Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, կարելի է ասել, աշխատանքային ֆորմատի փոփոխություն է տեղի ունեցել: Բանն այն է, որ օրվա մեջ երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները ախտահանում են Երեւանի եւ մարզերի ավտոկայանները, կանգառների տաղավարները:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը նախօրեին մասնակցել է կառավարության նիստին ու արդեն երեկվանից որոշել է իր աշխատանքներն իրականացնել տանից, քանի որ նախարարի տարիքը ռիսկային է, շփումներն աշխատակիցների հետ՝ վտանգավոր:
-Պարո՛ն Ցոլակյան, ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որը ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրականացնում է Ձեր ղեկավարած գերատեսչությունը:
-Գերծանրաբեռնված աշխատում ենք, ամբողջ համակարգը բերված է բարձր պատրաստականության, բոլոր մարզերում խմբեր են ստեղծված, որոնք պատրաստ են ամեն րոպե ե՛ւ ախտահանման, ե՛ւ մյուս բոլոր աշխատանքները կատարելու համար: Այն հատվածը, որը շփվում է հասարակության հետ, մարդկանց հետ, իրենց մենք բոլորին ապահովել ենք պաշտպանական այն միջոցներով, որն անհրաժեշտ է: Առաջին օրվանից, երբ սկսվել է ասենք տարհանում, կարանտին, մենք այդ ժամանակվանից սկսել ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատել, սերտ համագործակցել ենք: Մեր տրանսպորտային միջոցներով, մեր աշխատողների միջոցով այդ ամենը մենք կազմակերպել ենք՝ օդանավակայանից տեղափոխել ենք Ծաղկաձոր, Դիլիջան եւ այլն, մենք ենք այդ ամենի կեսն անում: Պլանները, որոնք այս ժամանակահատվածի համար կիրառում են, բոլորը, այդ ամենը մենք իրականացնում ենք: Մենք անում ենք ախտահանումներ ամբողջ հանրապետության ավտոկանգառներում, պետական հիմնարկների ախտահանումները, այսպես է կարգը. եթե դիմում է պետական հիմնարկը, ապա մենք դա իրականացնում ենք: Այսինքն՝ իրենք դիմում են մեզ ախտահանման համար, մենք դա իրականացնում ենք:
-Այսինքն՝ պետական կառույցների ախտահանումն անում եք այն դեպքում, երբ որ դիմո՞ւմ է լինում ձեր նախարարությանը. եթե չկա դիմում, ապա նման բան ձեր գերատեսչությունը չի՞ իրականացնի:
-Մեզ, օրինակ, կարող է դիմել մարզպետարանը, ասել, որ այսինչ հիմնարկում անհրաժեշտություն կա ախտահանման, մենք էլ դա իրականցնում ենք: Կամ կարող է մեզ դիմի ինչ-որ մի նախարարություն ու ասի, որ մեր այսինչ գրասենյակը կամ այսինչ տեղն անհրաժեշտ է, մենք այդ ժամանակ անում ենք: Այս օրերին ծանրաբեռնված աշխատում է նաեւ 911 ծառայությունը, նաեւ ուսուցում ենք կազմակերպել Առողջապահության նախարարության միջոցով, որպեսզի մերոնք, նաեւ կորոնավիրուսի հետ կապված, քաղաքացիների ուղղած հարցերին պատասխան տան: Ուսուցումից հետո մերոնք արդեն պատասխանում են այդ հարցերին, մոտավորապես 600-ից ավելի զանգ է եղել կորոնավիրուսի հետ կապված, որին պատասխանել են մեր աշխատակիցները:
-Իսկ ի՞նչ հարցեր են ուղղում բնակիչները Ձեր գերատեսչությանը՝ վիրուսի հետ կապված:
-Մարդիկ դիմում են վիրուսի հետ կապված, մեկը ջերմություն ունի, մեկը էս, մյուսը էն, մենք խորհուրդ ենք տալիս՝ ուր գնա, ինչ անի եւ այլն: Ուզում եմ նշել, որ ախտահանումները, որոնք մենք իրականացնում ենք Երեւանում, այդ նույն թվով իրականացրել ենք մարզերում. ընդհանուր թվով 660-ից ավել կանգառներ կար, որից 320-ը Երեւանում էր, իսկ մնացածը մարզերում էր: Մենք դա անում ենք ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան եւ երեկոյան, անձրեւների դեպքում մենք դա չենք անում, սպասում են, դրանից հետո ենք մեր աշխատանքներն իրականացնում: Հետո շատ կարեւոր է մեր անձնակազմի պաշտպանության հարցը: Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերրորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափորխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում:
-Ձեր նշած երկու դեպքերը ի՞նչ շրջանակից են վարակվել, արդյոք քաղաքացիների հետ աշխատանքի միջոցո՞վ է այն փոխանցվել:
-Չէ, կնոջից է փոխանցվել, կինն էլ արտադրամասի աշխատող է եղել, ինքը եկել է աշխատանքի չիմանալով, ինչի համար էլ վարակել է մեկ ուրիշին, մեր փրկարար ծառայության աշխատակիցներն են, մենք կանխարգելիչ բոլոր միջոռացումները ձեռնարկել ենք, արդեն դրա մասին խոսեցի: Վիճակները լավ է, բողոքներ առանձնապես չկան: Այն կառույցները, որոնք աշխատում են բնակչության հետ, նրանք ռիսկի գոտում են: Մենք նաեւ պատրաստ պետք է լինենք ՀՀ-ում տեղի ունենալիք արտակարգ իրավիճակներին, որոնց մենք անպայման արձագանքում ենք, դա մեր աշխատանքն է, մենք այն իրականացնում ենք:
-Պարո՛ն Ցոլակյան, Դուք ե՞ւս տանից եք աշխատում:
