Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես եւ երբ է անցկացվելու հանրաքվեն, եւ ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։ Մասնավորապես, նախագծով ամրագրվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Եվ հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Բացի այդ, 5-րդ մասով սահմանվում են կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները: Մասնավորապես, վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից։ Բացի այդ, պատգամավորը ցանկանում է ամրագրել, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եվ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչեւ կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից: Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեի քարոզարշավը սկսվելու է այն կետից, որտեղ կանգ է առել, այլ ոչ թե ամենասկզբից, եւ սահմանված են նաեւ ժամկետները։ Եվ եթե հաշվի առնենք այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե մինչեւ մայիսի կեսը ամեն ինչ կավարտվի, ապա հանրաքվեն արդեն կանցկացվի ամռանը՝ թերեւս հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք աշխատում են գերծանրաբեռնված, ախտահանում են ՀՀ-ում առկա բոլոր ավտոկանգառները` մոտ 330-ը Երեւանում, նույն քանակի էլ տարբեր մարզերում: Նախարարը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ԱԻՆ-ի փրկարար ծառայության երկու աշխատակից վարակվել են վիրուսով, այժմ բուժվում են, իսկ իրենց շրջապատի մարդիկ մեկուսացվել են: «Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափոխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում»,- ասաց նախարարը: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են դեպքերը կանխելու համար:
2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից: Եվ, ահա, մարտի 20-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանին նշանակեցին ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ: Սակայն նկատենք, որ, գնդապետի անվան հետ կապված, տարիներ առաջ մամուլում աղմկահարույց հրապարակում է եղել: Մասնավորապես, «Նորաշեն 2007» ընկերության գործունեությունից տուժած մի խումբ բնակիչներ բաց նամակ էին հրապարակել, որտեղ նշել էին, թե 2011թ. փետրվարի 16-ին հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը շատ կարեւոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում էր կատարել ՀՀ ՊՆ, սակայն ՊՆ-ից նրան պատասխանեցին ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ: Դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա: «Նախաքննության ժամանակ նա հրաժարվեց, որ մենք ծանոթ ենք, այնինչ 2008-2010թթ. ընթացքում կատարել ենք մեկ տասնյակից ավելի գործարքներ: Կան բոլոր նոտարական պայմանագրերը»: «Ժողովուրդ» օրաթերթը այս նամակի եւ բանակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու հարցերի շուրջ փորձեց զրուցել գնդապետ Պողոսյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով նպատակահարմար չի գտնում խոսել, կհանդիպենք, եւ մեր բոլոր հարցերին կպատասխանի: Իսկ, ահա, բանակում քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու հարցին ի պատասխան՝ նշեց. «Համալիր միջոցառումներ են լինելու, եւ ոչ միայն մեր նախարարության մասշտաբով, տարբեր գերատեսչություններ առնչություն կունենան, պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք եւ կարողանանք դա կատարել»:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 135 հազար 909.6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամից բարձրացնել 135.9 դրամ: Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿՀ ներկայացրած հայտին, տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռ ժամանակ ունի այն քննարկելու. «Այսպես, թե այնպես, հանձնաժողովը 90 օր ժամանակ ունի այդ հայտը քննարկելու եւ պատասխան տալու համար։ Իսկ 90 օրը եթե ապրիլի մեկից հաշվենք, կստացվի հուլիսի 1-ը։ Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է սակագները որոշ չափով իջեցնել խոշոր սպառողների, ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։ Թեկուզ չնչին, բայց դա իջեցում է։ Գոնե տնտեսվարողները փոքր-ինչ կշահեն, գուցե նաեւ՝ չնչին, բայց հնարավոր է, որ ԱԳԼՃԿ-ներում նվազեն գները»։ Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ քննարկումների արդյունքում բնակչության համար ընկերության առաջարկած՝ գազի սակագնի բարձրացվող չափը կփոփոխվի։