ՏԱՊԱԼՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՓՈԽԵՑԻՆ, ԱՆՑԿԱՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած մարտի 30-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն էր տրվում, սակայն արդեն երեկ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվեց։

Մասնավորապես, 65 կողմ ձայնը բավարար չէր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, բոյկոտեց։  Եվ արդեն քննադատված այս նախագծին ընդամենը երկու ձայն պակասեց ընդունվելու համար։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իրենց խմբակցության պատգամավորների բացակայությանը մի քանի պատճառաբանություն ներկայացրեց։ Նա նշեց, թե իրենց պատգամավորների մի մասն Արցախում է, մյուսը՝ ինքնամեկուսացման մեջ:

Եվ չնայած մարտի 30-ին ներկայացված եւ առաջին ընթերցմամբ նախագիծը լրամշակվել էր, սակայն քննարկումները կրկին թեժ էին։ Եվ թեպետ նախագծի հեղինակները պնդում էին, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքագրված տվյալները ոչնչացվելու են, եւ սա միջոց է կյանքեր փրկելու համար, միեւնույնն է, ընդդիմադիրները հակադարձում էին եւ ասում, որ սա խնդրին համաչափ լուծում չէ:

Եվ ուշագրավ է, որ երեկ եւս իշխանական խմբակցությունից նախագծի քվեարկությանը չմասնակցողներ կային։ Նրանց թիվը երեկ երեք էր՝ Աննա Կարապետյանը, Արտաշես Պետրոսյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Նկատենք, որ երեկ՝ քվեարկության տապալումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ափսոսանք հայտնեց նախագծի տապալման համար: Վարչապետի խոսքով՝ սահմանափակումների մասին նախագիծը քաղաքական ենթատեքստ չունի, եւ հայտարարեց՝ հիմա կառավարությունն այլ եղանակ է փնտրում այն նորից խորհրդարան բերելու համար:

Եվ, ահա, նրա հայտարարությունից րոպեներ հետո հայտնի դաձավ, որ խորհրդարանում կրկին արտահերթ նիստ է հրավիրվում՝ քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը քննարկելու համար։ Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին արտահերթ նիստին, իսկ, ահա, իշխանական խմբակցությունից նիստին մասնակցում էր 70 պատգամավոր, այսինքն՝ ավելին, քան պետք է նախագիծն անցկացնելու համար։

Եվ այսպես, ինչ փոփոխություններ են կատարվել. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հավաքվելու են տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմիններից տվյալներ պահանջելու եւ ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը, եւ սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո:

Առաջարկվող սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, այդ դրության ավարտից հետո որեւէ սահմանափակում չի գործելու: Որեւէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու եւ չի մշակվելու, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ միայն անձնավորված, այլ նաեւ ապանձնավորված տվյալները:

Փաթեթը որեւէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու է միայն զանգի կատարման եւ տեղակայման փաստը:

Այսպիսով, նախագիծը, ի վերջո, առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ ձայնով, իսկ արդեն 22։30 կազմակերպվեց նախագծի երկրորդ ընթերցումը: Սակայն հուսանք, որ «ժուչոկները» չեն դառնա գործիք եւ չեն օգտագործվի մարդկանց դեմ. ում ինչ անհրաժեշտ լինի, իմանան:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹՎԵՐՈՎ

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը` ըստ Երեւանի եւ մարզերի, ունի հետեւյալ պատկերը. 532 դեպքից միայն ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի եւ անձնագրում հաշվառված տվյալների մեջ եղել է անհամապատասխանություն: Նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ եւ հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից. Երեւան` 219;  Արագածոտն` 10;  Արարատ` 113; Արմավիր` 51; Լոռի` 4; Կոտայք` 88; Շիրակ` 6; Սյունիք` 8; Վայոց ձոր` 1; Տավուշ` 2։

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀՀ ԱԺ-ն ընդունել է կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ «Նախագծով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքերում պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում՝ կանխելով հերձման հետեւանքով վարակի հնարավոր տարածումը, ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնահերթությունից»,- ասել է նա։ Օրենքի նախագիծն ընդունվել է միաձայն` 69 կողմ ձայնով։ «Բարագավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում հրավիրված արտահերթ նիստին։

 

 

ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը նշանակվել էր երեկ՝ ժամը 17:00-ին: Նիստը չի կայացել, քանի որ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը դիմում է հասցեագրել դատարանին՝ խնդրելով հետաձգել այն: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Բաբլոյանն ու Բաբայանը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

 

 

ԴԻ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

ՀՀ արտկարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ երեկ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նրանք բացել են Մելսիկ Ս.-ի (ծնված 1939 թ.) բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Արիանա Կաոլիի մահվան կապակցությամբ:

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՀՔԾ-ն առաջիկայում նախաքննության ավարտ  հայտարարի  «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի դեմ հարուցված կաշառքի քրեական գործով: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանիավտոմեքենայով, իբր, գնելու նպատակով եւ գումարը մեքենայում է թողել: Նշենք, որ նախաքննական մարմինը չի բացառում, որ Լյովա Բաղդասարյանը հարցաքննության հրավիրվի Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը, սակայն դեռեւս նրան հարցաքննության չեն հրավիրել:

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը նախագիծ են ներկայացրել, որով ցանկանում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում։ Նրանք ցանկանում են ամրագրել, որ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը, իսկ հանձնաժողովի նիստերին ոլորտի մասնագետներ հրավիրելուց առաջ պետք է տեղեկացնի հանձնաժողովի անդամներին։ Նշենք, որ ներկայումս մշտական հանձնաժողովը կարող է որոշում  կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում։ Բացի այդ, նրանք առաջարկում են պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու նախագծի  վերաբերյալ կատարել առաջարկություն, ինչն իր հերթին բարձրացնում է  երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը:

 

 




Լրահոս