-Այո, երեկվանից արդեն տանից եմ աշխատում, կառավարության նիստի եմ եղել ու արդեն եկել տուն, հեռախոսով անընդհատ աշխատանքի մեջ եմ, տարիքս ռիսկային խմբում է, դրա համար տանից պետք է աշխատեմ: Կաբինետում էլ էլի հեռախոսով պետք է աշխատեի, դա անում եմ տանից: Անընդհատ կապի մեջ եմ, տեղյակ եմ այն իրավիճակից, ինչ կա, ամեն բան վերահսկվում է:
ԱՎԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՄՈԶԵԼ
Գաղտնիք չէ, որ հայրնեի խորհրդարանի իշխող խմբակցությունում կան անձինք, ովքեր տարբերվող տեսակետներ են արտահայտում այս կամ այն օրինագծերի հետ կապված: Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում, որին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ Ավինյանի կողմից խորհրդարան ուղարկած որպես գաղտնալսման նախագիծ հայտնի օրինագիծը բորբոքել է իմքայլականներին, երբ վերջիններս պարզել են, որ Ավինյանը ցանկանում է գաղտնալսել տարբեր հեռախոսազանգեր:
Ըստ մեր տեղեկությունների՝ Տիգրան Ավինյանը մոտ երկու ժամ խոսել է իմքայլական պատգամավորների հետ, պատասխանել է նրանց հարցերին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պարետը հայտարարել է, որ, նախագծի հետ կապված, իրենք երկար ուսումնասիրել են միջազգային փորձը ու պարզել, որ իսկապես կարող է մեծ օգնություն լինել արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի կանխարգելման հարցում: Իմքայլականներից շատերը ամեն կերպ պնդել են իրենց դիրքորոշումը, որ այն կարող է շատ վատ ընդունվել հանրության կողմից ու այս խառը իրավիճակում օգտագործվել իշխանությունների դեմ: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ավինյանը անդրդվելի է եղել ու հայտարարել է, թե նախագիծը պետք է ընդունել, որով կօգնեն կառավարությանը ավելի հստակ քայլեր ձեռնարկելու համար: Պարետ Ավինյանը պատգամավորներին հորդորել է իրեն առաջարկներ ներկայացնել, որ կներառվեն նախագծում, եւ իրենք խորհրդարանում նախագծին կողմ քվեարկեն: Բայց, կարծես թե, Ավինյանը չէր պլանավորել, որ խորհրդարանի ընդդիմության շնորհիվ կարող է իր օրենսդրական նախագիծը տապալվել, ինչն էլ եղավ:Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քվեարկության ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու հարցը: Նախ՝ քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԱԺ ԲՀԿ խմբակցությանը չմասնակցել քվեարկությանը, որպեսզի քվեարկությունը տապալվի, քանի որ իշխող խմբակցությունը անհրաժեշտ ձայները չէր էլ ապահովել:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց ընդդիմությանը կողմ քվեարկել` ցուցաբերելով միասնականություն: Սակայն քվեարկությամբ օրինագիծը մերժվեց, քանի որ այն ստացավ 65 կողմ ձայն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցի հետ կապված պատգամավորները թեւերի են բաժանվել, ու քվեարկողներն էլ դա անում էին միայն նրա համար, որ այն կառավարության առաջարկն էր, թիմին պահելու նկատառումներով։ Բայց, կարելի է ասել, իմքայլականների համար էլ այս քվեարկության տապալումը դրական է համարվել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Արցախում Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Սա բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսային վարակի տարածվածությունն աշխարհում։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, իսկ արդեն նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու։ Եվ երեկ նախնական արդյունքները վկայում էին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշվում են առաջին փուլում, եւ Արցախի նախագահ կդառնա Արայիկ Հարությունյանը։ Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին հաջորդում էր Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՐԱԿԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացությում է տվել Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին առաջադրելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ ապրիլի 14-ի ԱԺ լիագումար նիստում իշխանությունները մտադրություն ունեն առաջադրել նրա թեկնածությունը: Մենք տեղեկացանք, որ փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը պետք է ընտրի Գալստյանին, մինչեւ այս պահը խմբակցությունները կողմ են Գալստյանի՝ ԿԲ նախագահ ընտվելու առաջարկությանը:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, եւ արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել եւ ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ: Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ալկոգելեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին եւ պահանջել ընդունել եւ վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ եւ մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա: