք ասել, որ «Ռեալը» շատ քիչ շանսեր ուներ «Էթիհադում» ցանկալի հաշվով հաղթանակ տանելու համար։ Այս  դադարը Զիդանին հնարավորություն կտա վերադարձնել թիմի հոգեբանությունը, կվերդառնան վնասվածք ստացած ֆուտբոլիստներից շատերը. եւ, միանշանակ, «Սիթիի» դեմ հանդիպմանը մադրիդյան ակումը կունենա ավելի մեծ հնարավորություններ մյուս փուլ անցնելու։ Վերջերս մամուլում շատ են խոսում այն մասին, որ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, եւ շուտով հնարավոր է՝ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնանկ անի նրան։ Առաջին անգամ, երբ լեգենդար նախկին ֆուտբոլիստը գլխավորեց թիմը, կարողացավ հասնել մեծ հաջողությունների, կարողացավ թիմում հաստատել լավ մթնոլորտ եւ արթնացնել «Ռեալին» խորը քնից։ Զիզուն դադար վերցրեց 3 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթին տիրանալուց հետո եւ կրկին որոշեց վերադառնալ։ Այս անգամ շատ բան չի ստացվում, եւ դա հասկանալի է. Զիդանի թիմը այժմ սերնդափոխություն է ապրում։ Իհարկե, շատ դժվար է կրկին մոտիվացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր արդեն հաղթել են  ամեն ինչ։ Այդ ֆուտբոլիստները այլեւս ծարավ չեն հաղթանակների, եւ թիմում ստեղծված ճգնաժամը հասկանալի է։ Արդեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» կարող են լքել  այդ լեգենդար հաղթանակներ կերտողներից շատերը. Մարսելոն, Իսկոն եւ Գարեթ Բեյլը մեկ ոտքով արդեն Իսպանիայի մայրաքաղաքում չեն։ Չի բացառվում նաեւ, որ թիմը կլքեն Ռաֆայել Վարանը, Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը։ Այո, թիմը գնում է սերնդափոխության, եւ այդ պատասխանատու եւ անշնորհակալ գործը  այս պահին փորձում է իրագործել Զինեդին Զիդանը։

Դադարը առայժմ շարունակվում է, եւ թիմը հնարավորություն ունի որոշ չափով դուրս գալ ճգնաժամից եւ լավ մոտենալ հետաձգված հանդիպումներին։ Մադրիդյան թիմը պայքար է մղում նաեւ Իսպանիայում չեմպիոնության համար եւ ընդամենը 2 միավորով է հետ կատալոնական «Բարսելոնայից»։ Այսպիսով, պետք է ընդգծել, որ այս դադարը ֆուտբոլային առումով մադրիդյան թիմին, բացի լավից, վատը տալ չի կարող։ Հենց այս դադարը կարող է «փրկել» Զիդանի պաշտոնն ու թիմի  ֆուտբոլիստներին հերթական ֆիասկոյից։

Իսպանական Լա լիգան, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, բայց, հնարավոր է, այլ ձեւաչափով։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն  հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ լիգաները չեմպիոններ չեն ունենա, եթե առաջնությունները չշարունակվեն։ Սա հնարավորություն է տալիս հանգիստ շունչ քաշել «Ռեալին», քանի որ առաջնությունը չեղարկելու պարագայում «Բարսելոնան» չի դառնա չեմպիոն։

Այդ որոշումը միանշանակ անարդար կլինի, քանի որ կատալոնական ակումբը  առաջնության ավարտից 11 տուր առաջ «Ռեալից» ունի ընդամենը  2 միավորի առավելություն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները շարունակում են մնալ կարանտինի մեջ այն բանից հետո, երբ  «Ռեալի» բասկետբոլային  թիմի բասկետբոլիստներից մեկի մոտ ախտորոշվել էր COVID-19 կորոնավիրուս։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

ԱՊՐԻԼԻ 2-ԻՑ ԿՎՃԱՐԵՆ

2020թ. ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները։

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՂԻՆԵՐԻՆ

ՀՀ կառավարությունը երեկվա արտահերթ նիստում ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման յոթերորդ ծրագիրը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հղի կանանց: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է. «Միջոցառման շահառու է այն հղի կինը, որը 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»։ Ըստ նախարարի՝  աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով՝ 100 հազար դրամի չափով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, սահմանափակումներ չեն դրվում, իրենք կարող են նաեւ մյուս ծրագրերից էլ օգտվել։ Նա հավելեց՝ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառներով մահացել է, եւ այս դեպքում նա եւս պետք է օգտվի աջակցությունից:

 

 




Լրահոս