ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊՆ ԳՆԴԱՊԵՏՆ ՈՒ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱՄԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված անկառավարելի իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:  ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո ՊՆ-ում սկսեցին մտածել, թե ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետի պաշտոնում ում պետք է նշանակեն, եւ, ահա, այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը: Սակայն նկատենք, որ, գնդապետի անվան հետ կապված, տարիներ առաջ մամուլում աղմկահարույց հրապարակում է  եղել:

Ինչպես հայտնի է, ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսան Ալեքսանյանը, որը եւս բանակի դեպքերի պատճառով ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, ՊՆ- ում ներքին քննարկումների ժամանակ   կարծիք էր հնչել, որ այդ պաշտոնին պետք է նշանակեն ուժեղ զինվորականի, որ կարողանա  իրավիճակը կարգավորել եւ կոնկրետ քայլեր անել: Եվ, ահա, մեկ ամիս անց ՊՆ-ի ներսում  գտան ուժեղ զինվորականին, եւ ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ  նշանակվեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

Ինչպե՞ս որոշեցին

Վերջինիս նշանակման համար կարեւոր դերակատարություն է ունեցել այն հանգամանքը, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից:

Գնդապետն ու ՀՔԾ-ն 

Սակայն արձանագրենք, որ  2012 թվականին մամուլը աղմկահարույց նամակ հրապարակեց, որտեղ նշվում էր  գնդապետ Արթուր Պողոսյանի անունը։ Մասնավորապես. ««Նորաշեն 2007» ՍԿ առեղծվածային պատմությունը մինչ օրս խեղաթյուրված են ներկայացնում: Դրանք մարդիկ են, որոնք իրենց պաշտոնների շնորհիվ կարողանում են խեղաթյուրել իրականությունը: ՀՔԾ-ն ի զորու չեղավ մեղադրանք առաջադրել նրանց նկատմամբ, չնայած կային բավարար ապացույցներ: 2011թ. փետրվարի 16-ին հարուցված թիվ 16105311 քրգործի նախաքննության շրջանակներում ՀՔԾ պետ Անդրանիկ  Միրզոյանը շատ կարեւոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում էր կատարել ՀՀ ՊՆ, սակայն ՊՆ-ից նրան պատասխանեցին ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ: Դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա: Նախաքննության ժամանակ նա հրաժարվեց, որ մենք ծանոթ ենք, այնինչ 2008-2010թթ. ընթացքում կատարել ենք մեկ տասնյակից ավելի գործարքներ: Կան բոլոր նոտարական պայմանագրերը: Մեր ընկերությունը ապահովել է գրավը, իսկ Պողոսյանն ամսական 3-5 տոկոսադրույքով տարբեր չափի գումարներ է տրամադրել մեզ: Ես եւ մեր աշխատակից Վիգեն Ղանդիլյանը Պողոսյանի հրավերով գնացել ենք ՊՆ, որտեղ մեր անձնագրերով գրանցվել ենք անցակետում, եւ մեզ Պողոսյանի հանձնարարությամբ մի սպա ուղեկցեց նրա աշխատասենյակ… Պողոսյանը հրաժարվում է այս փաստից, ավելին` ՀՔԾ պետ Միրզոյանին խաբել են, թե, իբր, այցելել եմ առողջապահության վարչության գնդապետ Հովհաննիսյանին: Այդպիսով, Պողոսյանը քողարկել է իրական պատմությունը, որ չբացահայտվեն իր կատարած ծանր հանցագործությունները: Մինչ օրս տուժածի կարգավիճակում է 3 տասնյակից ավելի մարդ: Իր կեղծ ցուցմունքների միջոցով նա պայմաններ է ստեղծել, որ իր ծանոթ օլիգարխները` «ընդդիմադիր կուսակցությունից», իրենց մոտ գրավ դրված Նորաշեն 37 հասցեի շենքը իրենցով անեն: Պողոսյանը ՀՔԾ-ում ինձ, իմ գործընկերոջը եւ ՀՔԾ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին խոստացավ, որ եթե փոխենք իր դեմ գրված ցուցմունքը, ապա ինքը կվերադարձնի Նորաշեն 37 հասցեի 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բազմաբնակարան շենքը: Կատարեցինք նրա խնդրանքը, սակայն Պողոսյանը մեր կողմից տրված գրավները (Գ. Չաուշի 14/3 շենքից բնակարաններ, Նորաշեն-37 հասցեի շենք, բնակարաններ Երեւանում, թանկարժեք մեքենաներ եւ այլն) գրանցել է սեփականության իրավունքով իր տղայի, իր վարորդի եւ իր բարեկամ Վիտալի Մանուչարյանի (ՊՆ-ի բարձրաստիճան սպա է) անուններով: Մանուչարյանը ՀՔԾ-ում եւ դատարանում տվեց ակնհայտ կեղծ ցուցմունքներ: Խարդախության գործընթացը շարունակվում է: Իր իսկ ժողովրդին եւ ղեկավարությանը հանուն փողի, հանուն հարստության խաբող մարդուն վստահել նման պատասխանատու եւ բարձր պաշտոն, շատ վտանգավոր է… Մեծարգո՛ ղեկավարներ, եթե մի մարդ խարդախությամբ գումար վաստակելու նպատակով օգտագործում է երկրի ՊՆ-ի կնիքը, ապա գնահատականը տվե՛ք ինքներդ: Պատրաստ եմ ներկայացնել նշված անօրինականություններին վերաբերվող սպառիչ ապացուցողական փաստաթղթեր (նոտարական վավերացմամբ): Կանխավ շնորհակալություն»:

