ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԶՈՒՅԳԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի ամենաերկարակյաց աստղային զույգերին: Ո՛չ մասնագիտական ոլորտի խնդիրները, ո՛չ անձնական ամբիցիաները չեն խոչընդոտել մեր հերոսների համատեղ կյանքին եւ երջանկությանը: Նրանք միասին բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել, սակայն չեն կորցրել ամենակարեւորը՝ միմյանց նկատմամբ սերն ու վստահությունը:

 

Սամվել Բաղինյան եւ Ջուլիետա Ստեփանյան

Դերասանուհին իր որոշ հարցազրույցներում պատմել է, թե ինչպես է հանդիպել ամուսնուն, եւ ինչ բարդ ճանապարհ են անցել նրանք մինչեւ ամուսնությունը: Պարզվում է՝ տիկին Ջուլիետան արդեն ամուսնալուծված էր եւ նույնիսկ մայրիկ էր, երբ հանդիպել է ներկայիս ամուսնուն: Նա դերասանին ամեն կերպ համոզել էր իրենից հեռու մնալ եւ, ինչպես ինքն է ասում, «մի ազաբ աղջկա ուզել», սակայն Սամվել Բաղինյանն անդրդրվելի էր  եւ պնդել էր, որ պետք է ամուսնանա հենց տիկին Ջուլիետայի հետ: Ի վերջո, խենթ սիրահարը հասել է իր նպատակին: Այդպիսով, արդեն երկար տարիներ նրանք վայելում են իրենց համատեղ կյանքը: Երկուսն էլ՝ դերասան, երկուսն էլ՝ հումորով ու կենսուրախ մարդիկ. էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:

 

Վարուժան Մանուկյան եւ Նարինե Ալեքսանյան

27 տարի է՝ դերասան ամուսինները միասին են: Դեպի բեմ տանող  նրանց ճանապարհն սկսվել է Մետրո թատրոնից, այժմ էլ են աշխատում նույն հարկի տակ` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Պարզվում է՝ ամուսինները սովորել են նույն կուրսում, սակայն Վարուժանը ապագա կնոջն աչքադրել է միայն վերջին կուրսում. «Կուրսային աշխատանքի ժամանակ շրջազգեստ էր հագնում, ու բեմում ես տեսա նրան որպես կնոջ` գրիմով, գեղեցիկ… Չգիտեմ` ինչ տեղի ունեցավ, ինչպես պատահեց, որ ես սկսեցի նրան տուն ուղեկցել, գնալ ու տնից դասի բերել: Էսպես սկսվեց մեր սիրո պատմությունը»,-մի առիթով պատմել է դերասանը: Նրանք այն զույգերից են, որոնք խոստովանում են, որ իրենց համատեղ կյանքը շատ հարթ չի անցնում. վեճեր ամեն օր էլ կան, սակայն  իրարից նեղանալու պրոցեսը շատ կարճ է տեւում:

 

Ժան Նշանյան եւ Շաքե Թուխմանյան

Դերասան ամուսինները, միանշանակ, մեր շոու-բիզնեսի ամենահամակրելի զույգերից են: Նրանք երկուսն էլ ակտիվ կերպով ներգրավված են հեռուստանախագծերում, նվիրված են իրենց մասնագիտությանը: Դա չի խանգարել, որ ամուսինները նույնքան նվիրված մնան նաեւ մեկը մյուսին:

 

Հրաչյա Հարությունյան եւ Սյուզան Մարգարյան

Ավելի քան երեսուն տարի է՝ աստղային ամուսինները միասին են: Նրանք, միանշանակ, ոլորտի ամենաներդաշնակ զույգերից են: Երգչուհին Հրաչյա Հարությունյանին գովելու առիթը բաց չի թողնում. նա հաճախ նշում է, թե որքան տաղանդավոր, խորը եւ համբերատար է իր ամուսինը: Իսկ վերջինս շատ չի սիրում խոսել, բայց իր պահվածքով մեկ անգամ չէ, որ ցույց է տվել կնոջ հանդեպ սերն ու նվիրվածությունը:

 

Արմեն եւ Աննա Էլբակյաններ

Նրանք եւս պատկանում են այն զույգերի թվին, որոնք չեն սիրում ձեւացնել եւ ասել, թե իրենց կյանքում ամեն բան հարթ է եղել: Դերասան ամուսինները արդեն 39 տարի է՝ միասին են, սակայն Աննա Էլբակյանը խոստովանել է, որ իրենք 4 անգամ բաժանվել եւ միացել են: Այս հանգամանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք հաղթել են բոլոր կարգի դժվարությունները, քանի որ հասկացել են, որ առանց մեկը մյուսի ապրել չեն կարող:

 

Տիգրան Ներսիսյան եւ Նելլի Խերանյան

Նրանք եւս ապացուցել են, որ իրավունք ունեն համարվելու ամենաամուր եւ համերաշխ զույգերից մեկը: Ու թեեւ դերասաններն իրենց էությամբ շատ տարբեր են, արի ու տես, հաջող կերպով լրացնում են միմյանց: Վերջիններս  առաջին անգամ հանդիպել են Թատերական ինստիտուտում, եւ իրենց միջեւ կայծը միանգամից է բռնկվել: Այդ կայծը զույգն առ այսօր վառ է պահում: Ինչպես բոլոր ընտանիքներում, նրանց միջեւ եւս եղել են վեճեր, օրինակ՝ խանդով պայմանավորված:

«Խանդը մեր կյանքից, ընտանիքից  անպակաս չի եղել: Բոլոր տղամարդիկ խանդի լավ չափաբաժին ունեն իրենց ներսում: Տիգրանն ինչ-որ հարցերում նման է բոլորին, ինչ-որ հարցերում էլ տարբերվում է նրանցից, ու փառք Աստծո: Իր դրսեւորած խանդն այնքան է, որքան կնոջն անհրաժեշտ է»,-մի առիթով ասել է Նելլի Խերանյանը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԱՆԴՈՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

«Ինքնամեկուսացման առաջին իսկ օրերից ինքս ինձ համար աշխատանք եմ գտել՝ բարի գործ. «Հայ» ասոցիացիայի հետ միասին օգնում ենք  միայնակ տարեցներին: Նրանց մեկ ամսվա սնունդ ենք մատակարարում, որպեսզի տնից դուրս չգան եւ չվարակվեն կորոնավիրուսով: Հայտնի է, որ տարեցները խոցելի խմբում են, ուստի ամեն բան անում ենք, որ նրանք մնան տանը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Անդրանիկ Հարությունյանը:

 

Նա կոչ արեց, որ բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում անելիք չունեն, միանան իրենց կամ այլ խմբերի եւ օգտակար լինեն մեր ազգին. «Ինքս  վախենում եմ տնից դուրս գալ, բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ տարեցներին օգնել է պետք: Մյուսներն էլ թող մնան տանը, հոգ տանեն իրենց առողջության մասին: Եթե չլիներ այս ծրագիրը, ես էլ կմնայի տանը»,- ասաց դերասանը:

Նրա համոզմամբ՝ թեպետ մեր ժողովուրդը ինքնակազմակերպվող է, շատերն, ամեն դեպքում, չեն գիտակցում պահի լրջությունը. «Համոզված եմ՝ նրանք եւս ի վերջո կհասկանան, որ հարկավոր է տանը մնալ: Անկեղծ ասած՝ ինքս շատ եմ կարոտել իմ աշխատանքին, հանդիսատեսին, ես էլ եմ ուզում, որ ամեն բան հնարավորինս շուտ ավարտվի, եւ վերադառնամ իմ բնականոն կյանքին, բայց մինչ այդ համբերել է պետք»,-եզրափակեց Անդրանիկը:

Հիշեցնենք, որ կառավարության  որոշմամբ՝ մարտի 16-ից  մինչեւ ապրիլի 14-ը, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով, Հայաստանում հայտարարվել է  արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։ Ըստ որոշման՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ Ավինյանի գրասենյակն էլ ապահովելու է պարետատան աշխատանքների սպասարկումը։

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀՖՖ-ԻՆ

Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է COVID-19 կորոնավիրուսի պատճառով հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեւական ժամանակ է, ինչ աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ, ինչից տուժել են համաշխարհային բազում ոլորտներ, նույն թվում ֆուտբոլը։ Աշխարհի գրանդ ակումբներից մինչեւ Հայաստանի առաջնության մասնակից բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ են ապրում, եւ դա փաստ է։ Տվյալ պարագայում տարբեր երկրներ յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում ակումբներին ցնցումներից զերծ պահելու համար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ՀՖՖ-ի երկարատեւ լռությունը ստիպում է խոսել այս մասին։ Կարծում եմ, որ ՀՖՖ-ն ճգնաժամի նախօրեին պետք է մտածեր եւ վերլուծեր ծանր իրավիճակը, այլ ոչ թե առաջնությունը հետաձգելուց ժամեր առաջ պայմանագիր ստորագրեր իսպանացի Խոակին Կապարոսի հետ, որը ստանձնեց մեր ազգային հավաքականը։ Հիմա ՀՖՖ-ն պետք է առնվազն 6-7 ամիս մարզչին աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար, սրան գումարած՝ Խինես Մելենդես Անտոնիո Ֆլորես, Ռուբեն Լեսկանո, մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկեւիչը եւ նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող։ Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում եմ մարտի 15-ից սկսած մինչեւ իրավիճակի կարգավորումը վերոհիշյալ մասնագետների աշխատավարձը սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել մեր երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները՝ պատրաստ եմ հարցի լայնածավալ քննարկմանը, որին պետք է մասնակցություն ունենան ՀՖՖ ղեկավարությունը, գործադիր կոմիտեն եւ առաջնության մասնակից ակումբների ղեկավարները»,- իր պաշտոնական էջում գրել է Թովմաս Գրիգորյանը:

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական կայքը հայտարարել է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամանակացույցը: Օլիմպիական խաղերը, որոնք պետք է կայանային այս տարվա ամռանը , COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով նախորդ շաբաթ հետաձգվել էին մեկ տարով: ՄՕԿ-ը արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ տեղեկացրել, որ խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից օգօոստոսի 8-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են նաեւ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն ու Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որոնք նույնպես կկայանան մյուս տարվա ամռանը:

 

 

 

«ՍԻԹԻՆ» ԱՌԱՋԱՐԿԵԼ Է

Անգլիական «Մանչեստեր Սիթին» Ազգային առողջապահական ծառայությանը առաջարկել է իր տնային մարզադաշտը` «Էթիհադը» օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ընդունել է առաջարկը, եւ արդեն հաջորդ շավաթվանից մարզադաշտը կսկսի օգտագործել վարակի կանխարգելմանը նպաստելու համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 




Լրահոս