Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ու երկրորդ փուլ անցան ԱՀ նախկին պետնախարար, վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը (36,076 ձայն կամ 49,2 տոկոս) և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19,360 ձայն կամ 26,4 տոկոս)։ Սակայն ընտրություններից հետո երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի աջակիցները հայտարարություններ էին տարածում՝ նաև ընտրությունների առաջին փուլն անվավեր ճանաչելու առնչությամբ, ինչը կարող է ընտրությունների երկորդ փուլում որոշակի լարվածություն առաջացնել։
ArmLur.am-ը Արցախի նախագահական ընտրությունների երկորդ փուլի հնարավոր հետաձգման և հետընտրական զարգացումների մասին զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։
«Ես կարծում եմ՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրդորդ փուլի հետաձգման պատճառ չկա, կամ իրավական որևէ խնդիր չկա»,-նշեց իմքայլական պատգամավորը։
Պատգամավորի կարծիքով ՝ Արցախում լարված հետընտրական զարգացումներ չեն լինի։
«Այն մարդիկ, ովքեր նման կանխատեսումներ ունեն, հնարավոր է, որ նաև նման ցանկություն ունեն, բայց ես վստահ կարող եմ ասել՝ Արցախում լարվածություն չի կարող լինել, քանի որ արցախցին հասկանում է սահմանային իրավիճակը, արյան գնով ձեռք բերված հողերի ռիսկայնությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Վերջինիս հավելմամբ՝ արցախցին սթափ գիտակցում է և երբեք թույլ չի տա ՝ չհամաձայնեցված կամ սխալ գործողություններ տեղի ունենան այնտեղ։
Լիդա Եղիազարյան