Ի՞նչ պետք է անի գնդապետը

Այսպիսով,  «Ժողովուրդ»  օրաթերթը դեռեւս տարիներ առաջ մամուլում հրապարակված նամակի, ինչպես նաեւ բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը  վերականգնելու հարցերի շուրջ  փորձեց զրուցել Արթուր Պողոսյանի հետ:

– Պարո՛ն Պողոսյան, ՊՆ-ն մեկ ամիս ուժեղ զինվորական էր փնտրում, եւ, ահա, Ձեզ համարեցին ուժեղ զինվորական եւ նշանակեցին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ: Կոնկրետ կասե՞ք՝ ինչ եք անելու բանակում քրեական ենթամշակույթը վերացնելու, զինվորների բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու համար:

-Բջջային հեռախոսակապով  պետք չէ այդ մասին մանրամասն  խոսել, բայց դրանք համալիր միջոցառումներ են լինելու, եւ ոչ միայն  մեր նախարարության  մասշտաբով, տարբեր գերատեսչություններ առնչություն կունենան, պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք եւ կարողանանք  դա կատարել: Հիմնական շեշտադրումը կատարվելու  է ինտելեկտի, կրթության, ուսուցման վրա, իսկ մնացածը կհանդիպենք, կխոսենք:

-Ըստ Ձեզ՝ պաշտոնից անձին ազատելով՝ մենք կարողանո՞ւմ են բանակում խնդիր լուծել. նմանօրինակ դեպքերից  հետո  շատ ազատումներ են եղել, բայց իրավիճակը չի փոխվել:

-Եթե դեպքերը լինում են, պետք է ազատումներ լինեն, փոփոխություներ լինեն, բա առանց փոփոխություններ ինչպե՞ս եք պատկերացնում: Առանց փոփոխությունների դինամիկա, դիալեկտիկա չի կարող լինել: Ես արդեն ամեն ինչ ասեցի. երբ կհանդիպենք,  ես Ձեր բոլոր հարցերին մանրամասն կպատասխանեմ:

 

 

 

 

 

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ 8 ՊԵՏԵՐԸ

Պաշտպանության նախարարության 9 պաշտոնատար անձ՝  ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը, հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության պետը, կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետը, զորամասի ֆինանսական ծառայության պետը, զորամասի հրամանատարը, հրամանատարի տեղակալը, զորամասի բաժանմունքի պետ-շտաբի պետի տեղակալը   հայտնվել են մեղադրյալի աթոռին:  Իսկ ի՞նչ են արել նրանք:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2017 թվականից մինչեւ 2018թ դեկտեմբերի 18-ը  լինելով  ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին «Սինխրոն» ՍՊԸ-ից վերանորոգումից հետո ստացել է զորամասի կաթսայատան երկու հատ 3Կ-Չ տեսակի պոմպ եւ երեք հատ 15 կվտ-ոց շարժիչ եւ պարտավոր լինելով դրանք տեղափոխել զորամաս եւ տեղադրել կաթսայատանը՝ օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է իրեն վստահված խոշոր չափերի ընդհանուր 708480 դրամ արժողությամբ երկու հատ պոմպը եւ երեք հատ էլեկտրական շարժիչը: Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, .2018 թվականից մինչեւ 2019 թվականի  օգոստոսի 9-ը հանդիսացել է նույն զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության պետ, ըստ նածաքննական մարմնի  խմբային շահերից ելնելով՝ շինանյութերը ստանալու համար Հրաչ Խանոյանի եւ Արամ Ղազարյանի կողմից վերցված լիազազորագրերով ստանձնած գործարքները կատարած համարելու նպատակով Հրաչ Խանոյանի կողմից ներկայացված թիվ 45 կեղծ ելքի ապրանքագիրը հաստատել է իր ստորագրությամբ Գագիկ Գուլինյանին մեղադրանք է առաջադրվել, որ  նա, լինելով նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, թույլատրել է առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման զորամասի պահեստից դուրս բերել զինվորական մահճակալների մետաղյա անկյունակներ Արթուր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով 1 զորամասի ֆինանսական ծառայության պետ, կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մուտքի օրդերներ, իր ստորագրությամբ հաստատել է կազմված կեղծ մուտքի օրդերները Սարգիս Տարախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով զորամասի հրամանատար, պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին զեկուցել ըստ վերադասության, դրսեւորել է անգործություն, չի հայտնել իրավապահ մարմիններին: Նորայր Խոյլունցին մեղադրանք է առաջադրվել, որ նա,  լինելով  նույն զորամասի հրամանատարի տեղակալ, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց ուսումնասիրելու ստորագության համար իրեն ներկայացված հետին ամսաթվով կազմված կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 40 մուտքի օրդերը իր ստորագրությամբ հաստատել է: Արա Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  լինելով զորամասի բաժանմունքի պետ-շտաբի պետի տեղակալ, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ:

Սեյրան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է  զորամասի զորամասի կոմունալ ծառայության պետ Հրաչ Խանոյանին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու զգալի չափերով՝ ընդհանուր 785664 դրամ արժողությամբ տախտակ: Ստացվում է, որ զորամասում պետերի գլխավորությամբ «բանդա» է գործել, որոնք տարբեր գործողություններ են իրականացրել, սակայն ամենաուշագրավն այն է, որ զորամասի հրամանատար Սարգիս Տարախչյանը, լինելով զորամասի հրամանատար, պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին զեկուցել ըստ վերադասության, դրսեւորել է անգործություն, չի հայտնել իրավապահ մարմիններին: Ահա թե ինչ դրսեւորումներն են նոր հանցանք ծնում: Գործով կալանավորված է միայն Հրաչ Խանոյանը, իսկ, ահա, մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 




Լրահոս